Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-315-10.10.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության մեջ «հարկադիր կատարողներին» բառերից հետո ավելացնել «դատական կարգադրիչներին» բառերը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13-ը հունիսի 2018 թվականին ընդունված «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքով կանոնակարգվել է Դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը եւ իրավահարաբերությունները:

Սույն օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ այն է Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դասային աստիճանների որակավորման դասերի համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության կոչումներին սահմանում է Կառավարությունը: ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով սահմանված պաշտոնների, դասային կոչումների եւ աստիճանների համապատասխանությունը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1796-Ն եւ թիվ 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 911-Ն որոշմամբ սահմանվել է Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների եւ կոչումների համապատասխանությունը:  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կոչման համար հավելավճար տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին, իսկ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաեւ՝ զինծառայող), քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն որոշվում է բազային աշխատավարձի եւ նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում՝ համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:

Հարկ է նշել, որ դատական կարգադրիչներին կոչման համար հավելավճարներ նախատեսված չեն, որով խախտվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքները, որն իր հերթին ի չիք է դարձնում Դատական կարգադրիչների ծառայությունում կոչումը՝ որպես բարոյահոգեբանական եւ նյութական խթան ծառայելու կարեւորագույն հանգամանքը:

Ուստի «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներն ապահովելու, ինչպես նաեւ Դատական կարգադրիչների ծառայությունում կոչումը՝ որպես բարոյահոգեբանական խթան կիրառելու նպատակով, կարեւորում ենք «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու համար, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը դատական կարգադրիչների կոչման համար հավելավճարներ եւ դրանց վճարման կարգն ու չափերը սահմանող նախագծով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 7-րդ հոդվածի մասի առաջին նախադասության մեջ «հարկադիր կատարողներին» բառերից հետո ավելացնել «դատական կարգադրիչներին» բառերը:

Օրենքում համապատասխան փոփոխությունները կատարելուց հետո կապահովվեն պետական ծառայողների վարձատրության սկզբունքների հիմնական պահանջները: Դատական կարգադրիչների ծառայության «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» ֆոնդը կավելանա ամսական 5,584.24 հազ. դրամով, իսկ տարեկան կտրվածքով՝ 73,321.11 հազ. դրամով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



9 հոկտեմբերի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:

Խնդրում ենք ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: