Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-350-11.11.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետում «23 տարին» բառերը փոխարինել «26 տարին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ պարբերությունում «23 տարեկան» բառերը փոխարինել «26 տարեկան» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», « Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Գործող օրենսդրությամբ, մասնավորապես՝ Ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունում Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ: Ըստ այդմ, սոցիալական աջակցության ծրագրերում կերակրողին կորցնելու դեպքում 18 տարին չլրացած երեխաները ունեն  կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի  կամ կերակրողին կորցնելու նպաստի իրավունք: «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին»  գործող օրենքներով սահմանված է, որ երբ  երկու ծնողին կորցրած երեխան  առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսանող է վերը նշված իրավունքը պահպանվում է մինչեւ  նրա 23 տարեկանը: Այս տարիքը ամրագրված էր ելնելով  նախկինում գործող  հանրակրթական՝ 10-ամյա  միջնակարգ կրթության եւ  մեկ աստիճան բարձրագույն կրթության համակարգ ունենալու հանգամանքներից:

Համաձայն 2009 թվականի հուլիսի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն: Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով: Բացի դրանից, 2004 թվականի դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով անցում է կատարվել բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգի: Դրանք են՝  առաջին աստիճանում` բակալավրի որակավորում եւ երկրորդ աստիճանում` մագիստրոսի որակավորում:

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տեւողությունն է`

1)  բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, ոստիկանական կամ զինվորական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարվա.

2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարվա, արվեստի եւ ֆիզիկական կուլտուրայի մասնագիտությունների համար` առնվազն 4 տարվա.

3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարվա.

4) հետազոտողի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 3 տարվա:

5) բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն է սահմանվել առնվազն 6 տարի` անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով մագիստրոսի աստիճանի ուսուցումը:

Բացի վերը նշված ժամանակահատվածներից, առկա ուսուցմամբ ուսանողի համար գումարվում է պարտադիր զինծառայության երկու տարվա ժամանակահատվածը եւ նախատեսված 23 տարին դառնում է 26 տարի:

Ելնելով օրենսդրության մեջ նախկինում կատարված փոփոխություններից, նպատակահարմար ենք համարում վերանայել նաեւ դրանցից բխող սոցիալական աջակցության ծրագրերը:

Առաջարկում ենք կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի  կամ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքը առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսանողի պարագայում պահպանել մինչեւ ոչ թե նրա մինչեւ 23 տարեկանը լրանալը, այլ մինչեւ 26 տարեկանը լրանալը, հաշվի առնելով՝ 12-ամյա միջնակարգ կրթության համակարգին անցնելու եւ բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգին անցնելու հանգամանքները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», « Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հետ կապված իրավական այլ ակտերում փոփոխության անհրաժեշտության մասին

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», « Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հետ կապված իրավական այլ ակտերում փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,   « Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Կից ներկայացվում են նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների եւ այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտության մասին տեղեկանքները:

Խնդրում ենք նշված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝   ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ