Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-346-07.11.2019-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ եւ 6.2-րդ կետերով.

«6.1) հեռավար (դիստանցիոն) կրթություն՝ կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձեւ, որի շրջանակներում անմիջական եւ ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի եւ ուսուցչի միջեւ իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով,

6.2) կրեդիտային համակարգ՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ եւ ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափման, հաշվառման եւ փոխանցման համակարգ,»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին մասով.

«4.1. Բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկան դասավանդող համապատասխան ուսուցիչ, այդ առարկայի դասավանդումը կարող է կազմակերպվել հեռավար (դիստանցիոն) ձեւով՝ ապահովելով սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը:»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում 18-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-րդ կետով.

«18.1) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները եւ մեթոդաբանությունը.»:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի ՝

1. 1-ին մասի 23-րդ կետից հանել «վերահսկողություն, պետական տեսչավորում» բառերը,

2. 1-ին մասի 25-րդ կետում «հանրապետական» բառից հետո լրացնել «եւ դպրոցական» բառերը,

3. 1-ին մասում 26.1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 26.2-26.16-րդ կետերով.

«26.2) սահմանում է դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման կարգը.

26.3) սահմանում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման եւ գործարկման կարգը.

26.4) սահմանում է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը.

26.5) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը.

26.6) սահմանում է ուսումնական հաստատությունների վարչական եւ մանկավարժական աշխատողների էթիկայի նորմերը (վարքականոն).

26.7) սահմանում է ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը եւ հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.

26.8) մշակում եւ հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի օրինակելի ձեւը.

26.9) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգ.

26.10) սահմանում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների կարգերը.

26.11) սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը.

26.12) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման եւ ֆինանսավորման կարգերը, ֆինանսավորման գործակիցները եւ նորմատիվները.

26.13) հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը.

26.14) հաստատում է հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը.

26.15) հաստատում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձեւավորման կարգը.

26.16) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարաններում դասագրքերը, ուսումնաօժանդակ գրականությունը եւ էլեկտրոնային կրթական ռեսուրսները գործածության երաշխավորելու կարգը:»:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները?»:

Հոդված 9. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «՝կախված սովորողների թվից» բառերը, իսկ 4-րդ մասի 4-րդ կետից՝ «Լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը:

Հոդված 10. Սույն օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է  տնօրենի ընտրության գործընթացի հստակեցմամբ: Նշված նախագծերի ընդունման անհրաժշետությունը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից՝ համաձայն որի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվող լրացում կատարելու անհրաժեշությամբ, համաձայն որի «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացվելու է 26.5 կետով, ըստ որի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունն է ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելը:

2. Խնդիրները եւ կարգավորման նպատակը.

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը?

Կրթության եւ գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաեւ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման կարգ»-ի 4-րդ կետի համաձայն՝ հավաստագրման փուլերից են՝ թեստավորումը եւ հարցազրույցը:

Նույն կարգի 20-րդ կետի համաձայն՝ թեստավորման եւ հարցազրույցի հարցաշարերը մշակում է կրթության եւ գիտության նախարարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հավաստագրման գործընթացի ժամանակ տնօրենի հավակնորդը թեստավորման եւ հարցազրույցի միջոցով անցնում է կրթության բնագավառի օրենսդրության, կառավարչական գիտելիքների, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետման ստուգում, հետեւաբար, տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա հարցազրույց անցկացնելը, ըստ էության, իր բովանդակությամբ եւ ձեւով կրկնում է հավաստագրման գործընթացի ժամանակ թեստավորման եւ հարցազրույցի բովանդակությունը եւ ձեւը:

Կրկնակի ստուգման գործընթացը բացառելու նպատակով նպատակահարմար է, որ խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի կարգավորումները սահմանվեն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ»-ով՝ նախատեսելով հարցազրույցի այլ ընթացակարգ, որն իր ձեւով եւ բովանդակությամբ կտարբերվի հավաստագրման գործընթացի թեստավորումից եւ հարցազրույցից՝ շեշտը դնելով տնօրենի հավակնորդի կողմից ներկայացված զարգացման ծրագրի քննարկման վրա: Մրցույթի ժամանակ հավակնորդի հետ խորհուրդը կանցկացնի հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին կտրվեն հարցեր վերջինիս ներկայացրած զարգացման ծրագրից:

Նախագծով առաջարկվող լրացումները պայմանավորված են Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից եւ հստակեցնում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը:

Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ եւ 6-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են տեսչական բարեփոխումների արդյունքում տեսչական մարմինների ենթակայության փոփոխությամբ՝  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առանձնացված ստորաբաժանումից՝ կառավարության ենթական մարմնի:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ տնօրենի ընտրության ժամանակ կբացառվի կրկնակի ստուգման գործընթացը, եւ կապահովվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ

17 հոկտեմբերի 2019 թվականի  N  1446 - Ա

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հոկտեմբերի 22
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն    ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 17-ի N 1446-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:
 
 

Հարգանքով՝       ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ