Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-2761-12.09.2019,06.11.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 41-րդ հոդվածը լրացնել «41.6» թվով, իսկ «տասնյոթերորդ» բառը փոխարինել «տասնիններորդ» բառով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  41.6-րդ հոդվածով՝

«Հոդված 41.6 Աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելը

1. Գործատուի կողմից մինչեւ տասնվեց տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտումով աշխատանքի ընդունելը կամ ներգրավելը կամ մինչեւ տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում կամ վնասակար կամ վտանգավոր աշխատանքի պայմաններում աշխատանքի ներգրավելը կամ թույլատրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված արարքներից որեւէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի   չորսհարյուրապատիկի չափով:»

Հոդված 3. Օրենսգրքի 42.1-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42.1. Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական  մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների  եւ /կամ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը՝

1. Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմնի) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների եւ/կամ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:»

Հոդված 4. Օրենսգրքի 169.6-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 230. Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդ, 45-47.5, 47.7-47.13-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի խախտումներ), 87-րդ (առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար), 96.1-ին, 152-րդ, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 169.5-րդ, 169.8-րդ, 173.3-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ  վարչական տույժեր է նշանակում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը?»:

Հոդված 6. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածից հանել «169.5» թիվը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի:

Հոդված 8.  Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2014թ. դեկտեմբերի 17-ի ՀՕ-256-Ն օրենքով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածը եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» օրենքը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված էր, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ պետական մարմիններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին), ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N755-Լ որոշմամբ սահմանված լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացնում միայն աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ, որը ներառում է նաեւ մինչեւ 18 տարեկան անձանց, ինչպես նաեւ հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց եւ երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը:

Այսինքն, ներկայումս չի իրականացվում աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն եւ պետական վերահսկողությունից դուրս են մնում, մասնավորապես, աշխատանքային պայմանագրերի կնքման եւ լուծման կարգի պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման (չձեւակերպված աշխատող), սեռային հատկանիշով պայմանավորված խտրականության, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը:

Ներկայացվող Նախագծերով առաջարկվում է լրացնել վերոնշյալ բացը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները, կարգավորման նպատակը եւ բնույթը

Մինչեւ 2013 թվականի օգոստոսի 28-ը գործում էր Աշխատանքի պետական տեսչությունը, որը «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածով («Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածը ուժը կորցրած են ճանաչվել 2015 թվականի հունվարի 9-ից՝ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՕ-256-Ն օրենքով) եւ իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների եւ գործառույթների շրջանակներում իրականացնում էր պետական հսկողություն եւ վերահսկողություն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ:

Սակայն, ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N857-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձեւով վերակազմակերպվեցին, որի արդյունքում ստեղծվեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը: Վերջինս տեսչական բարեփոխումների շրջանակներում, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N444-Ն որոշմամբ լուծարվեց եւ նշված որոշման համաձայն ստեղծվեց ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը, այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին իրենց կանոնադրություններով վերապահված էր միայն աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը եւ մինչեւ 18 տարեկան անձանց, ինչպես նաեւ հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց եւ երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը:

Այնուհետեւ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018թ. մարտի 23-ին ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ից) նախատեսվեց, որ ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների կազմում գործելու է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:

Վերոնշյալ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N705-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու եւ 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1293-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N444-Ն որոշումը եւ հետեւաբար դրանով հաստատված ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրութունը:

ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ (ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 19-ից) հաստատվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը: Կանոնադրության համաձայն՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով վերահսկողությունը, որը ներառում է նաեւ մինչեւ 18 տարեկան անձանց, ինչպես նաեւ հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց եւ երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը:

Հետեւաբար, հարկ է նկատել, որ բացակայում է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի այլ պահանջների, ինչպես նաեւ կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունը միանալով մի շարք միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների եւ այդ շրջանակներում վավերացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաները, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան (այսուհետ՝ Խարտիա), պարտավորվում է ունենալ աշխատանքի տեսչական համակարգ, որի գործառույթներից են ոչ միայն աշխատողների առողջության եւ անվտանգության հետ կապված իրավական դրույթների կատարման, այլ նաեւ՝ աշխատանքային օրվա տեւողության, աշխատավարձի, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի դրույթների կատարման, բարեկեցության, վճարովի արձակուրդներին վերաբերող կանոնակարգերի եւ դրույթների կատարման ապահովումը:

Մասնավորապես.

1. «Արդյունաբերությունում եւ առեւտրում աշխատանքի տեսչության մասին» թիվ 81 Կոնվենցիայի («Աշխատանքի տեսչության մասին» Կոնվենցիա) 3-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն՝ աշխատանքի տեսչության համակարգի գործառույթներն են.ապահովել աշխատանքի ընթացքում աշխատողների աշխատանքի պայմանների եւ պաշտպանության հետ կապված իրավական դրույթների կատարումը, ինչպիսիք են աշխատանքային օրվա տեւողության, աշխատավարձի, անվտանգության, առողջապահության եւ բարեկեցության դրույթները, այնքանով, որքանով դրանց կատարումն ապահովելու համար լիազորված են աշխատանքի տեսուչները, իսկ բ) կետի համաձայն՝ այդ դրույթների պահպանման առավել արդյունավետ միջոցների մասին գործատուներին եւ աշխատողներին տեխնիկական տեղեկատվություն եւ խորհուրդներ տրամադրելը:

«Աշխատանքի տեսչության մասին» Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝  ազգային օրենսդրությամբ նախատեսվում եւ արդյունավետորեն կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ այն իրավական դրույթների խախտման համար, որոնց կատարումը աշխատանքի տեսուչների հսկողության ներքո է, ինչպես նաեւ իրենց պարտականությունները կատարելիս աշխատանքի տեսուչներին հակադրվելու համար:

«Աշխատանքի տեսչության մասին» Կոնվենցիայի 27-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն Կոնվենցիայում «իրավական դրույթներ» եզրույթը, բացի օրենքներից եւ կանոնակարգերից, ներառում է օրենքի ուժ ունեցող՝ միջնորդ դատարանների որոշումները եւ կոլեկտիվ պայմանագրերը, որոնց կիրառումը պետք է ապահովեն աշխատանքի տեսուչները»:

2. «Աշխատավարձի պաշտպանության մասին» Կոնվենցիան ներառում է աշխատավարձի վճարումը, վերջնահաշվարկի կատարումը կանոնակարգող դրույթներ: Կոնվենցիայի 15-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ «Սույն Կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնող օրենսդրությունը պետք է՝ գ. նրա խախտման դեպքում նշանակեն համապատասխան պատժամիջոցներ»:

3. «Վճարովի արձակուրդների մասին (վերանայված)» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-2-րդ կետերի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր անձ, ում նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, ունի ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք՝ սահմանված նվազագույն տեւողությամբ: 2. Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ վավերագրին կից հայտարարությունում սահմանում է արձակուրդի տեւողությունը:»: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն Կոնվենցիայով նախատեսված արձակուրդից օգտվող յուրաքանչյուր անձ այդ արձակուրդի տեւողության լրիվ ժամանակաշրջանի համար ստանում է առնվազն իր հիմնական կամ միջին վարձատրությունը (ներառելով այդ վարձատրության ցանկացած մասի դրամական համարժեքը, որը վճարվում է նույն ձեւով, եւ որը, անկախ այն բանից՝ տվյալ անձը արձակուրդում է, թե ոչ, մշտական շարունակական վճար չէ), որը հաշվարկվում է յուրաքանչյուր երկրում իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգերի միջոցով սահմանված մեթոդին համապատասխան:», իսկ 14-րդ հոդվածի համաձայն՝ «Վճարովի արձակուրդներին վերաբերող կանոնակարգերի եւ դրույթների պատշաճ կիրառումը եւ իրագործումն ապահովելու նպատակով ձեռնարկվում են Կոնվենցիայի դրույթների իրագործման մեթոդներին համապատասխանող արդյունավետ միջոցառումներ, ինչպիսիք են համապատասխան տեսչությունը կամ այլ միջոցները»:

4. «Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է արտադրական պատահարի հետեւանքով վնասվածք ստացած աշխատողներին կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցել այն պայմաններով, որոնք պետք է առնվազն հավասար լինեն սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին, իսկ 8-րդ եւ 10-րդ հոդվածներով նախատեսվում է վերահսկողության անհրաժեշտ միջոցներ:

5. Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ՝ Խարտիա) 2-րդ մասի 20-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ «Առանց սեռական խտրականության՝ աշխատանքի եւ մասնագիտական հարցերում հավասար հնարավորությունների եւ հավասար վերաբերմունքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել այդ իրավունքը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու կամ խթանելու դրա կիրառումը հետեւյալ ոլորտներում՝ գ) զբաղվածության եւ աշխատանքային պայմանները՝ ներառյալ վարձատրությունը»: Խարտիայի 3-րդ մասի Հոդված Ա-ի 4-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր Կողմ, ազգային պայմաններին համապատասխան, պետք է պահի աշխատանքային վերահսկողության համակարգ»:

Վերոգրյալից ելնելով եւ ուսումնասիրելով ՀՀ-ում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում առկա կարգավորումները, Նախագծով առաջարկվում է լուծել ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում առկա մի շարք խնդիրներ: Մասնավորապես.

1. Պետական վերահսկողություն չի իրականացվում աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմներին վերաբերող ընդհանուր նորմերի պահանջների կատարման նկատմամբ (օրինակ՝ աշխատանքային օրվա տեւողության, ամենամյա արձակուրդի տրամադրում), ինչը նախատեսված է «Աշխատանքի տեսչության մասին» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա)» կետով եւ «Վճարովի արձակուրդների մասին (վերանայված)» Կոնվենցիայի 14-րդ հոդվածով:

2. Բացակայում է աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի արդյունքում անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարների՝ սահմանված կարգով եւ ժամկետներում վճարման նկատմամբ պետական վերահսկողությունը, ինչը նախատեսված է «Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» Կոնվենցիայով:

3. Տեսչական մարմնի լիազորություններից է աշխատանքային օրենսդրության եւ այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների եւ արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության ապահովման գործում մեթոդական օգնության կազմակերպումը՝ համապատասխան տեղեկատվության եւ խորհրդատվության տրամադրումը, մինչդեռ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի դրույթների (աշխատանքային օրվա տեւողության, աշխատավարձի հաշվարկման եւ վճարման, երեխաների եւ երիտասարդների աշխատանքին առնչվող դրույթների եւ այլն) կիրարկման ուղղությամբ տեղեկատվություն եւ խորհրդատվություն չի տրամադրում, ինչը նախատեսված է «Աշխատանքի տեսչության մասին» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի  1-ին մասի «բ)» կետով:

4. Պետական վերահսկողություն չի իրականացվում աշխատավարձերի հաշվարկման ու աշխատողներին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում վճարման նկատմամբ, ինչը նախատեսված է «Աշխատանքի տեսչության մասին» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա)» կետով:

Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու համար, սակայն նշված հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը որեւէ մարմնի (պաշտոնատար անձի) վերապահված չէ, ինչը նախատեսված է «Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ հոդվածի «գ.» կետով:

5. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով, ում էլ նշվում են աշխատողի պաշտոնը, գործառույթները, աշխատավարձի չափը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը եւ այլն:

Աշխատանքային պայմանագիր չկնքելու (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ չընդունելու) կամ աշխատանքային պայմանագրի մեկ օրինակն աշխատողին չտրամադրելու դեպքում աշխատողը տեղեկացված չի լինում իր իրավունքների եւ իրեն տրամադրվող երաշխիքների մասին:

Միաժամանակ, առանց աշխատանքային պայմանագրի կնքման աշխատող պահելը, որպես աշխատողի իրավունքի խախտում, որեւէ մարմնի կողմից չի վերահսկվում:

Որեւէ մարմնի կողմից չի իրականացվում նաեւ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգի պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն:

Ուստի, աշխատողի աշխատանքային իրավունքի պաշտպանության տեսակետից, շատ կարեւոր է աշխատանքային պայմանագրերի կնքման եւ լուծման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության առկայությունը:

6. Պետական վերահսկողություն չի իրականացվում նաեւ կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ, ինչը նախատեսված է «Աշխատանքի տեսչության մասին» Կոնվենցիայի 27-րդ հոդվածով:

7. Պատասխանատվություն չի սահմանված աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, մասնավորապես՝ աշխատաժամանակի տեւողության կամ հանգստի ժամանակի՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, մինչեւ 18 տարեկան անձանց, հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելու, աշխատողներին կոլեկտիվ կամ անհատական պաշտպանության միջոցներով չապահովելու համար, ինչը նախատեսված է ինչը նախատեսված է «Աշխատանքի տեսչության մասին» Կոնվենցիայի 18-րդ հոդվածով:

Հարկ է նշել, որ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն նախատեսելը, ինչպես նաեւ աշխատանքային օրենսդրության խախտումների համար վարչական  պատասխանատվության միջոցներ սահմանելը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմամբ, այլ նաեւ նպատակ է հետապնդում ապահովելու յուրաքանչյուր աշխատողի, օրենքին համապատասխան, առողջ, անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա եւ շաբաթական հանգստի, ինչպես նաեւ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի իրացումը եւ նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ծրագրով, համաձայն որի՝ նախատեսվում է աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ, գործառնական եւ իրավական հիմքերի հետագա բարեփոխումների համատեքստում ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական եւ արդյունավետ վերահսկողության համակարգի ներդրումը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերով ներկայացվող առաջարկությունների ընդունման պարագայում կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը: Բացի այդ, ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգը իր գործառույթներով կհամապատասխանեցվի ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ինչը նաեւ ենթադրում է տեսչության նյութատեխնիկակական ապահովվածություն, մասնագիտական հմտությունների եւ կարողությունների զարգացում:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  եւ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ առկա է անհրաժեշտություն փոփոխություններ կատարել ՀՀ վարչապետի  2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  եւ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում նախատեսվում են փոփոխություներ:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ