Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-336-30.10.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 20-րդ հոդվածում 1-ին մասից հանել «` հինգ տարվա ընթացքում,» բառերը եւ 2-րդ նախադասությունը:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդող օրվանից եւ տարածվում է 2019 թվականի հուլիսի 16-ին եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ Հայաստանի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ «հինգ տարվա ընթացքում» արտահայտության եւ «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչեւ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:» նախադասության մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման պահանջներին:

Նախագիծն ընդունվելու դեպքում կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկեու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի եւ նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի եւ ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմանը:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն եւ 2003 թվականի հունվարի 23-ի N 176-Ն որոշումներում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում, իսկ ծախսերի ավելացում հնարավոր է: Ելակետային տվյալների (շահառուների թվի եւ այլն) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով լրացուցիչ ծախսերի գնահատականը հնարավոր չէ տալ:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

10 հոկտեմբերի 2019 թվականի  N  1383 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ  է.

1. Հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հոկտեմբերի  15
             Երեւան

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                           ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                             պարոն    ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

  
 
                                                  Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1383-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ