Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-328-28.10.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 01-ի օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 134-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել։

Հոդված 2. Oրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «կալանավորման փոխարեն» բառերը:

Հոդված 3. Oրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ խափանման միջոցով կալանքից ազատելու հնարավորության հարցը:»:

Հոդված 4. Oրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը որոշելիս դատարանն իրավունք ունի ճանաչել մեղադրյալին սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ խափանման միջոցով կալանքից ազատելու հնարավորությունը եւ կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով:»:

Հոդված 5. Oրենսգրքի 141-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«11) ապահովել այն անձանց ծանոթացումը կալանավորման եւ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ նշանակելու մասին որոշումներին, որոնք ցանկություն են հայտնել ներդրում կատարելով կամ երաշխավորությամբ մեղադրյալին ազատել կալանքից.

12) կալանքից անմիջապես ազատել անձին, որի ազատման համար սույն հոդվածի 11-րդ կետով նախատեսված գործողությունը կատարված է։»:

Հոդված 6. Oրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) անձին կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունը կատարված է:»:

Հոդված 7. Oրենսգրքի 143-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Գրավը դատարանի որոշման հիման վրա դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձեւով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ խախտել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

3. Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:

4. Դատարանի նշանակած գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից: Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի գումարի մասին որոշումը:

5. Եթե մեղադրյալը խախտել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանի որոշումը գրավատուն կարող է բողոքարկել վերադաս դատարան:

6. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:»:

Հոդված 8. Oրենսգրքի 285-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 
   

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը (այսուհետ՝ «Սահմանադրական դատարան») 2019թ. հոկտեմբերի 15-ին կայացրել է ՍԴՈ–1480 որոշումը (այսուհետ՝ «Որոշում»), որով մասնավորապես անդրադարձել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 143-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն») դրույթներին համապատասխանության հարցին:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել պարզաբանել, թե արդյո՞ք գրավը՝ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց նախատեսելը եւ դրա կիրառման օրենսդրական սահմանափակումը երաշխավորում են Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված՝ անձի անձնական ազատության հիմնական իրավունքը եւ համապատասխանու՞մ են արդյոք Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքին:

Սահմանադրական դատարանն իր Որոշմամբ ամրագրել է հետեւյալը.  

- խափանման միջոց գրավի ինստիտուտը համապատասխանեցնելով Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման տրամաբանությանը՝ դիտարկել որպես առանձին, կալանավորումից անկախ եւ ինքնուրույն կիրառելի խափանման միջոց.

- անձին կալանավորելու եւ կալանքի ժամկետը երկարացնելու հարցերը քննարկելիս դատարանին հնարավորություն տալ միաժամանակ քննարկել օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ խափանման միջոցներով անձին կալանքից ազատ արձակելու հնարավորության հարցը.

- կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի պարտականություններում կատարել փոփոխություններ՝ կապված նոր կարգավորումների հետ։

Չշեղվելով Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման տրամաբանությունից՝ նախագծով փոփոխություններ են կատարվել նաեւ գրավի կիրառության հիմքերում:

Մասնավորապես, Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով դատարանի կողմից գրավի կիրառության հնարավորություն է ընձեռվել ոչ միայն ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների մասով, այլ ընդհանուր առմամբ բոլոր տեսակի հանցագործությունների դեպքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրավը, որպես ինքնուրույն, կալանավորումից անկախ խափանման միջոց, քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու եւ դատավճռի կատարումն ապահովելու նպատակով կարող է կիրառվել բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերում։ 
  

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ո Ր Ո Շ Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի հոկտեմբերի 25-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,
Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,


Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,
Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը։

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ։
 

Հարգանքով՝                ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ