Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3242-23.10.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի վերնագրում «կատարողի» բառից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 158-րդ հոդվածի 13-րդ պարբերությունում «կրպակներում» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ շրջիկ առեւտրի կետերում եւ շրջածախ առեւտրի միջոցով» բառերը, իսկ 14-րդ պարբերությունում «վայրերում» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ շրջիկ առեւտրի կետերում եւ շրջածախ առեւտրի միջոցով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:» պարբերությունից  հետո լրացնել նոր պարբերություններով.

«Երեւան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Երեւան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորային միջոցից եւ/կամ դրանց կցորդներից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Երեւան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առեւտուր իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:    
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են օրենքով օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնց համաձայն՝ առեւտրի իրականացման տեսակներ են  նաեւ շրջիկ եւ շրջածախ առեւտուրը:

Երեւան քաղաքում ներկայումս, ի թիվս առեւտրի կազմակերպման եւ ծառայությունների մատուցման մյուս տեսակների, առեւտուր է իրականացվում կամ ծառայություններ են մատուցվում նաեւ շրջիկ առեւտրի կետերի եւ շրջածախ առեւտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ, սակայն, առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ: Մասնավորապես, սահմանված չեն շրջիկ առեւտրի կետերի գործունեության եւ շրջածախ առեւտրի իրականացման համար թույլատրված վայրերը, դրանց իրականացման ժամերը, առեւտրի կետերին ներկայացվող պահանջներն ու պայմանները եւ մի շարք այլ հարցեր: Օրենսդրորեն ամրագրված չեն նաեւ դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցները:

 «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ  կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը վերոնշյալ բնագավառը կանոնակարգելու նպատակ է հետապնդում, ուստի նախատեսում է սահմանել սույն իրավահարաբերությունները կարգավորող նորմեր:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ



22 հոկտեմբերի 2019թ.

  ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                                     ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  
  Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

-օրենքների նախագծերի փաթեթը,

-օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

-գործող օրենքների փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր`  (15) էջ:
 
Հարգանքով՝  Սիսակ Գաբրիելյան