Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-324-23.10.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«շրջիկ առեւտրի կետեր` ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովվածմիայն ավտոմոբիլներ եւ/կամ դրանց կցորդներ.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր` 5.2., 5.3. եւ 5.4. հոդվածներով.

«Հոդված 5.2. Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայության մատուցումը

1. Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը՝ Երեւանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա:

2. Շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները եւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման  ժամերը սահմանվում են Երեւան համայնքի ավագանու որոշմամբ:

3. Շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում են եւ նշանով կահավորվում են Երեւանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով: Նշված վայրերում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամերի ընթացքում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առեւտրի կետերը:

4. Շրջիկ առեւտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների սանիտարական կանոններին եւ նորմերին համապատասխան անվտանգությունը եւ որակը պահպանելու համար:

5. Երեւան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորային միջոցից եւ/կամ դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ որեւէ ծառայություն մատուցելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,  արգելվում է:

Հոդված 5.3. Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը

1. Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը իրավունք ունի սույն օրենքի 5.2. հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված վայրերում կայանած շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե.

1) շրջիկ առեւտրի կետը չունի սույն օրենքի 5.2.-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվություն եւ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի պահանջով դրա սեփականատերը կամ փաստացի տիրապետողը անհապաղ չի դադարեցնում վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը եւ չի ազատում տարածքը կամ բացակայում է տարածքից.

2) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի պահանջով անհապաղ չի ազատում տարածքը կամ  բացակայում է տարածքից:

2. Շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

3. Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը կազմում է շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում  կամ ուղարկում է շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաեւ համապատասխան հայտարարություն է տեղադրվում www.yerevan.am կայքում:

4. Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով եւ ժամերով՝ սկսած հատուկ տարածքում այն տեղափոխելու պահից:

5. Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:

6. Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու եւ այնտեղ պահպանելու համար գանձվում է վճարներ, որոնց չափը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:

7. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում է, այդ մասին արձանագրություն կազմելուց հետո հատուկ տարածք տեղափոխման եւ պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

8. Շրջիկ առեւտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան ապացույցներով հիմնավորելու պարտավորություն:

Հոդված 5.4. Երեւան համայնքի վարչական տարածքում շրջածախ առեւտուր իրականացնելը

1. Երեւան համայնքի վարչական տարածքում գտնվող պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առեւտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երեւանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ վարչական շրջանի ղեկավարը:

2. Շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջներ, պայմաններ, շրջածախ առեւտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները եւ շրջածախ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունում «մասով» բառից հետո լրացնել «5.2.-րդ հոդվածի 1-4-րդ մասերով եւ 5.3-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են օրենքով օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնց համաձայն՝ առեւտրի իրականացման տեսակներ են  նաեւ շրջիկ եւ շրջածախ առեւտուրը:

Երեւան քաղաքում ներկայումս, ի թիվս առեւտրի կազմակերպման եւ ծառայությունների մատուցման մյուս տեսակների, առեւտուր է իրականացվում կամ ծառայություններ են մատուցվում նաեւ շրջիկ առեւտրի կետերի եւ շրջածախ առեւտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ, սակայն, առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ: Մասնավորապես, սահմանված չեն շրջիկ առեւտրի կետերի գործունեության եւ շրջածախ առեւտրի իրականացման համար թույլատրված վայրերը, դրանց իրականացման ժամերը, առեւտրի կետերին ներկայացվող պահանջներն ու պայմանները եւ մի շարք այլ հարցեր: Օրենսդրորեն ամրագրված չեն նաեւ դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցները:

 «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ  կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը վերոնշյալ բնագավառը կանոնակարգելու նպատակ է հետապնդում, ուստի նախատեսում է սահմանել սույն իրավահարաբերությունները կարգավորող նորմեր:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

22 հոկտեմբերի 2019թ.

  ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                                     ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
  
 

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

-օրենքների նախագծերի փաթեթը,

-օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

-գործող օրենքների փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր`  (15) էջ:
 
Հարգանքով՝  Սիսակ Գաբրիելյան