Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-352-12.11.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՖՐԻԿՅԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 1995թ. հունիսի 16-ին ստորագրված ««Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

Տեղեկանք  հիմնավորում

«Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը մշակվել է «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիայի շրջանակներում:

Բոննի կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությանը համապատասխանության հարցը 2010 թվականի հուլիսի 20-ին քննարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում եւ ընդունվել է կոնվենցիայի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության թիվ ՍԴՈ-904 որոշումը: Վերոհիշյալ կոնվենցիան ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2010թ-ի հոկտեմբերի 27-ի թիվ ԱԺՈ-246-Ն որոշմամբ, իսկ կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2011թ-ի մարտի 1-ից:

Բոննի կոնվենցիայի շրջանակներում մշակվել են թվով 7 համաձայնագրեր, որոնցից մեկն է «Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը:

Իր աշխարհագրական դիրքով Հայաստանը ընդգրկված է Բոննի կոնվենցիայի ուժի մեջ մտած  համաձայնագրերից եւ առանձին տեսակների գործողության ծրագրերից 2-ում՝ «Եվրոպայում չղջիկների պահպանության մասին» համաձայնագիրը (Bats in Europe) եւ «Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին»  համաձայնագիրը (Agreement on the Conservation of African-Eurasian Migratory Waterbirds/ AEWA):

Հայաստանի համար առաջնահերթ շահագրգռվածություն է ներկայացնում «Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը:

Հայաստանը ստորագրել է AEWA համաձայնագիրը 1995 թ. հունիսի 16-ին, երբ այն առաջին անգամ ներկայացվել էր պետությունների ստորագրմանը  Հաագայում  /Նիդերլանդներ/:  AEWA  համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1999 թ. նոյեմբերի 1-ին եւ հանդիսանում է անկախ միջազգային համաձայնագիր: AEWA-ի ավանդապահն է Նիդերլանդների Թագավորության Կառավարությունը:

Համաձայնագրի տարածքը ընդգրկում է 117 երկիր (Արեւմտյան Պալեարկտիկա), որոնցից ներկայումս համաձայնագրի Կողմ են հանդիսանում 79-ը (2019թ. հունիսի 12-ի դրությամբ):

Համաձայնագիրը ընդգրկում է խոնավ տարածքներից իրենց տարեկան ցիկլի առնվազն մի մասում կախում ունեցող տարածաշրջանում հանդիպող բոլոր 235 թռչունների տեսակները՝ անկախ նրանց պահպանական վիճակից: Դրանցից ՀՀ տարածքում հանդիպում է 118 տեսակ:

Համաձայնագրի Կողմ երկրները հրավիրվում են ձեռնարկել Համաձայնագրի Գործողության ծրագրում նկարագրված մի շարք բազմակողմանի գործողություններ՝ տեսակների եւ բնակավայրերի պահպանություն, մարդու գործողությունների կառավարում, ուսումնասիրություն ,դիտանց, կրթություն եւ տեղեկատվություն ու իրականացում:

Համաձայնագրի հիմնական հովանավորներն են՝ Եվրոպական Միությունը, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը եւ այլն:   Համաձայնագրին անդամակցության վճարը Հայաստանի Հանրապետության համար կազմում է տարեկան 2000 Եվրո:

Հայաստանի Հանրապետության համար «Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրին միանալու առավելություններն են.

Հայաստանը, մինչ համաձայնագրին միանալը արդեն իսկ հրավիրվել եւ մասնակցել է AEWA-ի շրջանակում հրավիրված խոշոր համաժողովներին, իր լուման է ներդրել համաձայնագրի շրջանակներում հիմնական փաստաթղթերի մշակմանը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով գտնվում է երկրագնդի միջազգայնորեն ճանաչված կենսաբազմազանության 25 տաք կետերից մեկում՝ Կովկասի տարածաշրջանում, եւ հանդիսանում է թռչունների բազմաթիվ տեսակների կարեւորագույն հանգստավայր՝ Եվրոպա - Արեւմտյան Ասիա - Աֆրիկա չվուղու վրա, խիստ արդիական եւ կարեւոր է Հայաստանի Հանրապետության կողմից «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի  վավերացումը:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՖՐԻԿՅԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի վավերացման առնչությամբ չեն առաջանում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՖՐԻԿՅԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«?Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին»» համաձայնագրում՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Համաձայնագրում առկա են դրույթներ (3-րդ հոդված՝ կողմերը ձեռնարկում են պահպանության ընդհանուր միոցներ՝ տեսակների պահպանություն, բնակավայրի պահպանություն, մարդկանց գործողությունների կառավարում, հետազոտություն եւ մոնիտորինգ, կրթություն ու տեղեկատվություն եւ կիրարկում, ինչպես նաեւ 5-րդ հոդվածի 2-րդ կետ «ա» ենթակետ՝ յուրաքանչյուր կողմ պետք է մուծումներ կատարի Համաձայնագրի բյուջե՝ Միավորված ազգերի կազմակերպության գնահատման սանդղակին համապատասխան, որը ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գնահատվել է նվազագույնը 2000 եվրո), որոնք կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, այդ թվում՝ ծախսերի ավելացման:

Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Համաձայնագրին առնչվող պարտավորություններ նախատեսված չեն:   

Հավելվածներ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

1 օգոստոսի 2019 թվականի  N 1032 - Ա

«ԱՖՐԻԿՅԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հավանություն տալ 1995 թվականի հունիսի 16-ին Հաագայում ստորագրված «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին: 
  

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ 

2019 թ. օգոստոսի 16
Երեւան 
   

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

29 հոկտեմբերի 2019 թվականի  N  1567 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին»  համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հոկտեմբերի 29
Երեւան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 1995 թվականի հունիսի 16-ին Հաագայում ստորագրված «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1032-Ա որոշումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (22 հոկտեմբերի 2019 թվականի ՍԴՈ-1482):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Հարգանքով՝                ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ