ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը
Նախադպրոցական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության զարգացման 2001-2005թթ. պետական ծրագիր» Հայաստանի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից, այլ օրենքներից, նորմատիվ-իրավական ակտերից եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
նախադպրոցական կրթություն` տարրական ընդհանուր կրթությանը նախորդող, հանրակրթական ծրագրով իրականացվող կրթություն.
նախադպրոցական տարիք` երեխայի 0-ից մինչեւ 6 տարեկան հասակը.
նախադպրոցական ուսումնական հաստատություն` կազմակերպություն, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրեր.
մսուր-մանկապարտեզ` նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն` նախատեսված երկու ամսականից մինչեւ վեց տարեկան երեխաների համար.
մանկապարտեզ` նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն` նախատեսված 3-6 տարեկան երեխաների համար.
նախակրթարան` նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն նախատեսված 5-6 տարեկան երեխաների համար.
համալիր մանկապարտեզ, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների մի քանի տեսակներ կամ խմբեր.
նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ` համատեղ ուսումնադաստիարակչական գործընթացում ընդգրկված նախադպրոցական հաստատության սաների խումբ.
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք` ֆիզիկական, մտավոր եւ (կամ) հոգեկան զարգացման շեղումներ ունեցող անձինք.
ատեստավորում` ուսումնական հաստատության գործունեության գնահատում` պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան.
պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների (սաների) ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը եւ սովորողներին (սաներին) ներկայացվող որակական պահանջները:
Հոդված 3. Նախադպրոցական կրթությունը
1. Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետության շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է:
2. Նախադպրոցական կրթությունն ամբողջական գործընթաց է, որն ուղղված է`
ա) հակումներին, ընդունակություններին, անհատական, հոգեկան եւ ֆիզիկական առանձնահատկություններին, մշակութային պահանջմունքներին համապատասխան նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը.
բ) նախադպրոցական տարիքի երեխայի մոտ բարոյական տարրական նորմերի ձեւավորմանը:
3. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ ընտանիքում նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ:
Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների ցանկությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ`
ա) նախադպրոցական ուսումնական հասատատություններում,
բ) ընտանիքում,
գ) անհատական մանկավարժական գործունեության միջոցով:
Հոդված 4. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրները
Նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրներն են`
ա) օրենքով սահմանված դեպքում անվճար, մատչելի, իսկ կամավորության սկզբունքներով նաեւ վճարովի նախադպրոցական կրթություն ստանալու երեխայի իրավունքների սահմանումը.
բ) նախադպրոցական կրթության համակարգի գործունեության եւ զարգացման անհրաժեշտ պայմանների ապահովումը.
գ) նախադպրոցական կրթության բովանդակության չափորոշչային սահմանումը.
դ) նախադպրոցական կրթության կառավարման մարմինների եւ նրանց լիազորությունների սահմանումը.
ե) ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի մասնակիցների իրավունքների եւ պարտականությունների սահմանումը.
զ) նախադպրոցական կրթության ոլորտում պատասխանատվության սահմանումը.
է) նախադպրոցական կրթության ոլորտում բարեգործության, նպատակային ֆինանսական աջակցության համար պայմանների ապահովումը:
Հոդված 5. Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականությունը
1. Հայաստանի Հանրապետությունը աջակցում է նախադպրոցական կրթության զարգացմանը` ապահովելովպատշաճ պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար:
2. Պետությունը՝
ա) երեխայի զարգացման, դաստիարակության եւ ուսուցման հարցերում ընտանիքին ցուցաբերում է բազմակողմանի օգնություն,
բ) նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի եւ ծավալի նկատմամբ պետական պահանջների (պետական կրթական չափորոշիչների) շրջանակներում ապահովում է մատչելի, իսկ 5-6 տարեկանների համար անվճար նախադպրոցական կրթություն պետական եւ համայնքային ուսումնական հաստատություններում,
գ) ապահովում է երեխայի կյանքի, առողջության պահպանման եւ ամրապնդման, ներդաշնակ ու համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության, ինչպես նաեւ ֆիզիկական եւ հոգեկան զարգացման շեղումների շտկման աշխատանքների իրականացումը:
Հոդված 6. Նախադպրոցական տարիքը
1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական կայացման ժամանակաշրջանն է` 0-ից մինչեւ 6 տարեկան հասակը:
2. Նախադպրոցական տարիքային փուլերն են`
ա) վաղ տարիք` 0-3 տարեկան,
բ) կրտսեր նախադպրոցական` 3-5 տարեկան,
գ) ավագ նախադպրոցական` 5-6 տարեկան:
Հոդված 7. Նախադպրոցական կրթության համակարգը
Նախադպրոցական կրթության համակարգը ներառում է`
ա) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը.
բ) նախադպրոցական ուսումնական հաստատությունները, անկախ ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից, ինչպես նաեւ այն հանրակրթական ուսումնական հաստատությունները (կրթահամալիրները), որոնք իրականացնում են նաեւ նախադպրոցական ծրագրեր.
գ) նախադպրոցական կրթության կառավարման մարմինները, դրանց ենթակայության տակ գտնվող համապատասխան ուսումնամեթոդական հաստատություններն ու կազմակերպությունները.
դ) ընտանիքը:
Հոդված 8. Նախադպրոցական կրթության սկզբունքները
Նախադպրոցական կրթության սկզբունքներն են`
ա) յուրաքանչյուր քաղաքացու համար նախադպրոցական կրթության համակարգի կողմից իրականացվող կրթական ծառայությունների մատչելիությունը.
բ) յուրաքանչյուր երեխայի բազմակողմանի զարգացման, ունակությունների, հակումների, կարողությունների, ընդունակությունների, ձիրքերի դրսեւորման համար պայմանների հավասարությունը.
գ) գենդերային, միասնական մոտեցման ապահովումը երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ առողջարարական, վերականգնողական խնդիրներին.
դ) ընտանիքի եւ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնա- դաստիարակչական աշխատանքների համադասվածությունը.
ե) նախադպրոցական եւ տարրական ընդհանուր կրթության հաջորդայնությունն ու շարունակականությունը.
զ) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը.
է) երեխայի անձնային զարգացման նպատակով անհատական մոտեցման ապահովումը.
ը) մանկավարժական գործընթացի ժողովրդավարացումն ու մարդասիրությունը.
թ) նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի եւ ծավալի համապատասխանությունը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման առանձնահատկություններին եւ առողջական վիճակին:
ժ) ազգային փոքրամասնություններին պատկանող քաղաքացիների երեխաների կրթության իրականացում նախադպրոցական կրթության հաստատություններում` համաձայն «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
Հոդված 9. Նախադպրոցական կրթության խնդիրները
Նախադպրոցական կրթության խնդիրներն են`
ա) երեխայի ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, խնամքը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը.
բ) նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, մայրենի լեզվով հաղորդակցվելու եւ հաշվելու տարրական կարողությունների զարգացումը.
գ) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության եւ բնապահպանության, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային տարրական հմտությունների եւ կարողությունների ձեւավորումը.
դ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը.
ե) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձեւավորումը, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի եւ շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքի արմատավորումը.
զ) երեխայի անհատականության ձեւավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը, հասարակական փորձի ձեռքբերումը.
է) նախադպրոցական կրթական չափորոշիչներին համապատասխան հասարակական միջավայրի հարմարման եւ կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը.
ը) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը:
Հոդված 10. Ընտանիքի դերը նախադպրոցական կրթության ոլորտում
1. Ընտանիքը օժանդակում է նախադպրոցական եւ այլ ուսումնական հաստատություններում երեխայի ուսումնառությանը եւ ապահովում է նախադպրոցական կրթությունն ընտանիքում:
2. Երեխայի հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություն ընտանիքին չի ազատում նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու եւ կրթելու պարտավորությունից:
3. Ծնողները (այլ օրինական ներկայացուցիչները) հասարակության եւ պետության առջեւ պատասխանատվություն են կրում երեխայի զարգացման, դաստիարակության եւ ուսուցման, ինչպես նաեւ նրանց կյանքի, առողջության եւ արժանապատվության պաշպանության համար:
ԳԼՈՒԽ 2
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՏԻՊԵՐԸ, ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 11. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը եւ նրա լիազորությունները
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը`
ա) բավարարում է նախադպրոցական կրթություն ստանալու` քաղաքացիների պահանջմունքները.
բ) ապահովում է նախադպրոցական կրթության մակարդակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին.
գ) երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ առողջության ամրապնդման համար ապահովում է սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան պայմաններ.
դ) երեխաների մեջ ձեւավորում է անձնական հիգիենայի, առողջ կենսակերպի եւ անվտանգ վարքագծի կանոններ.
ե) իրականացնում է սոցիալ-հոգեբանական աջակցություն, ծնողների շրջանում տարածում հոգեբանական եւ մանկավարժական գիտելիքներ, ընտանիքի հետ համագործակցություն.
զ) իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության (անկախ սեփականության ձեւից) գործունեության հիմքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող լիցենզիան է:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմը, երեխաներին պահելու տեւողությունը, անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից, սահմանում է նրա հիմնադիրը (սեփականատերը)` կրթության եւ առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինների իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) ցանկությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում կարող է սահմանվել աշխատանքի ռեժիմի ճկուն համակարգ:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել մանկավարժական նորարարական/այլընտրանքային ծրագիր, իրականացնել փորձարարական գործունեություն: Նման գործունեության կարգավիճակ նախադպրոցական ուսումնական հաստատությանը տրվում է կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից: Փորձարարական գործունեության թույլտվությունը նախադպրոցական ուսումնական հաստատությանը տրվում է անկախ նրա ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից:
Հոդված 12. Նախադպրոցական ուսումնական հաստատության տիպերը
1. Հայաստանի Հանրապետությունում կարող են ստեղծվել հետեւյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունները.
ա) մսուր-մանկապարտեզ` նախատեսված երկու ամսականից մինչեւ վեց տարեկան երեխաների խնամքի, զարգացման, դաստիարակության եւ ուսուցման համար.
բ) մանկապարտեզ` նախատեսված երեք տարեկանից մինչեւ վեց տարեկան երեխաների զարգացման, դաստիարակության եւ ուսուցման համար.
գ) նախակրթարան` նախատեսված հինգ տարեկանից մինչեւ վեց տարեկան երեխաների համար.
դ) համալիր մանկապարտեզ, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների մի քանի տեսակներ կամ խմբեր:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է ներառվել կրթահամալիրի կազմում:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց նախադպրոցական կրթությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:
Հոդված 13. Նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի համալրումը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների խմբերի համալրումը, որպես կանոն, իրականացվում է տարիքային, ընտանեկան եւ ազգակցական հատկանիշներով:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի համալրումն իրականացվում է պետական կառավարման համապատասխան մարմնի սահմանած կարգով:
3. Հիմնադիրը (հիմնադիրները) կարող են սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի առավել նվազ համալրվածություն:
Հոդված 14. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը
1.Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել համայնքային, գերատեսչական ենթակայության եւ սեփականության մասնավոր ձեւի:
2. Համայնքային եւ գերատեսչական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առեւտրային կազմակերպություններ են:
3. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:
Հոդված 15. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 16. Նախադպրոցական կրթության համակարգի կառավարման մարմինները
Նախադպրոցական կրթության համակարգի կառավարումն իրականացնում են`
ա) կրթության պետական կառավարման լիազորված մարմինը,
բ) տարածքային պետական կառավարման մարմինները,
գ) տեղական ինքնակառավարման մարմինները,
դ) հիմնադիրները:
Հոդված 17. Նախադպրոցական կրթության համակարգի կառավարման մարմինների հիմնական խնդիրները
Նախադպրոցական կրթության համակարգի կառավարման մարմինների հիմնական խնդիրներն են.
ա) երեխաների նախադպրոցական կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
բ) քաղաքացիների կրթական պահանջմունքներին համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունների կամ դրանց ցանցի զարգացման ապահովումը` անկախ դրանց տիպերից եւ սեփականության ձեւից.
գ) նախադպրոցական ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձեւից)` կրթական ծառայություններ մատուցելու իրավունքի լիցենզավորումը.
դ) նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցների իրավունքների պաշպանությունը, նրանց կյանքի, անվտանգության եւ առողջության պահպանումը.
ե) նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների պահանջների եւ ուսումնամեթոդական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
զ) նախադպրոցական կրթության գիտամեթոդական ապահովման կազմակերպումը, գիտության նվաճումների, առաջավոր փորձի, նորագույն մանկավարժական տեխնոլոգիաների ներդրումը.
է) փորձարարական եւ նորարարական գործունեության կազմակերպումը.
ը) նախադպրոցական կրթության համակարգը մանկավարժական կադրերով ապահովելը, նրանց վերապատրաստմանը, որակավորման բարձրացմանը եւ ատեստավորմանն աջակցելը:
Հոդված 18. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության ոլորտում
1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականությունը.
բ) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է նախադպրոցական կրթության համակարգի հարաբերությունների նորմատիվ-իրավական կարգավորումը.
գ) մշակում եւ հաստատում է երեխաների ֆինանսական եւ նյութական ապահովման, ինչպես նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները.
դ) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները.
ե) մշակում, ներդնում է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչները եւ վերահսկում դրանց պահանջների կատարումը.
զ) կազմակերպում է նախադպրոցական կրթության նորմատիվ, գիտական, ծրագրամեթոդական, կադրային եւ տեղեկատվական ապահովումը.
է) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի մանկավարժ աշխատակիցների ատեստավորման կարգը.
ը) ընդունում է որոշումներ նախադպրոցական կրթության համակարգի նորարարական գործունեության կազմակերպման վերաբերյալ, համակարգում եւ վերահսկում է դրանց իրականացումը.
թ) հաստատում է ուսումնադիդակտիկ պարագաների, ծրագրամեթոդական, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական գրականության տիպային ցանկերը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթության համակարգում իրականացնում է միջազգային համագործակցություն:
2. Իր լիազորությունների սահմաններում կրթության ոլորտի լիազորված պետական մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Հոդված 19. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները նախադպրոցական կրթության ոլորտում
Տեղական ինքնակառավարման մարմինները`
ա) ապահովում են համապատասխան տարածքում նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը.
բ) վարում են նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառում.
գ) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին.
դ) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.
ե) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը եւ պաշտոնից ազատումը` համաձայն գործող կարգերի.
զ) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական եւ նորարարական գործունեության իրականացումը.
է) ապահովում են նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների իրականացումը.
ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 20. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումը
Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)` սույն օրենքին, այլ իրավական ակտերին եւ հաստատության կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 21. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական հսկողությունը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական հսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացվում է կրթության բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 22. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը
1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացվածության, դաստիարակության աստիճանը սահմանող, համապատասխան նորմեր եւ դրույթներ պարունակող պետական նորմատիվ է:
2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ապահովումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է:
3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
4. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ծրագրամեթոդական ապահովումը իրականացվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից:
Հոդված 23. Նախադպրոցական կրթությանը եւ նրա իրականացմանը ներկայացվող պահանջները
1. Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով:
2. Նախադպրոցական կրթությունն իրականացվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից հաստատած պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ծրագրերով:
3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականացվում է ծնողների (նրանց ներկայացուցիչների) համաձայնությամբ:
ԳԼՈՒԽ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 24. Նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումը
Նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումն իրականացնում են`
ա) կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը, նրան ենթակա գիտամեթոդական հաստատությունները, բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունները.
բ) հետբուհական մանկավարժական կրթության ուսումնական հաստատությունները.
գ) կրթության պետական կառավարման բնագավառի ենթակայության գիտամեթոդական հաստատությունները:
ԳԼՈՒԽ 6
ՈւՍՈւՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՈԼՈՐՏՈւՄ
Հոդված 25. Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները
Նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են.
ա) նախադպրոցական տարիքի երեխաները (սաները).
բ) նախադպրոցական կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները.
գ) տնօրենները, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տնօրենների տեղակալները, դաստիարակ-մեթոդիստները, դաստիարակները, ավագ դաստիարակները, ուսուցիչները, լոգոպեդ-ուսուցիչները, հոգեբանները, սոցիալական մանկավարժները, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչները, երաժշտական ղեկավարները, օղակների, ստուդիաների, խմբակների ղեկավարները եւ այլ մասնագետներ.
դ) մսուրներում եւ մսուր-մանկապարտեզներում դաստիարակների օգնականները եւ դայակները.
ե) բուժաշխատողները.
զ) ծնողները եւ նրանց ներկայացուցիչները.
է) նախադպրոցական կրթության ոլորտում համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք:
Հոդված 26. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում
Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`
ա) նախադպրոցական կրթություն ստանալու պետական, համայնքային եւ սեփականության մասնավոր ձեւի ուսումնական հաստատություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության եւ ուսուցման անվտանգ ու առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ.
բ) առողջությանը, մտավոր եւ հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից եւ քարոզչությունից պաշտպանվածության.
գ) բժշկական օգնության եւ սպասարկման.
դ) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից եւ ազդեցությունից, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության:
Հոդված 27. Աշխատանքային հարաբերությունները նախադպրոցական կրթության ոլորտում
Նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 28. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների ատեստավորումը
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների (այդ թվում` ղեկավարների) ատեստավորումը պարտադիր է եւ իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան, ոչ պակաս, քան հինգ տարին մեկ:
Հոդված 29. Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում
1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով անընդհատ բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում են տվյալ ուսումնական հաստատության հաստիքային բուժաշխատողները:
3. Հսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատությունում բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը:
Հոդված 30. Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպում եւ դրա համար պատասխանատվություն են կրում հիմնադիրները եւ ուսումնական հաստատությունների տնօրենները` սահմանված նորմատիվներին համապատասխան:
Հոդված 31. Ծնողների կամ նրանց ներկայացուցիչների իրավունքները եւ պարտականությունները
1. Ծնողները կամ նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն.
ա) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը եւ երեխայի կրթություն ստանալու ձեւը.
բ) երեխաների զարգացման, դաստիարակության եւ ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման բնագավառի համապատասխան մարմիններ.
գ) համապատասխան պետական մարմիններում պաշտպանելու իրենց երեխաների օրինական շահերը:
2. Ծնողները կամ նրանց ներկայացուցիչները պարտավոր են`
ա) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, սեփական ժողովրդի ազգային, պատմական, մշակութային արժեքների նկատմամբ.
բ) ապահովել անհրաժեշտ պայմաններ նախադպրոցական տարիքի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու համար.
գ) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների եւ ընդունակությունների զարգացման համար.
դ) հարգել երեխայի արժանապատվությունը.
ե) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, հարգալից վերաբերմունք ավագների, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների եւ սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:
ԳԼՈՒԽ 7
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈՒԹՅՈւՆԸ ԵՎ ՆՅՈւԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ
Հոդված 32. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է ՀՀ օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են`
ա) հիմնադիրների (սեփականատերերի) հատկացումները.
բ) ծնողների կամ նրանց ներկայացուցիչների վճարումները, ֆիզիկական, ինչպես նաեւ իրավաբանական անձանց ներդրումները, կամավոր հանգանակությունները եւ նվիրատվությունները.
գ) միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումները.
դ) լրացուցիչ վճարովի կրթական եւ մարզաառողջարարական ծառայություններից ստացված միջոցները.
ե) զարգացման շեղումներով երեխաների համար հոգեբանական, շտկողական ծառայությունների կազմակերպման փոխհատուցումները.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:
Հոդված 33. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կազմավորումն ու զարգացումն իրականացվում է հիմնադրի (սեփականատիրոջ) միջոցների հաշվին:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ եւ այլն:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգերով:
Հոդված 34. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները
1. Համայնքային եւ գերատեսչական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակները հաստատում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը՝ ֆինանսների կառավարման բնագավառի լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
2. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները սահմանում են սեփականատերերը (հիմնադիրները)՝ կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից հաստատած նորմատիվների հիման վրա:
3. Համայնքային եւ գերատեսչական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից:
ԳԼՈՒԽ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 35. Անցումային դրույթներ
1. Հոդված 5-ի 2-րդ մասի «բ» կետի պահանջը` 5-6 տարեկանների վերաբերյալ ուժի մեջ է մտնում 2006 թվականի սեպտեմբերի 1-ից:
2. Հոդված 34-ի 3-րդ մասի պահանջը ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 36. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: