Armenian ARMSCII Armenian
Պ-3241-23.10.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-25.3-րդ կետերով.

«25.1) սահմանում է շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման  ժամերը, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները.

25.2) սահմանում է շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը եւ շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու եւ պահպանելու համար վճարների չափը.

25.3) սահմանում է Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առեւտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները եւ շրջածախ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը.»:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.3-4.5-րդ կետերով.

«4.3) սահմանված կարգով տալիս է Երեւան քաղաքում շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.

4.4) սահմանում է շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերի գծանշման եւ նշանով կահավորման կարգը.

4.5) սահմանված կարգով տալիս է Երեւանում շրջածախ առեւտուր իրականացնելու թույլտվություն.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: