Armenian ARMSCII Armenian
Կ-317-11.10.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնել Հանձնաժողով:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաեւ բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով:»:

Հոդված 3. Օրենքի 16.1-ին  հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբին կամ որոշակի ապրանքի համար կամ որոշակի ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվող ցանկացած օժանդակություն (ներառյալ՝ սուբսիդիա, դրամաշնորհ, օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ, այլ ֆինանսական միջոցներ կամ այլ պայմաններ), որի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսվարող սուբյեկտները չէին ունենա:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված եզրակացությունը չի տրամադրվում այն պետական օժանդակությունների վերաբերյալ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը եւ ադապտացմանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետեւանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.

«6. Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության միասնական գրանցամատյան:

7. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության տրամադրումից հետո Հանձնաժողով են ներկայացնում իրենց տրամադրած պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն մասով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգն ու ժամկետները սահմանվում են Կառավարության որոշմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի «է» կետը «պետական օժանդակության,» բառերից հետո լրացնել «պետական օժանդակության միասնական գրանցամատյանի վարման ու գրանցամատյանի ձեւի,» բառերով:

Հոդված  5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Կառավարության որոշմամբ սահմանվում են տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգն ու ժամկետները:

3. Պետական օժանդակության միասնական գրանցամատյանում հաշվառելու նպատակով Կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո պետական օժանդակություն տրամադրող մարմինները Հանձնաժողով տեղեկատվություն են ներկայացնում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված այն պետական օժանդակությունների մասին, որոնք շարունակվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: