Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաեւ յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները՝ պայմանավորված տվյալ տարվա շահառուների թվաքանակով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի ընդունումը բխում է պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ իրավական ակտերի սահմանադրականությունը պահպանելու անհրաժեշտությամբ, նկատի ունենալով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Պետական աջակցությամբ ձեւավորված` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երեւանում եւ Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում (այլ կերպ անվանվում է նաեւ «Վետերան» օթեւան):
Սոցիալական տներում շահառուներին կացարանով ապահովման կարգը եւ ծառայությունների տրամադրման գործընթացը կանոնակարգված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ: Համաձայն որի, կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք սոցիալական վիճակով պայմանավորված հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, եւ երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաեւ իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:
Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները դժգոհում են, որ կենսաթոշակը հիմնականում չի բավարարարում սննդի եւ կոմունալ ծառայությունների վարձերը վճարելու համա:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրինագծի ընդունմամբ կկարգավորվի պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով: Յուրաքանչյուր տարվա համար սոցիալական աջակցության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ սույն օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվի սոցիալական աջակցության տրամադրման կարգը եւ պայմանները:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում, սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման): Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարն գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496, 000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
Սույն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել եւ ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որը կսահմանի ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը եւ փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները՝ պայմանավորված տվյալ տարվա շահառուների թվաքանակով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի լրացուցիչ ավելացում չի նախատեսվում: 2020 թվականին սույն միջոցառման համար պահանջվող 8 496,0 հազ. դրամ ծախսը նախատեսվում է իրականացնել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված՝ «Խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց» ծրագրի շրջանակներում, հատկացված բյուջետային միջոցների տնտեսումների հաշվին՝ հոդվածափոխություն կատարելու միջոցով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1353 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. հոկտեմբերի 7 Երեւան |
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1353-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |