Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-339-05.11.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաեւ անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքը 2009 թվականին լրացվեց  Հոդված 10-ով, որի համաձայն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասը տարվա ընթացքում, համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաեւ անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն է տվել արդյունավետ կազմակերպել առկա հողային ֆոնդի կառավարումը, զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի եւ գույքահարկի հաշվին: ՀՀ կառավարության 2010 թվականի  հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատվել է կարգ, որով սահմանվել են համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման,  կառուցապատման իրավունքով տրամադրման եւ  համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման ընթացակարգերը:

Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է ՀՀ կառավարության 2010 թվականի  հունվարի 14-ի N 16-Ն որոշման կարգում կատարել փոփոխություններ եւ նույն ընթացակարգով իրականացնել համայնքների վարչական սահմաններում գտնվող բոլոր պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները:

Քանի որ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերը հիմնականում հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր, դրանք արդյունավետ կառավարելու նպատակով նպատակահարմար է դրանց օտարման եւ կառուցապատման իրավունքով տրամադրումը իրականացվի պետական լիազոր մարմնի համաձայնությամբ՝ վերը նշված կարգով սահմանված ընթացակարգով: Ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:

Հաշվի առնելով նշվածը՝ Օրենքի նախագծով առաջարկվում է 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողության արդյունավետ իրականացնելը:

Հնարավորություն է տալիս գյուղատնտեսական նշանակության հողամասերը արդյունավետ կառավարել, կազմակերպել հողային ֆոնդի արդյունավետ կառավարումը, զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի եւ գույքահարկի հաշվին:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ կառավարումը:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒ Մ

24 հոկտեմբերի 2019 թվականի N 1474-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: 

  
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հոկտեմբերի 25
Երեւան
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1474-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
 
 

Հարգանքով՝    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ