Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-182-07.06.2019,21.10.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակը պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքների եւ պարտականությունների համակարգված կատարման ապահովումն է ներդրումային ծրագրերի պետական աջակցության ոլորտում:

2. Սույն օրենքի կարգավորման առարկան օրենքի 2-րդ հոդվածով սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պետական մարմինների, ինչպես նաեւ այդ ծրագիրն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ տվյալ ներդրումային ծրագրի շրջանակներում հարաբերություններն են:

Հոդված 2. Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության չափորոշիչները

1. Սույն օրենքով պետական աջակցության ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ազգային դրամով արտարժույթով, արժութային այլ տեսակներով, շարժական ու անշարժ գույքով, բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով, մտավոր սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակով 50 մլն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ներդրումային ծրագրերը:

Հոդված 3. Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության կարգը եւ լիազոր մարմինը

1. Սույն օրենքի պահանջների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

2. Սույն օրենքի պահանջների կատարումը պետական լիազոր մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

3. Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է:

Հոդված 4. Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմնի գործառույթները

Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմնի գործառույթներն են՝

1. մեկ պատուհանի սկզբունքով ներդրումային ծրագրերի պետական աջակցության իրականացումը

2. սույն օրենքով սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրերի իրականացման ողջ շղթայի ընթացքում պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներդրումային ծրագրի իրագործման շրջանակներում պարտականությունների կատարման համակարգումը, այդ թվում՝ հողի նպատակային նշանակության փոփոխության, շինարարության թույլտվության, նախագծային փաստաթղթերի հաստատման, օբյեկտի նշանակության, անշարժ գույքի ձեռքբերման, արժեթղթերի եւ պարտատոմսերի ձեռքբերման, նոր կազմակերպության ստեղծման, գործող կազմակերպության վերակազմակերպման, լիցենզավորման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացներում:

3. ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում պետական այլ մարմիններին ծրագրի իրականացմանն առընչվող դիմումների ներկայացումը եւ դրանց կատարման ընթացքի վերահսկումը

4. ներդրումային ծրագրերի էլեկտրոնային դիտանցման միասնական համակարգի կառավարումը:

Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ