Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի այսուհետ (այսուհետ՝ օրենսգիրք) 1235 հոդվածի 4-րդ մասում «Առանց» բառից հետո լրացնել «զույգ» բառը:
Հոդված 2. Օրենսգրքի 1235 հոդվածի 13-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Տրանսպորտային միջոցը համարվում է զույգ համարանիշով, եթե համարանիշերն ամրացված են դրանց համար նախատեսված տեղում եւ ընթեռնելի են ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
Տրանսպորտային միջոցը համարվում է մեկ համարանիշով, եթե համարանիշերից մեկը ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում եւ ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 1235 հոդվածը լրացնել նոր 16-րդ մասով.
«16. Զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդրական առկա լուծումների պայմաններում զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցի վարորդների հանդեպ կազմվում է նույն վարչական իրավախախտման արձանագրությունը բոլոր այն դեպքերում, երբ ինչպես մեկ համարանիշն է բացակայում կամ ոչ սահմանված տեղում է դրված, այնպես էլ միարժամանակ 2-ի բացակայության կամ ոչ սահմանված տեղում փակցնելու դեպքում սահմանվում է միեւնույն վարչական ակտը՝ 200000 դրամի չափով:
2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքով առաջարկվող փոփոխությունների պատճառն է.
Կարծում ենք օրենսդրական կարգավորմամբ չպետք է հավասարության նշան դրվի զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների բոլոր այն վարորդների միջեւ, որոնց մի մասը տրանսպորտային միջոցը վարում է միայն մեկ պետհամարանիշով, իսկ մյուս մասի մոտ զույգն էլ բացակայում է: Այս հանգամանքը պատճառաբանում ենք նրանով, որ զույգ համարանիշի բացակայության դեպքում առերեւույթ առկա է ակնհայտ միտում՝ տրանսպորտային միջոցը վարել առանց պետհամարանիշի, քանի որ գրեթե անհավանական է այն իրավիճակը, որ որոշակի տարածքում երթեւեկելիս տրանսպորտային միջոցի զույգ համարանիշները կարող էին ընկած լինել վերջինիս վրայից կամ գողացված լինել եւ դրա մասին վարորդը չտեղեկանա կամ չնկատի: Իսկ ահա կարող են լինել իրավիճակներ, երբ ճանապարների ոչ պատշաճ որակի կամ ժամանակի ընթացքում պետհամարանիշն ամրացնող պտուտակների վնասման պայմաններում մեքենան վարելիս, ընթացքում, պետհամարանիշներից մեկը անկախ վարորդի գործողութուններից ընկնի մեքենայի վրայից: Հետեւաբար, նման իրավիճակներում, պետք է դրսեւորվի տարբերակված մոտեցում եւ վարչական իրավախախտման համար ներկայացվող տուգանքը պետք է լինի էականորեն ցածր:
50000 դրամ վարչական տուգանքը պատճառաբանում ենք այն հանգամանքով, որ այնուամենայնիվ վարչական տուգանքը պետք է լինի զգալի, որպեսզի օրինակ բացառենք այն դեպքերը, երբ վարորդը կարող է միտումնավոր հանել դիմացի պետհամարանիշը եւ արագ վարի կատարելով բազմաթիվ արագության խախտումներ եւ դրանց դիմաց ենթարկվի շատ փոքր, օրինակ 5000 կամ 10000 դրամ տուգանքով:
Այսպիսով, օրենսդրական վերը ներկայացված կարգավորման արդյունքում հաշվի է առնվում վերոնշյալ իրավիճակում վարորդների անմեղության կանխավարկածը եւ վարորդների համար առաջարկվում է մեղմացնող կարգավորում:
Առաջարկվող կարգավորումը
Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի եւ այն դեպքերի համար, երբ բացակայում է միայն համարանիշներից մեկը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որ բոլոր այն դեպքերում, երբ վարորդները երթեւեկում են մեկ պետհամարանիշով ենթարկվեն զգալիորեն ավելի քիչ վարչական պատասխանատվության, քան դեպքերում, երբ բացակայում է համարանիշներից միայն մեկը:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
22 հոկտեմբեր 2019թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ՜ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
- նախագծի ընդունման հիմնավորումը,
- օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` (6) էջ:
Հարգանքով` Գեւորգ Պապոյան /057/