Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 360.1. հոդվածով՝
«Հոդված 360.1. Զինծառայողին ինքնասպանության հասցնելը
1.Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ,
3) միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար,
4) մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում,
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տաս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին, այսինքն՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ եւ այս հարցերը մենք բարձրացնում ենք որպես հանրային պահանջ, Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու ավելի խիստ պատժի: Ըստ ՀՀ դատախազության տրամադրած տեղեկատվության՝ ըստ տարեթվերի ՀՀ ԶՈՒ-ում եւ ԱՀ ՊԲ-ում զինծառայողների ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի վիճակագրության վերաբերյալ ՀՀ ԶՈՒ եւ ԱՀ ՊԲ-ում ինքնասպանութան կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով մահացությունների թիվը մտահոգիչ է, եւ դա խոսում է շատ լուրջ իրավիճակի մասին, ընդ որում զինծառայողի կողմից այլ զինծառայողի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերը, կախված նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների առկայությունից կամ բացակայությունից, քրեաիրավական գնահատականի են արժանանում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասով, 358.1 հոդվածի 4-րդ մասով կամ 359-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հետեւաբար գործնականում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ ինքնասպանության կամ դրա փորձի պատճառ է հանդիսանում զինծառայողի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը, որը որպես հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշ՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված վերը թվարկված հոդվածների դիսպոզիցիաներում նախատեսված չէ, որի արդյունքում արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով, որը նախատեսում է էապես մեղմ պատժաչափ: Նման իրավակիրառ պրակտիկան արդարացի չէ նաեւ այն առումով, որ արարքի քրեաիրավական որակումից դուրս է մնում հանցագործության առաջնային օբյեկտը՝ զինվորական ծառայության կարգը:
Սույն օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում սահմանել, որպես ինքնուրույն հանցակազմ՝ հոդված 260.1 զինծառայողին ինքնասպանության հասցնելը, որի մասերում նախատեսված են նշված հանցագործության կատարման հատկանիշները:
Հարկ եմ համարում նաեւ նշել, որ սույն օրենքի նախագիծը ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ նախագծի վերաբերյալ մասնագիտական եւ խորհրդատվական կարծիք ստանալու համար, որի ստացված բոլոր նկատառումները եւ առաջարկությունները ամբողջությամբ ներառվել են նախագծում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
« 7 » հոկտեմբեր 2019թ.
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով՝ |
Նաիրա Զոհրաբյան
Վահե Էնֆիաջյան Շաքե Իսայան |