Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-346-07.11.2019-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ եւ 6.2-րդ կետերով.

«6.1) հեռավար (դիստանցիոն) կրթություն՝ կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձեւ, որի շրջանակներում անմիջական եւ ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի եւ ուսուցչի միջեւ իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով,

6.2) կրեդիտային համակարգ՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ եւ ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափման, հաշվառման եւ փոխանցման համակարգ,»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին մասով.

«4.1. Բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկան դասավանդող համապատասխան ուսուցիչ, այդ առարկայի դասավանդումը կարող է կազմակերպվել հեռավար (դիստանցիոն) ձեւով՝ ապահովելով սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը:»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում 18-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-րդ կետով.

«18.1) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները եւ մեթոդաբանությունը.»:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի ՝

1. 1-ին մասի 23-րդ կետից հանել «վերահսկողություն, պետական տեսչավորում» բառերը,

2. 1-ին մասի 25-րդ կետում «հանրապետական» բառից հետո լրացնել «եւ դպրոցական» բառերը,

3. 1-ին մասում 26.1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 26.2-26.16-րդ կետերով.

«26.2) սահմանում է դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման կարգը.

26.3) սահմանում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման եւ գործարկման կարգը.

26.4) սահմանում է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը.

26.5) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը.

26.6) սահմանում է ուսումնական հաստատությունների վարչական եւ մանկավարժական աշխատողների էթիկայի նորմերը (վարքականոն).

26.7) սահմանում է ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը եւ հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.

26.8) մշակում եւ հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի օրինակելի ձեւը.

26.9) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգ.

26.10) սահմանում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների կարգերը.

26.11) սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը.

26.12) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման եւ ֆինանսավորման կարգերը, ֆինանսավորման գործակիցները եւ նորմատիվները.

26.13) հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը.

26.14) հաստատում է հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը.

26.15) հաստատում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձեւավորման կարգը.

26.16) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարաններում դասագրքերը, ուսումնաօժանդակ գրականությունը եւ էլեկտրոնային կրթական ռեսուրսները գործածության երաշխավորելու կարգը:»:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները:»:

Հոդված 9. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «՝կախված սովորողների թվից» բառերը, իսկ 4-րդ մասի 4-րդ կետից՝ «Լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը:

Հոդված 10. Սույն օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: