Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3331-30.10.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի՝

1) վերնագրում «զորահավաքներից» բառը փոխարինել «զորահավաքային ծառայությունից» բառերով.

2) 1-ին մասում «զորավարժանքից» բառը փոխարինել «զորահավաքային զորակոչից» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքում օգտագործվող հասկացությունները «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն քրեական պատասխանատվություն է սահմանված զորահավաքից խուսափելու համար, սակայն հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում օգտագործվող հասկացությունները նույնական չեն՝ հոդվածի վերանագրում սահմանված է «զորահավաքներ» բառը, իսկ 1-ին մասում նշված է «զորավարժանք» բառը, ինչը տեխնիկական վրիպակի արդյունք է, քանի որ թե մինչեւ 2017թ. դեկտեմբերի 16-ը գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, եւ թե 2017թ. դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում նախատեսված չէ «զորավարժանքը»՝ որպես խաղաղ կամ պատերազմի ժամանակ իրականացվող միջոցառում: Բացի այդ, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն զինվորական ծառայության տեսակ է համարվում զորահավաքային ծառայությունը, որը նույն հոդվածի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն կազմակերպվում է զորահավաքային զորակոչի հիման վրա, իսկ 2018թ. ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում սահմանվել են քաղաքացիների զորահավաքային զորակոչի հետ կապված հարաբերությունները: Արդյունքում, վերը նշված օրենսդրական ակտերում տարբեր հասկացություների օգտագործումը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի կիրառման համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել օրենսդրական ակտերի միջեւ համապատասխանությունը, զորահավաքային ծառայության պատշաճ կազմակերպման գործընթացը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի վերնագրում եւ 1-ին մասում համապատասխանաբար նախատեսված «զորահավաքներից» եւ «զորավարժանքից» բառերը փոխարինվում են համապատասխանաբար «զորահավաքային ծառայությունից» եւ «զորահավաքային զորակոչից» բառերով:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի օրենսդրական ակտերի միջեւ համապատասխանությունը, զորահավաքային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

17 հոկտեմբերի 2019 թվականի  N  1447 - Ա
 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ   է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հոկտեմբերի 22
        Երեւան

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումները, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 17-ի N 1447-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
 
Հարգանքով`  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ