Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 13-րդ կետից հանել «լիցենզավորած արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք (արժութային դիլերներ-բրոքերներ),» բառերը:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով, բացառությամբ ներդրումային ընկերությունների, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով: Մասնագիտացված անձանց կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործարքների փոխարժեքը եւ ծավալները սահմանում են մասնագիտացված անձինք:»:
Հոդված 3. Օրենքի 7.1-ին հոդվածում՝
1) վերնագրից հանել «դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող (արժութային դիլեր-բրոքեր), արտարժույթի» բառերը.
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասից հանել «դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք, արտարժույթի» բառերը.
4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունների 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եւ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ, իսկ արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության ղեկավարները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասից հանել «դիլերային առուվաճառք իրականացնող անձանց (արժութային դիլերների), արտարժույթի» բառերը.
2) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի (փոխանակման կետի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում (լիցենզիայի պայմանները կամ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար) անձը (այդ թվում` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահին տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 եւ ավելի տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցը) իրավունք չունի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից, լիցենզավորված անձի ղեկավարի կամ լիցենզավորված անձի աշխատակցի՝ Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից զրկելու պահից երեք տարի ժամկետով որեւէ կերպ (ուղղակիորեն կամ իրավաբանական անձ հիմնադրելով կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում որեւէ մասնակցություն ունենալով կամ առանց մասնակցության իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունենալով կամ արտարժույթի առուվաճառքի եւ արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն իրականացնող անձանց կողմից որպես աշխատակից ներգրավվելով) իրականացնելու արտարժույթի առուվաճառքի եւ արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: