Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-337-01.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 125-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները.»:

Հոդված 2.  Օրենքի 125-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշմամբ»:

Հոդված 3.  Օրենքի 125-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել երկու լսում»:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ»

 ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու նախագծի վերաբերյալ
 
 

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ սահմանադրական օրենքի 125 հոդվածը սահմանում է խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց ցանկը, համաձայն որի, ի թիվս այլ անձանց լսումներ կարող է իրականացնել նաեւ ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ սահմանադրության 104 հոդվածի եւ Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ: Ընդ որում տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Նման կարգավորման նպատակն է հնարավորինս հավասարակշռել ՀՀ ԱԺ ղեկավարության կազմը՝ սահմանելով, որ այդ կազմում պետք է լինի նաեւ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ: Բնականաբար, հավասարակշռությունը պայմանավորված է նաեւ այս կամ այն պաշտոնատար անձի լիազորությունների ծավալով:

Ներկայումս գործող կարգավորման համաձայն ՀՀ ԱԺ ղեկավարության կազմի իշխանական ուժը, որը ներկայացված է ՀՀ ԱԺ նախագահով եւ երկու տեղակալներով, հնարավորություն ունի նախագահի միանձնյա որոշման հիման վրա նախաձեռնել լսումներ: Մինչդեռ նույն ՀՀ ԱԺ ղեկավարության կազմ հանդիսացող ընդդիմադիր ներկայացուցիչը նման հնարավորություն չունի: Հետեւաբար, որպեսզի ընդդիմադիր ներկայացուցչի պարտադիր ներգրավումը ՀՀ ԱԺ հավասարակշռություն հաղորդելու իրական հնարավորություն ունենա, անհրաժեշտ է առնվազն վերջինիս օժտել նման լիազորությամբ: Միեւնույն ժամանակ, որպեսզի անհավասարություն չլինի տարբեր տեղակալների լիազորությունների ծավալում, ապա բնականաբար անհրաժեշտ է որպեսզի այդ լիազորությամբ օժտված լինեն բոլոր տեղակալները:

«Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ սահմանադրական օրենքի 125 հոդվածի 3-րդ մասի գործող կարգավորման համաձայն խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել միայն մեկ լսում: Ակնհայտ է, որ խմբակցությանը վերապահված խորհրդարանական ընդամենը մեկ լսում հրավիրելու օրենսդրական հնարավորությունը բավարար չէ: Խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը մշտապես կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, ինչի արդյունքում վերջիններիս կողմից ներկայացվում եւ բացահայտվում են բազմաթիվ հասարակական հնչեղություն եւ կարեւորություն ունեցող խնդիրներ, որոնք հաճախ հիմք են հանդիսանում հանրային լայնամասշտաբ քննարկման, արդյունքում նաեւ օրենսդրական բարեփոխումների իրականացման համար: Բացի այդ, բազմիցս խոսվել է այն մասին, որ ներկայիս պայմաններում շատ հարցեր պետք է լուծվեն ուղղակի ժողովրդավարության միջոցով, քաղաքացիների անմիջական ու ակտիվ մասնակցությամբ եւ ներգրավմամբ, ուստի որեւէ որոշում կայացնելուց առաջ այդ քաղաքացիներին առնվազն պետք է հնարավորություն տրվի արտահայտվելու եւ լսելի լինելու: Ուստի այս պայմաններում  առավել քան ակնհայտ է, որ խմբակցության կողմից հերթական նստաշրջանի ընթացքում ընդամենը մեկ լսում հրավիրելու սահմանափակումն ակնհայտ աննպատակահարմար է: Ուստի եւ առաջարկում  եմ խմբակցության համար սահմանել յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում խորհրդարանական երկու լսում իրականացնելու հնարավորությունը:

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում առավելագույնս կապահովվի քաղաքացիների լայն շրջանակներին մտահոգող եւ հասարակական հնչեղություն ու կարեւորություն ունեցող հարցերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացնելու ավելի լայն հնարավորությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՆԱՄԱԿ