Հոդված 1.
Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1.Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ապահովում է բոլորի համար հավասար նախադպրոցական կրթության իրավունքի իրացումը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, նախադպրոցական կրթության հասանելիությունը եւ մատչելիությունը:
Հոդված 2. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը
1.Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Ընտանեկան, Աշխատանքային օրենսգրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) Նախադպրոցական կրթություն՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ խնամքի գործընթաց, որը նպատակաուղղված է երեխայի՝ անհատական տարիքային ներուժի բացահայտմանը, անձնային հատկությունների ներդաշնակ զարգացմանն ու մարդասիրության դաստիարակությանը, աշխարհաճանաչման ինքնուրույնության եւ ինքնաճանաչման փորձի, կյանքի հմտությունների ձեռքբերմանը, տարրական կրթություն սահուն անցման ապահովմանը:
2) Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների՝ ըստ տարիքային խմբերի՝ զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող որակական պահանջները, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ինչպես նաեւ այդ տարիքի երեխաների կրթության կազմակերպման պայմանների ապահովումը, որի արդյունքում երեխան կկարողանա առավելագույնս յուրացնել նախադպրոցական կրթական ծրագիրը եւ հասնել կրթության միջոցով ապահովվող արդյունքին:
3) Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիր` նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, արժեհամակարգային մոտեցումների, կրթության կազմակերպման ձեւերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների եւ ըստ տարիքային խմբերի` երեխաների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների, զարգացման բոլոր ոլորտներին եւ ուղղություններին համապատասխան ակնկալվող արդյունքների ամբողջություն, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքները:
4) Նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման եւ դաստիարակության կազմակերպման ձեւերի, միջոցների եւ մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքները:
5) Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված եւ ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից:
6) Նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր:
7) Նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր, որի նպատակն է՝ ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը եւ ներդրումը:
8) Նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը:
9) Փորձաքննություն` կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին մեթոդաբանության համապատասխանության գնահատման գործընթաց:
10) Նախադպրոցական տարիք` երեխայի 0- 6 տարեկան հասակը:
11) Նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ` երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձեւավորված խումբ:
12) Նախադպրոցական ուսումնական հաստատության տարատարիք երեխաների խումբ` նախադպրոցական տարբեր տարիքի երեխաների համակազմով ձեւավորված խումբ, որտեղ իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական եւ զարգացման ծրագրեր:
13) Նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ այլ ուսումնական հաստատության ստորաբաժանում, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագիր, այդ թվում՝ այլընտրանքային, եւ ապահովում է նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման, խնամքի ու հսկողության, դաստիարակության, ինչպես նաեւ, առողջության պահպանման ու ամրապնդման համար անհրաժեշտ միջավայր, մասնագիտացված աշխատակազմ, մեթոդական եւ նյութատեխնիկական բազա:
14) Մանկապարտեզ` նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն:
15) Նախակրթարան՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ հանրակրթական ուսումնական հաստատության ստորաբաժանում, որն իրականացնում է պետական, այլընտրանքային կամ հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի սաների համար:
16) Զարգացման կենտրոն (մանկական կենտրոն)՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որտեղ իրականացվում են նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման, ուսուցման, դաստիարակության եւ խնամքի գործառույթներ՝ հիմնական, այլընտրանքային կամ հեղինակային ծրագրերին համապատասխան:
17) Նախադպրոցական կրթության ծախսարդյունավետ այլընտրանքային մոդել՝ նախադպրոցական կրթության կազմակերպման ձեւ, որն իրականացվում է նախադպրոցական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում:
18) Կրթության առանձնահատուկ պայմաններ` յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված զարգացման եւ ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաների, միջավայրի, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական, սոցիալական եւ այլ ծառայությունների ամբողջություն:
19) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ ում նախադպրոցական կրթության եւ զարգացման համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ:
20) Ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի կարիքին եւ առանձնահատկություններին համապատասխան, մատչելի միջավայրի եւ խելամիտ հարմարեցումների ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության եւ նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքի ապահովում:
21) Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական եւ մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին եւ մանկավարժական աշխատողներին:
22) Երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ երեխայի նախադպրոցական կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում եւ կրթության եւ զարգացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների սահմանում:
23) Անհատական ուսուցման եւ զարգացման պլան` նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի եւ երեխայի կարիքի եւ առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման եւ դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները եւ դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում նաեւ՝աջակցող ծառայությունները):
24) Երեխաների խնամք՝ համալիր միջոցառումներ` ուղղված սննդի կազմակերպմանը, տնտեսական-կենցաղային սպասարկմանը, օրվա ընթացքում երեխաների ռեժիմի եւ անձնական հիգիենայի ապահովմանը:
25) Ուսուցման, դաստիարակության եւ զարգացման միջոցներ զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային եւ երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր եւ էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր:
26) Մանկավարժական աշխատող` երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում` լրացուցիչ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաեւ զարգացման, ուսուցման, եւ դաստիարակության մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձեւավորմանը նպաստող եւ (կամ) դրանք ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից:
27) Մանկավարժական աշխատողի վերապատրաստում` վերապատրաստող կազմակերպություններում մանկավարժական աշխատողի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին եւ ծրագրերին համապատասխան` մասնագիտական գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների կատարելագործման գործընթաց:
28) Մանկավարժական աշխատողի ատեստավորում՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց:
Հոդված 4. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը եւ պետական քաղաքականության սկզբունքները
1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում եւ երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման եւ ամրապնդման կարեւոր երաշխիք:
2. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
4. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) նախադպրոցական կրթության ազգային եւ համամարդկային արժեքների, երեխայի կյանքի ու առողջության, անհատի ազատ եւ համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական եւ իրավական տարրական գիտելիքների ձեւավորումը, անհատի եւ նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձեւավորումը.
2) ուսուցման եւ խնամքի հավասար հնարավորությունները, մատչելիությունը, հասանելիությունը, ներառականությունը եւ համապատասխանությունը երեխայի զարգացման տարիքային եւ անհատական առանձնահատկություններին.
3) նախադպրոցական կրթության ապաքաղաքականացվածությունը եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքների ապահովումը.
4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական եւ երեխայակենտրոն միջավայրի խթանման, երեխայի հոգեկան եւ ֆիզիկական ունակությունների զարգացման առաջնայնությունը.
5) երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների եւ նախադպրոցական ուսումնական հաստատության միջեւ համագործակցությունը, ակտիվ մասնակցային խորհուրդների ձեւավորման խթանումը?
6) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը.
7) նախադպրոցական կրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը.
8) անկախ կազմակերպական-իրավական ձեւից` նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարությունը.
Հոդված 5. Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները
1. Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի՝
1) ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալ-անձնային զարգացմանը.
2) ինքնասպասարկմանը, սոցիալականացմանը, կյանքի հմտությունների ձեւավորմանն ու զարգացմանը.
3) աշխարհաճանաչման ինքնուրույնության եւ ինքնաճանաչման փորձի ձեռքբերմանը.
4) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին.
5) երեխայի անհատական տարիքային ներուժի, անհատականության բացահայտմանը,
6) տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստմանն ու սահուն անցմանը.
2?Նախադպրոցական կրթության խնդիրներն են՝
1) նախադպրոցական կրթության սոցիալական կարգավիճակի բարձրացումն ու որակի բարելավումը՝ բովանդակության վերանայման եւ ժամանակակից կրթական նորարարությունների ներդրման միջոցով.
2) որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների ապահովումը.
3) իմացական, հուզակամային ոլորտների, ստեղծագործական ընդունակությունների զարգացումը.ինքնաճանաչման, ինքնադրսեւորման հնարավորությունների բարելավումը.
4) ռեֆլեքսիայի (ինքնանդրադարձ վերլուծության) եւ ինքնակառավարման կարողությունների ձեւավորումը.
5) վարվեցողության կանոններին, հայրենի բնության եւ բնապահպանության, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, իրավական դաստիարակության ապահովումը, անվտանգ կենսագործունեության հիմունքների սերմանումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հիգիենիկ ուսուցումն ու դաստիարակությունը, աշխատանքային, ինքնասպասարկման հմտությունների եւ կարողությունների ձեւավորումը.
6) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային եւ համամարդկային արժեքների, հանրային համերաշխության եւ համակեցության սկզբունքների, մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ հարգանքի, այլ ազգերի, կրոնների, ռասսայի, սեռի եւ այլոց նկատմամբ հանդուրժողականության, խտրականության բացառման, սեփական անձի, շրջապատի եւ շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձեւավորումն ու արմատավորումը.
7) երեխայի անհատականության ձեւավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը.
8) նախադպրոցական կրթությունից հանրակրթություն սահուն անցման ապահովումը:
ԳԼՈՒԽ 2
Հոդված 6. Նախադպրոցական տարիքը
1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական կայացման ժամանակաշրջանն է: Յուրաքանչյուր տարիքի համար այն հաշվարկվում է մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանալը:
2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝
ա) վաղ մանկության տարիք` 0- ից մինչեւ 2 տարեկան հասակը.
բ) կրտսեր նախադպրոցական տարիք` 2-ից մինչեւ 4 տարեկան հասակը.
գ) միջին նախադպրոցական տարիք՝ 4-ից մինչեւ 5 տարեկան հասակը.
դ) ավագ նախադպրոցական տարիք` 5-ից մինչեւ 6 տարեկան հասակը:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի եւ անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձեւավորվում են հետեւյալ տարիքային խմբերը.
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝ 0-ից մինչեւ 1 տարեկան հասակը.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝ 1-ից մինչեւ 2 տարեկան հասակը.
3) կրտսեր առաջին խումբ՝ 2-ից մինչեւ 3 տարեկան հասակը.
4) կրտսեր երկրորդ խումբ՝ 3-ից մինչեւ 4 տարեկան հասակը.
5) միջին խումբ՝ 4-ից մինչեւ 5 տարեկան հասակը.
6) ավագ խումբ՝ 5-ից մինչեւ 6 տարեկան հասակը:
5. Ավագ խմբում 6 տարեկան երեխայի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում է մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 31-ը՝ անկախ երեխայի 6 տարեկանը լրանալու ժամանակահատվածից:
6. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն` կարող են ձեւավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձեւավորված խմբեր:
Հոդված 7. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային խմբերի համալրումը
1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) միջեւ կնքված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը):
3. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու, ինչպես նաեւ այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը)՝ անկախ ազգային պատկանելությունից:
4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները սահմանվում են կրթական ծրագրերով:
5. Տարիքային խմբերի ձեւավորումը եւ երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր, կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչեւ 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
6. Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միայնակ ծնողների, բազմազավակ (3 եւ ավելի երեխա ունեցող) ծնողների երեխաները, ինչպես նաեւ ծնողազուրկ երեխաները օգտվում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 8. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը
1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`
1) Ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները եւ դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները.
2) երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը?
3) երեխաների զարգացման ընթացքի եւ առաջադիմության մակարդակի դիտարկման ձեւերը,
4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի զարգացնող միջավայրի չափանիշները:
2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի իրականացումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է:
3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
4. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումը իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 9. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը
1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի եւ յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ձեւավորմամբ` այդ տարիքի երեխաների զարգացման ոլորտներին եւ ուղղություններին համապատասխան:
2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչներն են`
1) երեխայի խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողական զարգացումը,
2) սոցիալական ու զգացմունքային (հուզակամային) զարգացումը.
3) շարժողական եւ ֆիզիկական զարգացումը,
4) ինքնուրույն գործունեության տարբեր ձեւերի, այդ թվում՝ ուսումնական եւ ստեղծագործական ունակությունների, հնարամտության, առողջ սովորույթների զարգացումը.
5) մտավոր, ֆիզիկական, հիգիենիկ, գեղարվեստա-գեղագիտական, սոցիալական եւ հասարակական, զարգացման, բնագիտության, բնապահպանական , իրավական, քաղաքացիական, աշխատանքային դաստիարակության, առողջ ապրելակերպի հիմունքներին ծանոթացումը:
3.Նախադպրոցական կրթական ծրագրերն են`
1) հիմնական.
2) այլընտրանքային.
3) լրացուցիչ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախադպրոցական կրթական ծրագրերը օտար լեզվով կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման համար, ինչպես նաեւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:
5. Նախադպրոցական կրթական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`
1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.
2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.
3) նախադպրոցական կրթական լրացուցիչ ծառայությունների կազմակերպումը.
4) երեխաների խնամքի, առողջության պահպանման միջոցառումները.
5) երեխաների սննդի կազմակերպումը.
6) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.
7) սաների երկարօրյա ուսուցման, դաստիարակության կամ գիշերակացի կազմակերպումը.
8) մարզաառողջարարական բազաներում, ճամբարներում սաների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:
6. Նախադպրոցական հիմնական եւ այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է:
7. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տրամադրում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգերով:
Հոդված 10? Նախադպրոցական կրթությանը եւ նրա իրականացմանը ներկայացվող պահանջներ
1. Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով:
2. Նախադպրոցական կրթությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչին համապատասխան կրթական ծրագրերով:
3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականացվում է ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, ընտրությամբ եւ նախաձեռնությամբ` լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է կրթության պետական լիազորված մարմինը:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմը, երեխաներին պահելու տեւողությունը, սահմանում է նրա հիմնադիրը` կրթության եւ առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների` իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում կարող է սահմանվել աշխատանքի ռեժիմի ճկուն համակարգ:
ԳԼՈՒԽ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 11. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:
Հոդված 12. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)` սույն օրենքին, այլ իրավական ակտերին եւ հաստատության կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 13. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, նրա իրավասություններն ու պարտականությունները
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, ով նշանակվում (ընտրվում) եւ ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ հանրային ծառայության ոլորտի հինգ տարվա ընդհանուր աշխատանքային փորձ:
3. Տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի իրավասություններն ու պարտականությունները սահմանվում են նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ:
Հոդված 14. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
ԳԼՈՒԽ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 15. Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարման մարմինները
1. Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
3) տեղական ինքնակառավարման մարմինները.
4) ոչ պետական նախադպրոցական հաստատության հիմնադիրը:
Հոդված 16. Նախադպրոցական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) հիմնադրում է պետական նախադպրոցական հաստատություններ.
2) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը.
3) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
4) սահմանում է նախադպրոցական հաստատության աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները.
5) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին եւ արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.
6) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների պետական բյուջեից ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:
7) սահմանում է առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները եւ նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը:
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 17. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում
1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝
1) մշակում եւ իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.
2) մշակում եւ հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի նորմատիվները.
3) մշակում, հաստատում եւ ներդնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները դրանց պահանջների կատարումը.
4) մշակում եւ հաստատում է նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը.
5) մշակում եւ հաստատում է նախադպրոցական հաստատության տնօրենների եւ մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման կարգը.
6) համակարգում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության կազմակերպումն ու իրականացումը.
7)հաստատում է կրթական չափորոշիչներից բխող ուսումնադիդակտիկ պարագաների, ծրագրամեթոդական, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական գրականության ցանկերը.
8) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.
9) սահմանում է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը.
10) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար եւ մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը.
11) մշակում եւ հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրերը, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկները, ուսումնադիտողական նյութերը, մեթոդական ցուցումները.
12) մշակում եւ հաստատում է նախադպրոցական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, դրանց ձեւերը եւ վարելու կարգը.
13) սահմանում է լրացուցիչ կրթական ծառայությունների կազմակերպման օրինակելի կարգը.
14) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտում փորձնական ծրագրեր` կրթության համակարգի արդիականացման եւ զարգացման նպատակով` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման եւ կրթության ոլորտի գերակա ուղղությունները,
15) մշակում եւ հաստատում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները եւ դրանց ներդրման կարգը,
16) մշակում եւ հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին մեթոդաբանության համապատասխանության գնահատման գործընթացի փորձաքննության կարգը,
17) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 18. Նախադպրոցական կրթության բնագավառում Երեւանի քաղաքապետի լիազորությունը
1. Երեւանի քաղաքապետը՝
1) իրականացնում է օրենքներով, սույն օրենքով համայնքի ղեկավարին նախադպրոցական կրթության ոլորտում վերապահված լիազորությունները.
2) ապահովում է համայնքի վարչական շրջաններում պետական կրթական քաղաքականությունը եւ օրենքով վարչական շրջանի ղեկավարին վերապահված լիազորությունների պատշաճ իրականացումը.
3) ապահովում է համայնքային ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը եւ պահպանումը, դրանց անվտանգությունը եւ մատչելիությունը.
4) ապահովում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենսդրության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական եւ դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
5) համակարգում եւ հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման գործընթացի, ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման նկատմամբ: Ավագանուն ներկայացնում է առաջարկություններ` քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ծնողներին մատուցած ծառայությունների դիմաց երեխաների ուսուցման վճարների չափերի, արտոնությունների վերաբերյալ.
6) Օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում անցկացնում է պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների եւ մանկավարժական աշխատողների ատեստավորումը.
7) Իրականացնում է սույն օրենքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված լիազորություններ:
Հոդված 19. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունը նախադպրոցական կրթության ոլորտում
1. Նախադպրոցական կրթության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն իրականացվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:
ԳԼՈՒԽ 6
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 20. Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները
1. Նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են՝
1) նախադպրոցական տարիքի երեխան.
2) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալ), դաստիարակը, լոգոպեդը, հոգեբանը, սոցիալական մանկավարժը, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչը, խմբակի ղեկավարը եւ այլ մասնագետներ.
4) բուժաշխատողը.
5) դաստիարակի օգնականը եւ դայակը.
6) ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը):
Հոդված 21. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները
1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում.
1) նախադպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.
2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.
3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:
2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:
3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով:
Հոդված 22. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը
1. Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա համապատասխան մարզպետարանը կամ Երեւանի քաղաքապետարանը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:
2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձեւը մշակում եւ հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր ունեցող երեխայի նախադպրոցական կրթության կազմակերպման համար տրամադրվում են համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:
Հոդված 23. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) մաuնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը.
3) առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.
4) oգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական եւ տեղեկատվական ռեսուրսներից.
5) կրթական ծրագրի շրջանակներում ընտրելու եւ կիրառելու ուսուցման այնպիuի մեթոդներ եւ միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը.
6) օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրեր, ձեռնարկներ եւ ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ եւ սաների գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների գնահատման մեթոդներ.
7) ուսումնադաստիարակչական աշխատանքները իրականացնելու համար կիրառելու տարբերակային ձեւեր` պահպանելով պլանավորմանը ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները.
8) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, կրթական ծրագրին համապատասխան՝ մշակելու եւ իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.
9) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների եւ լսումների.
10) դիմելու` որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
11) օգտվելու օրենքներով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից եւ խրախուսման ձեւերից:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է`
1) հարգել եւ պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություներն ու արժանապատվությունը.
2) ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական եւ հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
3) ապահովել սաների կողմից նախադպրոցական ծրագրերի յուրացումը, նրանց զարգացումը եւ համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձեւավորումը՝ համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների եւ ծրագրերի,
4) նպաստել սաների արժեքային համակարգի ձեւավորմանը, խմբերում ներառական եւ երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը.
5) կանխել երեխայի նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի դեպքում հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:
5. Պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար եւ մանկավարժական կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները առանց տարակարգերի` սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 24. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում
1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա ունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:
2. Ծնողների (օրինական ներկայացուցիչների) ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ`
1) նախադպրոցական ուսումնական հաստատություններում.
2) անհատական մանկավարժական գործունեության միջոցով.
3) նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման միջոցով.
4) նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության եւ ուսուցման անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ:
3. Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`
1) մտավոր եւ հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից եւ քարոզչությունից պաշտպանվածության.
2) բժշկական օգնության եւ սպասարկման.
3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից եւ ազդեցությունից, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության:
Հոդված 25. Աշխատանքային հարաբերությունները նախադպրոցական կրթության ոլորտում
1. Նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը եւ լրիվ աշխատաժամանակով պաշտոնավարող մեթոդիստը՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալը, համապատասխան որակավորման դեպքում կարող է ունենալ շաբաթական մինչեւ ութ ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն տվյալ ուսումնական հաստատությունում: Ոչ լրիվ աշխատաժամանակի պաշտոնավարող եւ համապատասխան որակավորում ունեցող նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստը` տնօրենի ուսումնական գծով տեղակալը, կարող է ունենալ շաբաթական մինչեւ տասնչորս ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
Հոդված 26. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի, տնօրենի վերապատրաստումը, ատեստավորումը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի, տնօրենի վերապատրաստումը եւ ատեստավորումը պարտադիր է, եւ իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան:
Հոդված 27. Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում
1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական օգնության, սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով պարբերաբար բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում է տվյալ համայնքն սպասարկող բժշկական կազմակերպությունը:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում վերահսկողությունը բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 28. Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում
1. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է` ելնելով օրգանիզմը հիմնական սննդանյութերով եւ էներգիայով ֆիզիոլոգիական պահանջը բավարարելու սկզբունքից: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման եւ կիրառման, օրինակելի ճաշացուցակի մշակման պատասխանատուն տնօրենն է եւ հաստատության կանոնադրության շրջանակներում գործատուի կողմից ներքին իրավական ակտով սահմանված համապատասխան պաշտոնական պարտականություններ ունեցող անձինք:
Հոդված 29. Ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) իրավունքները եւ պարտականությունները
1. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն՝
1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը եւ երեխայի կրթություն ստանալու ձեւը.
2) երեխաների զարգացման, դաստիարակության եւ ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններին.
3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին?
4) մասնակցելու երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.
5) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին՝ իր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով,
6) պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթության իրավունքն իրացնելու նպատակով:
2. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) պարտավոր են՝
1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ.
2) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների եւ ընդունակությունների զարգացման համար.
3) հարգել երեխայի արժանապատվությունը.
4) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության եւ համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների եւ սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:
3. Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին` նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու եւ կրթելու պարտավորությունից:
ԳԼՈՒԽ 7
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ
Հոդված 30. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են՝
1) հիմնադիրների հատկացումները.
2) համայնքի բյուջեն.
3) ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) վճարումները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները եւ նվիրատվությունները.
4) միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումները.
5) լրացուցիչ կրթական եւ մարզաառողջարարական վճարովի ծառայություններից ստացված միջոցները.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:
3. Պետական եւ համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի եւ նորմատիվների հիման վրա:
4. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:
Հոդված 31. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու զարգացումն իրականացվում են հիմնադրի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, խաղային միջոցներ, դիդակտիկ պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ եւայլն:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:
Հոդված 2. Եզրափակիչ դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Արդեն գործող մանկական կամ զարգացման կենտրոնների լիցենզավորման գործընթացի իրականացման վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի ավարտը:
3. Սույն Օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 5-րդ եւ 6-րդ մասերը ուժի մեջ են մտնում 2023 հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը վերաբերյալ
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության համար իրավական հիմքեր ապահովելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչեւ 2030 թվականը կայուն զարգացման օրակարգում» ներառված չորրորդ, այն է՝ «ներառական եւ բոլորի համար որակյալ կրթության ապահովում, ինչպես նաեւ ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանում» նպատակի պահանջներից:
Կրթությունը մարդու հիմնարար իրավունք է: Պետությունը պետք է ապահովի համընդհանուր հավասարապես հասանելի, ներառական եւ որակյալ կրթություն:
Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ «Կրթություն 2030. Դեպի ներառական եւ արդարացի որակյալ կրթություն եւ կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի եւ «Կրթություն բոլորի համար» հռչակագրերի, 2010 թվականի մայիսին վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի եւ «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:
2015 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-200-Ն օրենքը, որով անցում է կատարվել ներառական հանրակրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Ներառական նախադպրոցական կրթության զարգացմամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան դառնում է իրավահավասար բոլոր երեխաների հետ? Շեշտը դրվում է երեխայի ուժեղ կողմերը զարգացնելուն, իսկ թույլ կողմերը ուժեղացնելը իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը գնահատելու եւ այդ պայմանը ապահովելու միջոցով` ֆիզիկական միջավայրը, տեխնիկական սարքերը, մասնագետի աշխատանքը, ուսուցման մեթոդը եւ մեթոդաբանությունը, ուսուցողական հարմարեցված նյութերը եւ այլն:
Կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի ընտանիքը դա-դարում է խուսափել իր երեխայի խնամքից կամ իր երեխայի հետ միջավայրի շփումից, քանի որ նույն միջավայրը սկսում է ընդունել հաշմանդամությւոն ունեցող եեխայի հավասար լինելու փաստը: Ընտանիքի անդամի հետ տարվող մասնագիտացված աջակցության ծառայությունները, ինչպես նաեւ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի գնահատման գործընթացին անմիջական մասնակցությունը, մասնագետների խորհրդատվությունը եւ միջավայրի վերաբերմունքը օգնում են ծնողին ավելի օգտակար լինել իր երեխային, դուրս գալ անելանելիության ու ամոթի բարդույթից եւ օգնել իր երեխային հաղթահարելու անհատական ուսուցման պլանը:
Օրենքի ընդունումով հնարավոր է դառնում երկրում կրթության կազմակերպման եւ իրականացման մեխանիզմների արդիականացումը, որոնք համահունչ են ժամանակակից մարտահրավերների կարգավորմանն ուղղված միջոցառումներին?
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին բաժնի 13-րդ կետով սահմանված է .
«13.Նախադպրոցական կրթության որակի եւ մատչելիության ապահովում
ա. կատարելագործել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը եւ կառավարման համակարգը,
բ. ապահովել նախադպրոցական կադրերի արդյունավետ մասնակցությունը վերապատրաստման, կատարելագործման եւ ատեստավորման ծրագրերին,
գ. բարելավել նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական եւ ուսումնանյութական հիմքերը,
դ. մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում եւ ապահովել մատչելիություն հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:»:
Օրենքի մշակման շրջանակներում իրականացվել է համակողմանի հետազոտություն՝ ուղղված նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման մեխանիզմների բացահայտմանը՝ հետեւյալ հինգ ուղղություններով. կրթության մատչելիություն, կրթության որակ, կրթության բովանդակություն, կրթության կառավարում, կրթության արդյունավետություն:
Արդի փուլում նախադպրոցական կրթական ծառայությունների ուղղությամբ բնակչության առավելագույն պահանջարկի ապահովմանը միտված` զարգանում են նախադպրոցական կրթության իրականացման տարբերակված ձեւեր եւ մոդելներ, ինչպես ավանդական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների եւ կրթական գործունեության լիցենզիա ունեցող տարբեր կազմակերպաիրավական ձեւերով գործող կազմակերպությունների բազայի վրա: Ուստի անհրաժեշտություն է տարբեր ուղղվածության նախադպրոցական կրթական ծրագրերի իրացման համար ֆինանսավորման մոդելի ներդրումը:
Ինչպես նշված է նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական խնդիրների իրագործման ուղղություններում (ՀՀ կառավարության 13 մարտի 2008թ «ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական եւ փորձնական ծրագրերին հավանություն տալու մասին» N 10 արձանագրային որոշման մեջ, ակնկալվում է պետական աջակցությունը նախադպրոցական կրթության համակարգի զարգացման ծրագրերում նպատակային ֆինանսական ներդրումների իրականացման միջոցով:
Ռազմավարության մեջ շեշտադրվում է` ակնկալվում է, որ պետությունն այս ոլորտում կկատարի նպատակային ներդրումներ` ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բարձրացումը, հաշվետու լինելը եւ կիրականացվի համարժեք պետական վերահսկողություն արդյունքների նկատմամբ:
Նախադպրոցական կրթության համակարգի զարգացման համար կարեւորագույն պայման է` անկախ կազմակերպաիրավական ձեւից եւ սեփականության ձեւից, 1 սանի հաշվարկով ուսումնական հաստատության նորմատիվային սկզբունքի կիրառումը:
«Կրթության մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակներում գերազանցապես այն համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզներ, շուրջ 220 հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկվել են ավագ տարիքային խմբեր` 4515 նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկմամբ, ակնկալվում է տարեցտարի ընդլայնել համակազմի թիվը:
2013-2014 ուստարվա վիճակագրական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գործում են համայնքային ենթակայության 647 մանկապարտեզ` 63430 երեխայի ընդգրկմամբ,կրթահամալիրների կազմում գործող եւ գերատեսչական ենթակայության` 9 մանկապարտեզ -673 երեխայի ընդգրկմամբ, ոչ պետական` 57 մանկապարտեզ 1950 երեխայի ընդգրկմամբ, ընդամենը հանրապետությունում` 71138 երեխա:
Ոլորտի վերլուծության դինամիկան ցույց է տալիս, որ գործնականում նախադպրոցական կրթության պահանջարկն աստիճանաբար ավելանում է եւ ակնկալվում է համայնքային, ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ավելացում, ուստի անհրաժեշտություն է հիմնախնդիրների լուծման համար կարեւորություն ունեցող իրավական կարգավորման քաղաքականություն: Միաժամանակ, որեւէ փաստաթղթով կամ իրավական ակտով կարգավորված չեն հաշմանդամություն ունեցող եւ/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդգրկման եւ հաստատությունում ուսուցման կազմակերպման մեխանիզմները: Թեեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել եւ իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման քաղաքականություն, սակայն նախադպրոցական կրթության եւ ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար օրենքով ամրագրված չեն պետական եւ համայնքային բյուջեներից հաստատությունների ֆինանսավորման, երեխաների կրթության կազմակերպման, զարգացման, կյանքի եւ առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտեր:
Նախադպրոցական կրթության ոլորտում առկա են հետեւյալ խնդիրները.
ՀՀ մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպման պայմանները խիստ տարբեր են.
Քաղաքակրթության զարգացման ներկայիս փուլում վաղուց արդեն ապացուցված է վաղ տարիքի երեխայի համակողմանի զարգացման կարեւորությունը եւ դրա ապահովման գործում կրթության ունեցած մեծ դերը: Դա բխում է ինչպես երեխաների իրավական պաշտպանվածության, այնպես էլ նրանց համակողմանի զարգացման եւ սոցիալական հարմարվողականության միջազգայնորեն ընդունված նորմերից եւ չափանիշներից:
Կառավարությունները, ի դեմս իրենց համապատասխան նախարարությունների, հիմնական պատասխանատվություն են կրում «Կրթություն բոլորի համար» ասպարեզում ազգային ծրագրերի շրջանակներում մանկահասակ երեխաների խնամքի ու նրանց դաստիարակության քաղաքականության մշակման, քաղաքական շրջանակների եւ բնակչության կողմից համապատասխան աջակցության ապահովման եւ մանկահասակ երեխաների համար ճկուն, հարմարեցման ենթակա ծրագրերի ներդրման համար, որոնք հատուկ հաշվարկված են նրանց տարիքի համար, այլ ոչ թե կրկնորդում են սովորական դպրոցական համակարգերը` դրանք փոխադրելով ավելի փոքր տարիքի երեխաների վրա:
Աշխարհի զարգացած երկրներում գոյություն ունեն նախադպրոցական կրթության կազմակերպման բազմաբնույթ մոդելներ եւ տիպեր: Այդ բազմազանության մեջ, սակայն, դրանք կարելի է խմբավորել ըստ որոշակի հատկանիշների` կազմակերպաիրավական ձեւերի, ֆինասնավորման աղբյուրների, մատուցվող ծառայությունների բովանդակության եւ այլն:
Այսպես, ըստ առաջին հատկանիշի գոյություն ունեն պետական, մունիցիպալ, գերատեսչական, հասարակական, մասնավոր, ընտանեկան, ինչպես նաեւ կրոնական նախադպրոցական հաստատություններ: Ընդ որում, եվրոպական երկրներում ամենատարածվածը մունիցիպալ հաստատություններն են, որտեղ հաճախում են երեխաների մոտ 90 տոկոսը: Նախադպրոցական կրթության կազմակերպման կոնկրետ ձեւերն ավելի բազմազան են` կապված աշխատանքի ռեժիմի, կրթության բովանդակության, տեղաբաշխման վայրերի, սոցիալական ուղղվածության եւ այլ գործոնների հետ: Օրինակ, ըստ աշխատանքի ռեժիմի եվրոպական երկրներում ամենատարածվածը ամբողջ օրով գործող հաստատություններն են: Բացի այդ, կան նաեւ կես օրով(կարճաժամկետ), երկարօրյա, սեզոնային (հատկապես գյուղական բնակավայրերում) եւ ճկուն աշխատանքային ժամերով աշխատող հաստատություններ: Նախադպրոցական կրթության կազմակերպման ավելի <ազգային> մոդելներ են կիրառվում Ճապոնիայում եւ Իսրայելում: Ընդ որում, Ճապոնիան աշխարհի այն առանձնահատուկ երկրներից է, որտեղ այդ ոլորտում գերակշռում են տղամարդ մասնագետները, եւ որոնց աշխատավարձը ավելի բարձր է մունիցիպալ ծառայողների աշխատավարձից: Նախադպրոցական ծառայություններում 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը շատ ավելի բարձր է, քան ավելի փոքր տարիքային խմբի երեխաների ընդգրկվածությունը երեխայի խնամքի ծառայություններում: ՏՀԶԿ կեսից ավելի երկրներում ներկայումս այդ տարիքի երեխաների ընդգրկվածությունը վաղ կրթության ոլորտում, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրատարակվող <Կրթություն մեկ հայացքից> պարբերականի վերջին տվյալների, կազմում է 80 % եւ ավելի: Ընդգրկվածության մակարդակը հատկապես բարձր է Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում, որտեղ պրակտիկորեն ապահովված է 3-5 տարեկանների համընդհանուր ընդգրկվածություն: Մյուս կողմից, սակայն, Կորեայում, Լեհաստանում, Թուրքիայում այդ տարիքային խմբի երեխաների ընդգրկվածության մակարդակը մոտ կամ ցածր է 40 տոկոսի սահմանից:
ՈՒշադրությունը վաղ տարիքի երեխաների խնամքի եւ զարգացման ոլորտում շարունակում է խիստ կենտրոնացված մնալ հատկապես նախադպրոցական կրթության վրա եւ մասնավորապես տարրական դպրոցին անմիջապես նախորդող տարիքի վրա: Եվրոպայում հիմնականում ընդունվել է նախադպրոցական կրթության համընդհանուր հնարավորության ապահովման կոնցեպցիան: Շատ երկրներ ապահովում են բոլոր երեխաների` նախքան տարրական դպրոցը առնվազն երկու տարի անվճար, պետական ֆինանսավորմամբ նախադպրոցական կրթություն: Նախադպրոցական կրթության գնահատման հաշվետվությունների տվյալները տարբեր երկրներում հաճախ են արձանագրում 5 կամ 5-6 տարեկանների առավելագույն ընդգրվածություն, որը արդյունքն է այն բանի, որ այդ երկրներն իրենց կրթության պետական քաղաքականության առաջնահերթություններում ներառում են երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստման նպատակային ծրագրեր:
Այսօր եվրոպական շատ երկրներ արդեն հասել են կամ մեծամասամբ մոտեցել են նախադպրոցական կրթությունը համընդհանուր դարձնելու նպատակին, ինչը ԱՄՆ-ն որպես թիրախ` սահմանել էր դեռեւս 2000 թվականի համար: Հիմնականում կրթության նախարարությունը տարբեր երկներում ապահովում է անվճար պետական մանկապարտեզներ կամ նմանատիպ կրթական ծրագրեր` առավելագույն թվով 5 տարեկան երեխաներ ընդգրկելու համար: Այսօր աշխարհի շատ երկրներում պետական նախադպրոցական կրթությունը դարձել է ավելի մատչելի, քան, օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ պետական նախադպրոցական ծրագրերում ընդգրկված են 5 տարեկան երեխաների 66%-ը, 4 տարեկանների` 36%-ը եւ 3 տարեկանների` 14%-ը:
Ֆրանսիան, Բելգիան եւ Իտալիան, հասել են մեծ հաջողության պետական նախադպրոցական կրթության համընդհանուր հնարավորության ապահովման հարցում: Այսօր Ֆրանսիայում 3-5 տարեկան երեխաները 100%-ով ընդգրկված են նախադպրոցական կրթության մեջ եւ առավելապես պետական ծրագրերում: Իտալիայում տեղական իշխանությունները 1950-ականներից սկսել են բացել նախադպրոցական հաստատություններ, եւ արդեն 1968 թվականից կառավարությունը հիմնադրել է անվճար նախադպրոցական հաստատություններ ըստ էության բոլոր երեխաների համար: Այսօր Իտալիայում 3-5 տարեկան երեխաների շուրջ 99%-ը ընդգրկված են նախադպրոցական հաստատություններում, առավելապես պետական ծրագրերում /ՏՀԶԿ կրթության տվյալների բազա- www. oecd.org/education/database ՏՀԶԿ Ընտանեկան տվյալների բազա- www. oecd.org/els/social /family/database/
Վերջին տվյալներով ԱՊՀ երկրներից նախադպրոցական կրթության համակարգում երեխաների համախառն ընդգրկվածության լավագույն ցուցանիշներ ունեն Բելառուսը` 90.7 տոկոս քաղաքային բնակավայրում եւ 53.4 տոկոս` գյուղական բնակավայրում, Մոլդովան` միջինում 68.0 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` շուրջ 74.0 տոկոս, Ռուսաստանը` 59.3 տոկոս, Ուկրաինան` միջինում 57.0 տոկոս, Ղազախստանը` միջինում 38.7 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` 83.0 տոկոս:
Ներկայումս ԱՊՀ երկրներում նկատվում է նախադպրոցական կրթության նկատմամբ կառավարությունների ուշադրության եւ հոգածության աճ: Դրա վկայությունն է մի շարք երկրների (Բելառուս, ՈՒկրաինա, Հայաստան, Ղազախստան) կառավարությունների կողմից նախադպրոցական կրթության պետական ծրագրերի, ռազմավարությունների եւ այլ փաստաթղթերի ընդունումը, որի նպատակը նախադպրոցական կրթությունը պետական քաղաքականության առարկա դարձնելու միջոցով դրա հետագա զարգացման ապահովումն է: Այս առումով, որպես լավագույն օրինակ է ծառայում Ղազախստանը, որտեղ վերջերս ընդունված <Ճուտիկ> պետական ծրագրով նախատեսվում է մինչեւ 2020 թվականը ապահովել նախադպրոցական կրթության 100 տոկոս ընդգրկվածոթյուն: Բացի այդ, երկրում գործում է նախադպրոցական կրթության պետական պատվերի ինստիտուտ (պետությունը վճարում է նախադպրոցական պարտադիր կրթության համար` անկախ հաստատության սեփականության ձեւից), գործում է նախադպրոցական կրթության հաստատությունների լիցենզավորման պարզեցված կարգ եւ հարկային իրական բարենպաստ մեխանիզմ (ԱԱՀ-ից եւ կորպորատիվ եկամտահարկից ազատում, հողի հարկի եւ գույքահարկի գծով զգալի արտոնություններ
Կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության եւ մատչելիության հիմքերը:
1. Նախադպրոցական կրթության զարգացման հիմնական գերակայությունն է նախադպրոցական կրթության մատչելիության եւ հասանելիության ապահովումը: Այն ներառում է գործողությունների հետեւյալ շրջանակը.
Օրենքի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովման, նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման եւ մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության կանոնակարգման եւ զարգացման նորմատիվային դաշտի, ինչպես նաեւ վերահսկողության համակարգի ապահովման համար իրավական երաշխիքների, օրենսդրական հիմքի ստեղծում:
Նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը, այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցողծառայությունների մատուցման (յուրաքանչյուր երեխայի, ծնողի, մանկավարժի մեթոդական աջակցության տրամադրման), կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխանեիբացահայտման(հատուկ մանկավարժի եւ ուսուցչի օգնականի մասնագիտական աշխատանք, ամենօրյա դիտարկում, համեմատում, գնահատում), տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողությունների: Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
19 սեպտեմբերի 2019 թվականի N 1242 - Ա
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. սեպտեմբերի 20 Երեւան |
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի
N 1242 -Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար պարոն Արայիկ Հարությունյանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |