Armenian ARMSCII Armenian
Կ-304-03.10.2019-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) շարադրել հետեւյալ խմբագրությամբ.


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ապահովում է բոլորի համար հավասար նախադպրոցական կրթության իրավունքի  իրացումը,  նախադպրոցական կրթության հասանելիության եւ մատչելիության հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ  իրավաբանական անձանց իրավահարաբերությունները:

Հոդված 2. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը

1. Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության  ընտանեկան եւ աշխատանքային օրենսգրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) նախադպրոցական կրթություն` նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ խնամքի գործընթաց, որը համարվում է հանրակրթության սկզբնական աստիճան եւ իրականացվում է նախադպրոցական կրթության ծրագրով.

2) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ`  հանրակրթության պետական  կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող վերջնարդյունքները, ուսումնական բեռնվածության  առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի  երեխաների կրթության եւ զարգացման վերջնարդյունքի ապահովման հիմքերը.

3) նախադպրոցական  կրթական (հիմնական) ծրագիր` նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, տարիքային առանձնահատկություններին համապատասխան` ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության կազմակերպման ձեւերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների ամբողջություն, որն ապահովում է  նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

4) նախադպրոցական  այլընտրանքային կրթական ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման եւ դաստիարակության կազմակերպման ձեւերի, միջոցների եւ մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է  նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

5) նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված եւ ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է  նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

6) նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր, որն ապահովում է  նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

7) նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր`  սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված նորարարական (նոր) կրթական ծրագիր կամ կրթության կազմակերպման եւ գնահատման նոր մեթոդաբանություն, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը, ներդրումը` պահպանելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության  հիմնական ծրագրերից դուրս ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր, որը  նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման եւ խնամքի  լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը եւ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.

9) փորձաքննություն` յուրաքանչյուր տարիքային խմբի կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական եւ ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական եւ նախադպրոցական կրթական ծրագրի ապահովմանը միտված այլ նյութի` նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին ու կրթական ծրագրերի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատման գործընթաց.

10) նախադպրոցական տարիք` երեխայի 0-6 տարեկան հասակը.

11) սան` նախադպրոցական կրթության եւ զարգացման ծրագրով ուսումնառող նախադպրոցական տարիքի երեխա.

12) նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ` երեխաների տարիքի հիման վրա ձեւավորված խումբ.

13) նախադպրոցական ուսումնական հաստատության տարատարիք երեխաների խումբ` նախադպրոցական տարբեր տարիքի երեխաների համակազմով ձեւավորված խումբ, որտեղ իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական եւ զարգացման ծրագրեր.

14) նախադպրոցական ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր եւ (կամ) նախադպրոցական  ծառայություններ.

15) նախադպրոցական ծառայություններ` նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի կրթության, զարգացման, ուսուցման, խնամքի, հոգածության ու հսկողության, դաստիարակության, ինչպես նաեւ առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված ծառայություններ, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում` պայմանագրային հիմունքներով.

16) կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմաններ` յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված զարգացման եւ ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման, տեխնիկական միջոցների, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների, միջավայրի, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական, սոցիալական եւ այլ ծառայությունների ամբողջություն.

17) կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա`  սան, որի նախադպրոցական կրթության եւ զարգացման համար անհրաժեշտ են կրթության  եւ զարգացման առանձնահատուկ պայմաններ.

18) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ` ուսումնամեթոդական, հոգեբանական եւ մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին եւ մանկավարժական աշխատողներին.

19) երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում` երեխայի նախադպրոցական կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում, կրթության եւ զարգացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների սահմանում.

20) անհատական  ուսուցման  եւ զարգացման պլան` երեխայի կարիքի եւ առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման եւ դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները եւ դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում` նաեւ աջակցող ծառայությունները) եւ ժամկետները` երեխայի համար հասանելի դարձնելու համար նախադպրոցական  կրթության պետական չափորոշչի եւ կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները.

21) երեխաների խնամք` սաների օրվա ռեժիմի, սննդի, անձնական հիգիենայի, անվտանգության, երեխայի ինքնասպասարկման եւ սոցիալ-կենցաղային սպասարկման  ապահովման համալիր միջոցառումներ.

22) ուսուցման, դաստիարակության եւ զարգացման միջոցներ`  զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային եւ երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր  եւ էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր.

23) մանկավարժական աշխատող` երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում` լրացուցիչ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաեւ զարգացման, ուսուցման եւ դաստիարակության մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձեւավորմանը նպաստող եւ երեխայի զարգացումն ու խնամքն ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.

24) նախադպրոցական ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար:

Հոդված 4. Նախադպրոցական կրթության  բնագավառում պետական քաղաքականությունը եւ պետական քաղաքականության սկզբունքները

1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում եւ երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն  ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, անվտանգ միջավայրի ստեղծման, կյանքի, առողջության պահպանման եւ ամրապնդման կարեւոր երաշխիք:

2. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմքը կրթության զարգացման պետական  ծրագիրն է:

3. Պետությունը աջակցում է պետական, համայնքային եւ այլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների կրթության կազմակերպմանը եւ մանկավարժական աշխատողների կատարելագործմանը` համաձայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման եւ համաֆինանսավորման  կարգի եւ պետական բյուջեով նախատեսված միջոցառումների (ծրագրերի) ֆինանսավորման սկզբունքների ու մեթոդաբանության:

4. Պետությունը երաշխավորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը եւ խթանում ծառայությունների բազմազանությունը` անկախ սեփականության ձեւից եւ կազմակերպաիրավական տեսակից:

5. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6.  Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր  ուսուցմամբ:

7. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`

1) ուսուցման եւ խնամքի հավասար հնարավորությունները, մատչելիությունը, հասանելիությունը, ներառականությունը եւ համապատասխանությունը երեխայի զարգացման տարիքային եւ անհատական առանձնահատկություններին.

2)  երեխայի կյանքի ու առողջության, անհատի ազատ եւ համակողմանի զարգացման առաջնայնությունը.

3) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի մտավոր, հոգեկան, ֆիզիկական եւ սոցիալական զարգացման ձեռքբերումների արժեւորմանն ու անհատականության բացահայտմանն ուղղված երեխայակենտրոն, ներառական եւ զարգացնող միջավայրի ապահովման առաջնայնությունը.

4)  երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների եւ նախադպրոցական ուսումնական հաստատության միջեւ համագործակցությունը.

5)  հանրակրթության, մասնավորապես նախադպրոցական եւ միջնակարգ կրթության աստիճանակարգությունների անցման հաջորդականությունն ու շարունակականությունը.

6) անկախ կազմակերպական-իրավական ձեւից` նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարությունը:

Հոդված 5. Նախադպրոցական  կրթության  նպատակները, խնդիրները

1. Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի`

1)  մտավոր, ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալ-անձնային զարգացմանը.

2) ինքնասպասարկմանը, սոցիալականացմանը, կյանքի հմտությունների ձեւավորմանն ու զարգացմանը.

3) աշխարհաճանաչման ինքնուրույնության եւ ինքնաճանաչման փորձի ձեռքբերմանը.

4) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին:

2. Նախադպրոցական կրթության խնդիրներն են`

1) նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը կրթական ծրագրերի բովանդակության վերանայման եւ ժամանակակից կրթական նորարարությունների ներդրման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման միջոցով.

2) որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության եւ մատչելիության ապահովումը խելամիտ հարմարեցումների միջոցով.

3) նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելը միասնական պետական քաղաքականության, համաֆինանսավորման միջոցով.

4) երեխայի կյանքի, առողջության պահպանմանը եւ ամրապնդմանը, ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը, ուսուցմանն ու դաստիարակությանը նպաստելը.

5) նախադպրոցական կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավումը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող մանկավարժական  աշխատողների շարունակական կատարելագործման  եւ մասնագիտական զարգացման միջոցով.

6)  նախադպրոցական կրթությունից հանրակրթության սահուն անցման  ապահովումը:

ԳԼՈՒԽ 2

ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 6. Նախադպրոցական տարիքը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատություն (կամ ծառայություններ) ընդգրկվում են այն երեխաները, որոնց նախադպրոցական տարիքը լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի հիման վրա ձեւավորվում են հետեւյալ տարիքային խմբերը.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ` 0-ից մինչեւ 1 տարեկան հասակը.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ` 1-ից մինչեւ 2 տարեկան հասակը.

3) կրտսեր առաջին խումբ` 2-ից  մինչեւ 3 տարեկան հասակը.

4) կրտսեր երկրորդ խումբ` 3-ից  մինչեւ 4 տարեկան հասակը.

5) միջին խումբ` 4-ից մինչեւ 5 տարեկան հասակը.

6) ավագ խումբ` 5-ից մինչեւ 6 տարեկան հասակը:

3. Ավագ խմբում 6 տարեկան երեխայի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում են մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 20-ը` անկախ երեխայի 6 տարեկանը լրանալուց:

4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն` կարող են ձեւավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձեւավորված խմբեր:

Հոդված 7. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային  խմբերի համալրումը

1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, իրականացվում է  ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) միջեւ կնքված պայմանագրի հիման վրա` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը):

3. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու, ինչպես նաեւ այն  դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել  ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը)` անկախ ազգային պատկանելությունից:

4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները, բաց թողած ծրագրային ծավալը լրացնելու պայմանները սահմանվում են կրթական ծրագրերով:

5. Տարիքային խմբերի ձեւավորումը եւ երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչեւ 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

6. Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են`

1)  առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք եւ ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները.

2)  կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.

3) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված  քույր, եղբայր ունեցող երեխաները.

4) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում)   աշխատակիցների երեխաները:

Հոդված 8. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական  աջակցության ծառայությունները

1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում`

1) նախադպրոցական մակարդակ` մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.

2) տարածքային մակարդակ` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.

3) հանրապետական  մակարդակ`  հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:

2. Երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը նրա զարգացման  հնարավորությունների բացահայտման եւ կրթության  կազմակերպման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:

3. Երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով:

Հոդված 9. Երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

1. Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված` երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը վկայագրում է երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը:

2. Երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձեւը մշակում եւ հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային տրամադրվում են նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական  աջակցության ծառայություններ:

Հոդված 10. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`

1) ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները  եւ դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները.

2) երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը.

3) երեխաների զարգացման ընթացքի եւ առաջադիմության մակարդակի դիտարկման ձեւերը.

4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական եւ երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, որոնք հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.

5) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի անվտանգ միջավայրի եւ աղետներին պատրաստվածության չափանիշները:

2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի իրականացումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր  է` անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից եւ ենթակայությունից:

3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է Կառավարությունը:

4. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 11. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը

1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի եւ յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ձեւավորմամբ` այդ տարիքի երեխաների առանձնահատկություններին, զարգացման ոլորտներին եւ ուղղություններին համապատասխան:

2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչներն են`

1) երեխայի շարժողական եւ ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ  պատկերացումների եւ սովորությունների ձեւավորումը.

2) երեխայի խոսքի եւ հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.

3) երեխայի ճանաչողության զարգացումը, փորձարարության եւ հնարամտության խթանումը, ինքնուրույն գործունեության, այդ թվում` ուսումնական եւ ստեղծագործական, խրախուսումը.

4) երեխայի սովորելը խթանելը, ուսման նկատմամբ վերաբերմունքի ձեւավորումը.

5) երեխայի սոցիալ-անձնային, հուզակամային զարգացումը, համատեղ գործունեության եւ համագործակցության խթանումը.

6) երեխայի հիգիենիկ եւ ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձեւավորումը.

7) երեխայի մտավոր, ֆիզիկական, գեղագիտական, ազգային, ավանդական, էկոլոգիական, իրավական, տնտեսագիտական, բարոյական դաստիարակությունը:

3. Նախադպրոցական կրթական ծրագրերը օտար լեզվով կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները` օտարերկրյա քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման համար, ինչպես նաեւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:

4. Նախադպրոցական  կրթական  ծրագրերի ապահովման միջոցառումներում  եւ ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) երեխաների խնամքի, առողջության եւ անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.

4) երեխաների սննդի կազմակերպումը.

5) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները:

5. Նախադպրոցական  կրթական ծրագրի, այդ թվում` դրա ցանկացած տեսակի եւ նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է:

6. Նախադպրոցական կրթական ծրագրերի,  այդ թվում` նախադպրոցական ծառայությունների իրականացման լիցենզիան, տրամադրում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 12.  Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական օգնության, սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով պարբերաբար բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում է տվյալ համայնքը սպասարկող բժշկական կազմակերպությունը:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը եւ հսկողությունը, իսկ դրա անհնարինության դեպքում ծառայությունն ապահովում է տվյալ համայնքը սպասարկող բժշկական կազմակերպության հետ համագործակցության միջոցով:

4. Նախադպրոցական  ուսումնական  հաստատությունում վերահսկողությունը բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Հոդված 13. Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական  հաստատություններում

1. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան ներքին իրավական նորմերի եւ օրինակելի սննդակազմի:

2. Սաների սնունդը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սննդակազմի, սանիտարահիգիենիկ ու տեխնոլոգիական նորմերին համապատասխան կազմակերպելու եւ օրվա ճաշացուցակը ապահովելու համար պատասխանատու է տնօրենը:

ԳԼՈՒԽ 3

ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 14. Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները

1. Նախադպրոցական  կրթության  բնագավառի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են`

1) նախադպրոցական տարիքի երեխան.

2) ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը).

3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), դաստիարակը, դաստիարակի օգնականը, լոգոպեդը, հոգեբանը, սոցիալական մանկավարժը, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչը, բուժաշխատողը, խմբակի ղեկավարը եւ այլ մասնագետներ:

Հոդված 15. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում

1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա ունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:

2. Ծնողների (օրինական ներկայացուցիչների) ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ նախադպրոցական կրթական ծրագիր եւ ծառայություններ առաջարկող (այդ թվում` այլընտրանքային, հեղինակային, միջազգային եւ փորձարարական)`

1) պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում.

2) նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ առաջարկող կազմակերպություններում.

3) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում եւ այլ կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության եւ ուսուցման անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմանների եւ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

3. Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`

1) մտավոր եւ հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից եւ քարոզչությունից պաշտպանվածության.

2) բժշկական օգնության եւ սպասարկման.

3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից եւ ազդեցությունից, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության.

4) զարգանալու եւ սովորելու երեխայակենտրոն, ներառական եւ անվտանգ միջավայրում, որտեղ հաշվի կառնվեն յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ հոգեկան զարգացման առանձնահատկությունները.

5) կարծիք արտահայտելու եւ մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը` իր տարիքի եւ զարգացման առանձնահատկություններին համապատասխան:

Հոդված 16. Ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) իրավունքները եւ պարտականությունները

1.  Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`

1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը, կրթական ծրագիրը եւ ծառայությունները.

2) երեխաների զարգացման, դաստիարակության եւ ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.

3)  մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին.

4) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն` իրենց երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով.

5) մասնակցելու երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.

6) ուսումնական հաստատությունից պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի` մյուսների հետ հավասար հիմունքներով նախադպրոցական կրթության իրավունքն իրացնելու նպատակով.

7) մասնակցելու երեխայի անհատական զարգացման եւ ուսուցման պլանի մշակմանը.

8) մասնակցելու մանկավարժների կողմից իրականացվող ծնողական կրթության դասընթացներին:

2. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) պարտավոր են`

1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ.

2) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք կրթական հաստատության եւ մանկավարժների նկատմամբ, հոգատար վերաբերմունք հաստատության գույքի եւ շրջակա միջավայրի նկատմամբ.

3) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների եւ ընդունակությունների զարգացման համար.

4) հարգել երեխայի արժանապատվությունը.

5) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության եւ համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների եւ սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:

Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու եւ կրթելու պարտավորությունից:

Հոդված 17. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը, մանկավարժական աշխատողի վերապատրաստումը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1)  դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` օրենսդրությամբ եւ նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) մաuնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը.

3)  առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.

4) oգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական եւ տեղեկատվական ռեսուրսներից.

5) կրթական ծրագրի շրջանակներում ընտրելու եւ կիրառելու ուսուցման այնպիuի մեթոդներ եւ միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը.

6) օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրեր, ձեռնարկներ եւ ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ եւ սաների գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների գնահատման մեթոդներ.

7) ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելու համար կիրառելու տարբերակային ձեւեր` պահպանելով պլանավորմանը ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները.

8) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, նախադպրոցական կրթական ծրագրին համապատասխան` մշակելու եւ իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.

9) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների եւ լսումների.

10) օգտվելու օրենքներով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից եւ խրախուսման ձեւերից.

11) իրականացնելու ծնողական կրթության դասընթացներ:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել եւ պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը.

2) ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը` հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր ֆիզիկական եւ հոգեկան զարգացման առանձնահատկությունները.

3) ապահովել սաների կողմից նախադպրոցական ծրագրերի յուրացումը, նրանց զարգացումը եւ համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձեւավորումը` համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների եւ ծրագրերի.

4) նպաստել սաների արժեքային համակարգի ձեւավորմանը, խմբերում ներառական եւ երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը.

5) համագործակցել երեխայի ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ.

6) կանխել երեխայի նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի դեպքում հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններ.

7) անցնել  պարտադիր բուժզննություն` տարեկան առնվազն մեկ անգամ:

4. Յուրաքանչյուր տարի նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը անցնում է պարտադիր վերապատրաստում, որն  իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան:

Հոդված 18. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը եւ մանկավարժական ստաժը

1. Նախադպրոցական կրթության բնագավառի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:

3. Ուսումնական հաստատության մանկավարժական եւ վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 19. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, նրա իրավասություններն ու պարտականությունները

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության կամ դրա ստորաբաժանման գործադիր մարմինը` տնօրենը, որը նշանակվում (ընտրվում) եւ ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կամ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության  տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված եւ նախադպրոցական ուսումնական հաստատության  ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը: Բացառություն կարող են լինել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարները:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական  աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

4. Վերապատրաստման, քննությունների եւ հավաստագրման ընթացակարգերը, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաեւ հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5.Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ:

6. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել, նշանակվել,  ընտրվել  այն անձը, որը`

1) սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել նախադպրոցական հաստատության  ղեկավարման իրավունքի հավաստագիր.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական  կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

5) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ  հանցագործություն կատարելու համար:

7. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին եւ համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաեւ օրենքով եւ համապատասխան կազմակերպության  կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

8.Պետական եւ համայնքային ուսումնական հաստատության տնօրենը`

1) լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը,  հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

2) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը եւ ներկայացնում  համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.

3) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձեւաչափի եւ  պահանջների համաձայն.

4) իրականացնում է օրենքով եւ նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 4

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 20. Նախադպրոցական  ուսումնական հաստատության տեսակները

1. Նախադպրոցական կրթական ծրագիր (ծրագրեր) եւ (կամ) նախադպրոցական ծառայություն կարող է (են) կազմակերպվել պետական, համայնքային եւ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նախակրթարանում, պետական եւ ոչ պետական կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումում, լրացուցիչ կրթության եւ արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունում (կամ դրա ստորաբաժանումում), երեխայի կրթության եւ զարգացման կազմակերպությունում` համապատասխան լիզենզիայի առկայության հիմքով:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են`

1)  մսուր` 0-3 տարեկանների ընդգրկմամբ.

2) մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.

3) մանկապարտեզ` 3-6 տարեկանների ընդգրկմամբ.

4) նախակրթարան` 5-6 տարեկանների ընդգրկմամբ.

5) կենտրոն` 0-6` նախադպրոցական բոլոր կամ որեւէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի` տվյալ տարիքային խմբի համար հաստատած չափանիշների (պայմանների) եւ կրթական ծրագրի հիման վրա:

5. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակների կողմից առաջարկվող հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը եւ ծառայությունները կազմվում են` հաշվի առնելով երեխայի ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կարիքները` ապահովելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` երեխայի առողջության պահպանման ու անվտանգության նորմերը:

6. Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ցանկացած կազմակերպություն` անկախ սեփականության ձեւից ու հիմնադրից, ենթակա է լիցենզավորման` համաձայն Կառավարության սահմանած լիցենզավորման կարգի:

Հոդված 21. Նախադպրոցական  ուսումնական հաստատության կարգավիճակը, հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության եւ ոչ պետական:

2. Պետական եւ համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առեւտրային կազմակերպություններ են:

3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:

5. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը իրականացվում  են օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 22. Նախադպրոցական  կրթության բնագավառի կառավարման մարմինները

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է (են) հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման կամ տարածքային կառավարման լիազոր մարմինը, տնօրենը` սույն օրենքին, այլ իրավական ակտերին եւ նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

2. Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են`

1)  Կառավարությունը.

2) կրթության պետական կառավարման  լիազորված մարմինը.

3) տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները.

4) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիրը:

Հոդված 23. Նախադպրոցական  կրթության  բնագավառում Կառավարության լիազորությունները

1. Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարությունը`

1)  հիմնադրում է պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ.

2) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը.

3) հաստատում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.

4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

5) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի  առանձնահատկությունները.

6) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին եւ արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.

7) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով  ֆինանսավորման կարգը, այդ թվում` կրթության  եւ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը.

8) սահմանում է առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները եւ նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը.

9) սահմանում է պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.

10) իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 24. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները  նախադպրոցական կրթության բնագավառում

1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`

1) մշակում եւ իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.

2) մշակում եւ հաստատում է նախադպրոցական  ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, ներառական եւ երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, ներառյալ` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի եւ երեխաների տարիքային եւ զարգացման առանձնահատկություններից բխող նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի նորմատիվները.

3) մշակում  է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.

4) մշակում եւ հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրերը.

5) մշակում եւ հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության   մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը.

6) մշակում եւ հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների եւ մանկավարժական աշխատողների վերապատրաստման  կարգը.

7) մշակում եւ հաստատում է  նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման)  համար  վերապատրաստման եւ հավաստագրման կարգը.

8)  համակարգում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության կազմակերպումն ու իրականացումը.

9)  հաստատում է կրթական ծրագրից բխող ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկները, ուսումնադիտողական նյութերը, մեթոդական ցուցումները, ուսումնադիդակտիկ պարագաները.

10) օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.

11) սահմանում է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը.

12) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների  վարչական եւ մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը.

13) մշակում եւ հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, դրանց ձեւերը եւ վարելու կարգը.

14) սահմանում է ձեռնարկատիրական գործունեության տեսակներով ծառայությունների կազմակերպման օրինակելի կարգը.

15) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտում փորձնական ծրագրեր կրթության համակարգի արդիականացման եւ զարգացման նպատակով` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման եւ կրթության ոլորտի գերակա ուղղությունները.

16) մշակում եւ հաստատում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները եւ դրանց  ներդրման կարգը.

17) մշակում եւ հաստատում է  նախադպրոցական կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի` նախադպրոցական կրթության պետական չափորոշչին, կրթական ծրագրերին համապատասխանության փորձաքննության կարգը.

18) սահմանում է պետական եւ համայնքային նախադպրոցական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը.

19) մշակում եւ հաստատում է նախադպրոցական  ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձեւաչափը.

20) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 25.  Նախադպրոցական կրթության բնագավառում մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երեւանի քաղաքապետի)  լիազորությունը

1. Մարզպետը, տեղական ինքնակառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարը (Երեւանի քաղաքապետը)` յուրաքանչյուրն իր ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունում`

1) իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառում սույն օրենքով եւ օրենսդրությամբ լիազոր մարմնի ղեկավարին վերապահված լիազորությունները.

2) ապահովում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենսդրության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան.

3) ապահովում է լիազոր մարմնի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը եւ պահպանումը, դրանց անվտանգությունը եւ մատչելիությունը.

4) ապահովում եւ հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների  գործընթացի, ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման նկատմամբ.

5) առաջարկում եւ համապատասխան իրավասու մարմնի հաստատմանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատուցած ծառայությունների դիմաց   վարձավճարների չափերը եւ արտոնությունների  ցանկը.

6) նշանակում կամ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ընտրված լինելու դեպքում հաստատում է լիազոր մարմնի ենթակայության  նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին, ինչպես նաեւ պաշտոնից ազատում նրան.

7) վարում  է նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.

8) մասնակցում է նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին.

9) ապահովում է պայմաններ` նախադպրոցական կրթություն ստանալու համար.

10) կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական եւ նորարարական գործունեության իրականացումը.

11) ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման միջոցառումների իրականացումը.

12) իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորող օրենքներով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 26. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:

2.  Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Հոդված 27. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության գնահատումը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին եւ արտաքին գնահատական, որոնց չափանիշները եւ իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Ներքին գնահատումը նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է: Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը: Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական եւ մանկավարժական աշխատողները եւ ծնողները:

3. Ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը հրապարակում է:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ: Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:

5. Արտաքին գնահատումը կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:

6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները,  կրթության պետական եւ տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինների եւ տվյալ ուսումնական հաստատության ներկայացուցիչները:

7. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սանին մատուցվող կրթական ծառայությունների որակի, ուսուցման եւ խնամքի, նախադպրոցական կրթության չափորոշչի վերջնարդյունքների ապահովման հիման վրա:

8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները:

9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը նախադպրոցական ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:

10. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:

ԳԼՈՒԽ 6

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ

Հոդված 28. Նախադպրոցական  ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը

1. Նախադպրոցական  ուսումնական  հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Նախադպրոցական  կրթության եւ խնամքի ծառայությունների ֆինանսական ծախսերը եւ ֆինանսավորման արդյունքները փոփոխվում են` կախված երեխայի տարիքից, տրամադրվող խնամքի որակից, առանձին երեխաների անհատական կարիքներից, ծնողների զբաղվածության վիճակից եւ այլ հանգամանքներից:

3. Կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն սաները, որոնք ունեն հետեւյալ ֆունկցիաների միջին, ծանր եւ խոր խանգարումներ`

1) ձայնի եւ խոսքի.

2) լսողական.

3) տեսողական.

4) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.

5) շարժողական:

4. Կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Կառավարությունը:

5. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են`

1) հիմնադիրների հատկացումները.

2) պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների դեպքում` պետական բյուջեից հատկացումները.

3)  համայնքի բյուջեն.

4) ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) վճարումները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները եւ նվիրատվությունները.

5)  միջազգային կազմակերպությունների կատարած ներդրումները.

6) օրենսդրությամբ չարգելված եւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ ստացված միջոցները.

7)  օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:

6. Նախադպրոցական կրթության ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները.

1) լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.

2) ստեղծել ռեսուրս-կենտրոններ`  իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ եւ ծրագրեր.

3) կազմակերպել երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն եւ խնամք.

4) կազմակերպել ճկուն ռեժիմով երեխային սպասարկելու ծառայություններ.

5) կազմակերպել սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում եւ խնամք:

7. Պետական եւ համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի եւ նորմատիվների հիման վրա:

8. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:

Հոդված 29. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական  բազան

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու զարգացումն իրականացվում են հիմնադրի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, ուսումնամեթոդական եւ ծրագրային նյութեր, զարգացնող խաղային միջոցներ, դիդակտիկ պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ եւ այլն:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Արդեն գործող զարգացման կենտրոնների (մանկական կենտրոնների) լիցենզավորման գործընթացի իրականացման վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:

3. Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվում է համաձայն Կառավարության հաստատած գործողությունների պլանի եւ ժամանակացույցի` մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը:

4. Սույն օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի  7-րդ հոդվածի 1-ին, 5-րդ եւ 6-րդ մասերով, 8-րդ հոդվածի 3-րդ մասով,  9-րդ հոդվածի 2-րդ մասով,  10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ կետերով, 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ եւ 19-րդ կետերով, 28-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել 2021 թվականի մարտի 15-ը: