Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-280-12.09.2019,16.10.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետեւ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի`

1. «ժ» կետում «արտադրանքի թողարկման» բառերից հետո լրացնել  «(ներառյալ դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների  արտադրման ու ներմուծման)» բառերը,

2. «ժե» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» կետով.

«ժզ) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի` համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող եռակողմ պայմանագրերի:»

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 1-ին եւ 2-րդ մասերում «արդարադատության,» բառից հետո լրացնել «առողջապահության» բառը,

2. 2-րդ մասում «ե» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե1» կետով.

«ե1) ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ապահովում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին բնակչության բնական կենսագոյության ապահովման համար լրացուցիչ ուժերի եւ միջոցների ծավալման վերաբերյալ առաջադրանքների տրամադրում:»

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) սահմանում է ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձեւից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման լիազորությունները:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման եւ առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:

1990-ական թվականներից սկսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել առողջապահության համակարգի զգալի շուկայականացում: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում գործում են 125 հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնցից 51-ը տեղակայված են Երեւան քաղաքում, 74-ը` մարզերում: Վերոնշյալ կենտրոններից 68-ը մարզային ենթակայության են (57.4%), 36-ը` մասնավոր եւ սեփականաշնորհված (28.8%), 7-ը` այլ գերատեսչությունների ենթակայության ներքո (5.6%) եւ միայն 14-ն են գտնվում առողջապահության նախարարության ենթակայության ներքո (11.2%): Հարկ է նշել նաեւ, որ մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հիմնարկներում է տեղակայված հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32%-ը: Ընդ որում` գործող մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների մեծամասնությունը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որտեղ կենտրոնացված է առողջապահական համակարգի մարդկային եւ տեխնոլոգիական ներուժի զգալի մասը, ուստի նրանց գործունեությունը նշանակալի դերակատարում կունենա ռազմական դրության պայմաններում:

Նաեւ, անկախության տարիներին տեղի ունեցած առողջապահության համակարգի ապակենտրոնացման արդյունքում առողջության առաջնային պահպանման օղակի կառավարման լիազորությունները պատվիրակվեցին տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Ներկայում գործում են 360 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնցից 86-ը` պոլիկլինիկաներ են (այդ թվում` բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներ), 268-ը` գյուղական առողջության առաջնային պահպանման հաստատություններ են (գյուղական բժշկական ամբուլատորիաներ, գյուղական առողջության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ), 6-ը` ընտանեկան բժիշկների անհատական եւ խմբային  անկախ պրակտիկաներ են: Առողջապահության նախարարության ենթակայության է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմում գործող պոլիկլինիկան: Մյուս առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունները մարզային կամ համայնքային ենթակայության են կամ հանդիսանում են մասնավոր հաստատություններ:

Ռազմական դրության պայմաններում առողջության առաջնային պահպանման օղակի դերակատարությունը կբարձրանա եւ նախատեսվում է, որ բնակչության պլանային բժշկական օգնության եւ սպասարկման  հիմնական բեռը կրելու է հենց այդ օղակը:

Այսպիսով` միայն 14 հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն եւ 1 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն է գտնվում առողջապահության նախարարության ենթակայության ներքո, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում կծագի առողջապահական համակարգի միասնական կառավարման դժվարություն, ինչպես բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման,  այնպես էլ ռազմական ագրեսիային դիմակայելու համար լրացուցիչ ուժերի եւ միջոցների ծավալման համար լիազոր մարմնի կողմից տրվող ձեռնարկելիք միջոցառումների համար իրավական հիմքերի բացակայության տեսանկյունից:

Կառավարության համապատասխան որոշման համաձայն, սահմանված են զորահավաքային առաջադրանք ունեցող դեղ արտադրող եւ ներմուծող  կազմակերպությունների ցանկը (գաղտնի), սակայն այդ հանձնարարությունը մինչեւ օրս սահմանված չի եղել որեւէ օրենսդրական ակտով: Սույն նախաձեռնությամբ փորձ է կատարվում ուղղել այդ օրենսդրական բացը:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ: Ընդ որում, առաջարկվող լրացումները համահունչ են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ  ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի եւ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ