«7. Համատիրությունը պարտավոր է սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի «ա» կետում «եւ այլ վճարումներից» բառերից հետո լրացնել «՝ անկանխիկ եղանակով տվյալ համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով» կետադրական նշանով եւ բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի դեկտեմբերի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը բխում է համատիրության պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին վերաբերող ողջ տեղեկատվության հասանելիության ապահովման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման, համատիրության յուրաքանչյուր անդամի կողմից կատարված փայավճարների եւ այլ վճարների գործընթացի հսկողության եւ իրենց պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունից:
2. Առկա իրավիճակը եւ խնդիրները.
2002 թվականի մայիսի 7-ին ընդունված եւ 2002 թվականի հունիսի 6-ին ուժի մեջ մտած «Համատիրության մասին» ՀՀ օրենքը (մասնավորապես՝ 28-րդ հոդվածի «ա» կետը) սահմանում է համատիրության միջոցների գոյացումը հետեւյալ կերպ.
Համատիրության միջոցները գոյանում են.
ա) համատիրության անդամների եւ շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումներից եւ այլ վճարումներից.
բ) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Հոդվածի առաջին կետը խնդրահարույց է, քանզի չի ներառում միջոցների գոյացման համար նախատեսված պարտադիր վճարումների կատարման կարգը` խոչընդոտելով դրանց արդյունավետ իրականացմանը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքի կառավարումը իրականացնող համատիրությունները ստեղծվում են իրավաբանական անձանց կարգավիճակով ` բաղկացած լինելով տարբեր գործադիր մարմիններից. ընդհանուր ժողով, վարչություն (այսուհետ` վարչություն), նախագահ, կառավարիչ: Համատիրության հիմնական նպատակն է` բնակարանների սեփականատերերի ընդհանուր գույքի, նախատեսված պարտադիր վճարների իրականացումը եւ կառավարումը: Սակայն համատիրության կառավարման մարմինները միշտ չէ, որ սեփականատերերին պահում են իրազեկված` հանգեցնելով իրենց իրավունքների ոտնահարման: Սեփականատերերի մեծ մասը տեղեկացված չէ, արդյոք իրականացվում է իրենց կողմից կատարված համատիրության պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների մուտքը բյուջե եւ այդ գումարների հետագա բաշխումը բյուջեից, ըստ անհրաժեշտության:
Տվյալ իրավիճակը հանգեցնում է մի շարք խնդիրների կապված համատիրության կանոնադրությամբ նախատեսված սահմանված կարգով համատիրության բյուջեի եւ հաշիվների պլանավաորման եւ իրականացման, բանկային հաշիվների բացման, տեխնիկական սպասարկման բարեկարգման վերահսկողության հետ` անհրաժեշտություն ստեղծելով պետության կողմից լրացուցիչ վերահսկողություն իրականացնելու եւ առավել խիստ պահանջներ սահմանելու:
Այսպիսով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժդ», «ժե» կետերը եւ «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասը եւ 28-րդ հոդվածի «ա» կետը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ ֆինանսական քաղաքականություն վարելու առկա պահանջներին ու կարիքներին:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակ ունի համատիրությունների անդամների կողմից պարտադիր վճարների անկանխիկ եղանակով տվյալ համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով ապահովել ողջ գործընթացի թափանցիկություն, այն է՝ տեղեկատվության հասանելիության ապահովման իրավական հնարավորություն:
4. Ակնկալվող արդյունքը.
Օրենքների նախագծի փաթեթի ընդունմամբ կապահովվի համատիրության անդամների պատասխանատվության աստիճանի բարձրացումը եւ հանրային միջոցների արդյունավետ բաշխման համակարգի ստեղծումը, մասնավորապես ՝ «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասով եւ օրենքի 28-րդ հոդվածի «ա» կետով սահմանված բանկային հիմնարկներում պարտադիր կերպով հաշվարկային հաշիվների բացում դրամական միջոցները պահելու եւ դրամական բոլոր տեսակի գործառնություններն իրականացնելու համար եւ համատիրության անդամների եւ շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետության եւ թափանցիկության ապահովում:
Սույն փոփոխությունը չի առաջացնում ֆինանսական հավելյան ծախսեր:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
7 հոկտեմբերի 2019թ.
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Գրությանը կից ներկայացվում է՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վաղարշակ Հակոբյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ | ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ |