ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 207-րդ հոդվածի 1-ին մասում «Զինապարտների կողմից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Զինապարտ քաղաքացու կողմից «Պաշտպանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 213.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 213.1. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ
1. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձեւով`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում քաղաքացու կողմից կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով հարգելի պատճառներ են համարվում քաղաքացու կողմից բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված այլ հանգամանքները կամ այլ օբյեկտիվ պատճառները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն չեն տալիս քաղաքացուն ներկայանալու զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ մասի 1-ին կետում «213» թիվը փոխարինել «213.1» թվով:
ՀՈԴՎԱԾ 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) այլ օրենքին կատարվող հղումը եւ օրենսգրքի մի շարք դրույթները գործող օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
2018թ. ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքը, որի 5-րդ գլխում սահմանվել է քաղաքացիների զինապարտությունը եւ զինվորական հաշվառումը, իսկ 22-րդ հոդվածում նախատեսվել են զինվորական հաշվառման գործընթացում քաղաքացիների պարտականությունները եւ դրանց խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվությունը: Մինչեւ նշված օրենքի ուժի մեջ մտնելը, այդ հարաբերությունները կարգավորվում էին նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածներում: Զինապարտ քաղաքացիների մասնակցությամբ պահեստազորային պատրաստության միջոցառումները եւ դրանցից խուսափելու համար պատասխանատվությունը սահմանվել են 2017թ. դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-60-րդ հոդվածներում, իսկ մինչեւ նշված օրենքի ուժի մեջ մտնելը, այդ հարաբերությունները կարգավորվում էին նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 26-րդ, 29-30-րդ հոդվածներում: Միաժամանակ, օրենսգրքի 213.1-ին հոդվածում վարչական պատասխանատվություն էր սահմանված նաեւ վարժական հավաքներից խուսափելու համար, այն դեպքում, երբ նույն արարքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածում: Հաշվի առնելով, որ թե պարտադիր զինվորական ծառայության զորակոչը, եւ թե վարժական հավաքները հայտարարվում են ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ զինվորական վարժանքները կամ զորավարժությունները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, նպատակահարմար է վարժական հավաքից խուսափելու համար թողնել քրեական պատասխանատվությունը: Բացի այդ, նույն հոդվածում հստակեցված չէին հարգելի պատճառները, ինչպես նաեւ օրենսգրքում առկա է տեխնիկական վրիպակ՝ զինվորական կոմիսարների կողմից զինվորական հաշվառման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասության՝ օրենսգրքի 235-րդ հոդվածում նախատեսված հոդվածների շարքում նշված չէ օրենսգրքի 213.1-ին հոդվածը, ինչը խոչընդոտ է հանդիսանում այդ հոդվածի կիրառման համար:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել օրենսդրական միջեւ համապատասխանությունը, զինվորական հաշվառման եւ պահեստազորային պատրաստության գործընթացի պատշաճ եւ լիարժեք իրականացումը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծի համաձայն օրենսգրքում ուժը կորցրած օրենքին կատարվող հղումը փոխարինվում է գործող օրենքին կատարվող հղմամբ, օրենսգրքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում է օրենսգրքի եւ ՀՀ քրեական օրենսգրքի միջեւ առկա անհամապատասխանությունը, ինչպես նաեւ վերացվում է տեխնիկական բնույթի վրիպակը, որի արդյունքում հստակեցվում է օրենսգրքի հոդվածը կիրառող վարչական մարմինը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի օրենսդրական միջեւ համապատասխանությունը, զինվորական հաշվառման եւ պահեստազորային պատրաստության գործընթացի պատշաճ եւ լիարժեք իրականացումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
17 հոկտեմբերի 2019 թվականի N 1447 - Ա
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. հոկտեմբերի 22 Երեւան |
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումները, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 17-ի N 1447-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |