Armenian ARMSCII Armenian
Կ-3484-07.11.2019-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են իրականացնել վճարահաշվարկային փաստաթղթերի եւ վճարային գործիքների պրոցեսինգ եւ քլիրինգ, փոստային կապի ծառայությունների մատուցում՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաեւ բացառապես դրամական (փողային) փոխանցումների իրականացման հետ կապված արտարժույթի փոխարկում՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են իրականացնել պրոցեսինգի, քլիրինգի հետ կապված ապարատային, ծրագրային համակարգերի, սարքերի, ծրագրերի ստեղծման, շահագործման, սպասարկման հետ կապված գործունեություն, ինչպես նաեւ դրամական (փողային) փոխանցումներ՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: