Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-330-29.10.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման օրենքով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը եւ հարգադրոշմումը եւ դրանց հետ կապված գործողություններն իրականացնում է ֆինանսների նախարարության հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայությունը (այսուհետ՝ հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայություն):»

2) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայությունը պարտավոր է՝»

3) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայության աշխատակիցները պետք է ունենան համապատասխան որակավորում:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորումներն իրականացնում են լիազոր մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովները, ընդ որում՝ դրանց կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ:»

2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծելիս, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նշված դեպքերի, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով հարգորոշման եւ հարգադրոշմման` հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայության կողմից: Նշված ռեժիմով ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման պարտականությունը կրում է ներմուծողը:»

1) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) այդ իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատասխանում են սույն օրենքով սահմանված հարգերին եւ դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին: Այս դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը (խմբաքանակը) մաքսային հսկողության ներքո ներկայացնում է հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայություն հարգորոշման նպատակով: Վերջինս ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա ներմուծողի հայեցողությամբ կամ դրոշմում է իր տարբերանիշը կամ դրանց վրա ամրացնում է իր տարբերանիշով դրոշմված կախոց, որոնց համար տալիս է համապատասխան տեղեկանք.»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի խախտման դեպքում հարգորոշում եւ հարգադրոշմումն իրականացնող  անձի նկատմամբ կիրառվում են պատասխանատվության հետեւյալ միջոցները.

1) նկատողություն

2) խիստ նկատողություն

3) մասնագիտական որակավորման գործողության դադարեցում:»

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկայումս թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի առքուվաճառքի գործընթացներում առկա են այդ ապրանքները բնութագրող հարգորոշված եւ հարգադրոշմված ցուցանիշների եւ դրանց իրական որակական հատկանիշների միջեւ անհամապատասխանություններ, որը հանգեցնում է մի կողմից սպառողների շահերի ոտնահարմանը, մյուս կողմից՝ արտահանվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որակական հատկանիշների նկատմամբ վստահության նվազմանը:

Առկա կարգավորումները եւ դրանից բխող վարչարարությունը ներկա վիճակի արմատական փոփոխությունների չեն հանգեցնում:

Ուստի՝ առաջարկվում է վերոնշյալ ապրանքների հարգորոշման եւ հարգադրոշմման իրավունքը վերապահել պետությանը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

25 հոկտեմբերի 2019


Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը

Որոշեց՝

Օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնել «Թանկարժեք մետաղների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: 
  
   
 

ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ`   ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ


 __28 __ հոկտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Թանկարժեք մետաղների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ)խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
 

Հարգանքով՝    ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ