Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրված «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» hամաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրի վավերացման դեպքում առաջանալու է նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը (այսուհետ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում: Համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա:
Համաձայնագրի կնքումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով: Մասնավորապես, պայմանագրի 70-րդ հոդվածի համաձայն՝ տվյալ հոդվածով սահմանված ֆինանսական շուկաների համաձայնեցված կարգավորման նպատակներն իրագործելու համար անդամ պետությունները, միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան եւ հաշվի առնելով պայմանագրի 103-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները եւ պայմանագրի 17-րդ հավելվածը, իրականացնում են ֆինանսական շուկայի իրենց օրենսդրության ներդաշնակեցում: Ներդաշնակեցումն իրականացվելու է մինչեւ 2025 թվականը՝ «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության (ԵԱՏՄ պայմանագրի 17-րդ հավելված) 22-րդ, 26-րդ եւ 30-րդ կետերում ամրագրված ուղղություններով:
Ելնելով պայմանագրի վերոնշյալ դրույթներից՝ Համաձայնագիրը նպատակաուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը՝ այդ նպատակով ապահովելով լիցենզիաների փոխադարձ ճանաչումը ֆինանսական գործունեության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում (բանկային, ապահովագրական, արժեթղթերի շուկա), ինչպես նաեւ փոխադարձ հասանելիությունը ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկաներին:
Համաձայնագրի 6-րդ հոդվածը նախատեսում է դրա ուժի մեջ մտնելուց 9-ամսյա ժամկետում գործողությունների ծրագրի մշակում, որով կսահմանվեն ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման փուլերը եւ ժամկետները:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2019 թվականի N 1117 - Ա
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրված «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 2
Երեւան
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրված «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1117-Ա որոշումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (22 հոկտեմբերի 2019 թվականի ՍԴՈ-1485):
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ