Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-312-09.10.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«18) Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (այդ թվում որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձեւավորված եւ մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ն անհուսալի ճանաչված ակտիվների եւ ակտիվների մասով մինչեւ դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված եւ նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տոկոսների, տույժերի եւ (կամ) տուգանքների գումարները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 40-րդ կետով.

«40) Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված եւ մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ն անհուսալի ճանաչված ակտիվների մասով զիջված կամ ներված (այդ թվում՝ մասնակի) գումարները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի մասով տարիների ընթացքում կուտակվել են էական ժամկետանց պարտավորություններ, որոնց մասով բանկերը եւ վարկային կազմակերպությունները ունեն խնդիր՝ կապված հարկային օրենսդրության հետ:

Մասնավորապես, շատ հաճախ բանկերը եւ վարկային կազմակերպությունները պատրաստ են ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացածը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու դեպքում` հաշվի առնելով ամբողջ գումարը ստանալու հավանականությունը եւ ժամանակը: Միեւնույն ժամանակ, կան նաեւ պարտքի զիջման հնարավորություններ՝ որոշակի զեղչով: Սակայն, այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ:

1. Մասնավորապես` ներված վարկի, տոկոսագումարների  եւ տույժերի համար վճարվում է շահութահարկ, քանի որ այդ ամենը համարվում է եկամուտ` հաշվեգրման պահին, այլ ոչ թե դրա փաստացի ստացման:

2. Դեռ ավելին, ֆիզիկական անձանց  վարկերի ներման դեպքում ներված վարկը համարվում է եկամուտ ֆիզիկական անձի համար եւ վարկատուն վճարում է նաեւ եկամտային հարկ՝ որպես հարկային գործակալ:

Արդյունքում, շատ հաճախ նման գործարքները բանկի կամ վարկային կազմակերպության համար համարվում են ոչ շահավետ, քանի որ հարկերի գումարը գերազանցում է փաստացի մարված վարկի գումարը եւ պարտավորությունները շարունակում են մնալ չկատարված: Այս պարագայում տուժում են երեք կողմերն էլ՝

- ֆինանսական կառույցները չեն կարողանում ստանալ ժամկետանց վարկերի գոնե որեւէ մասը,

- հաճախորդները չեն կարողանում «ազատվել» ժամկետանց պարտավորություններից, որոնց մասով շարունակում են կուտակվել տոկոսներ եւ տույժեր,

- պետական բյուջեն, իր հերթին, չի ստանում հարկային մուտքեր:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ առաջարկվում է հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման եւ զեղչով զիջման գործարքներ:

Նման կարգավորումը հնարավորություն կտա կարգավորել համակարգի վարկերի մինչեւ 10%-ի չափով պարտավորությունները, ինչը նշանակում է, որ շահառու կարող են հանդիսանալ ավելի, քան 100.000 վարկառուներ:

Նման օրենսդրական փոփոխություն կառավարությունն իրականացնել է նախորդ տարվա հունիս ամսին՝ միայն ֆիզիկական անձանց վարկերի տոկոսների եւ տույժերի գծով, սակայն հաշվի առնելով վերոշարադրյալը,  դա չի եղել բավարար եւ ամբողջական լուծում առկա խնդիրները լուծելու համար:

Հաշվի առնելով, որ նման հնարավորությունը կարող  է պարունակել ռիսկ՝ «կեղծ» ժամկետանց վարկեր ստեղծելու եւ առանց հարկային պարտավորությունների ներելու, առաջարկվում է հնարավորությունը կիրառել մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ անհուսալի վարկերի վրա, ինչը ենթադրում է առնվազն 2019թ. ապրիլին այդ վարկերի ժամկետանց դառնալու փաստը:

Կիրառվող հնարավորության արդյունքում մասնակի ներման եւ/կամ զիջման դեպքում, եթե մարվի առկա պարտավորությունների առնվազն 10%-ը, բանկերի կողմից վճարվող լրացուցիչ շահութահարկը կկազմի մոտ 10 մլրդ հայկական դրամ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի հոկտեմբերի ___-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

126 Է. Մարուքյան
125 Գ. Գորգիսյան
116 Ա. Խաչատրյան
117 Ա. Սամսոնյան
118 Հ. Բաբայան
119 Ա. Եղիազարյան
120 Ա. Կոստանյան
121 Կ. Սիմոնյան
122 Ս. Գրիգորյան
123 Ս. Ալեքսանյան
124 Գ. Բաղդասարյան
127 Մ. Թանդիլյան
128 Է. Անդրեասյան
129 Ռ. Ստեփանյան
130 Տ. Սիմոնյան
131 Հ. Այվազյան
132 Ս. Մինասյան
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:
 
 
Հարգանքով՝
ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ