ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Տիեզերական գործունեության օրենքի նպատակը
1. Օրենքի նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը:
Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 3. Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը
1. Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն Օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
1) Տիեզերական գործունեություն՝ տիեզերական օբյեկտների եւ/կամ տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների եւ/կամ փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունում եւ մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծումը եւ շահագործումը:
2) Տիեզերական օբյեկտ՝ Տիեզերական տարածությունում գտնվող կամ տիեզերական տարածություն արձակվող ցանկացած սարքավորում եւ դրա բաղկացուցիչ մասեր:
3) Տիեզերական տեխնիկա՝ տիեզերական օբյեկտներին տիեզերական տարածություն արձակող սարքավորումներ եւ դրա բաղկացուցիչ մասեր, տիեզերական տարածությունում տիեզերական օբյեկտների կառավարման համար նախատեսված սարքավորումներ եւ դրա բաղկացուցիչ մասեր:
4) Շահագործող՝ տիեզերական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ:
5) Տիեզերական ենթակառուցվածք՝ փոխկապակցված կառույցներ, շինություններ եւ/կամ օբյեկտներ, որոնք օգտագործվում են բացառապես տիեզերական գործունեության ապահովման նպատակով:
6) Երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալներ` տիեզերական տարածությունում գտնվող տիեզերական օբյեկտ, որից ստացվում են օդերեւութաբանական, հեռակա զննման, քարտեզագրման, գյուղատնտեսական տվյալներ: Երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալները չեն ներառում կապի, հեռահաղորդակցային եւ ռադիոնավիգացիոն տվյալներ:
7) Տիեզերական տարածություն՝ Ծովի մակարդակից 100 կիլոմետրից բարձր գտնվող տարածություն:
Հոդված 5. Տիեզերական գործունեության սկզբունքները
1. Տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներ են՝
տիեզերական գիտության ձեռքբերումների եւ տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանման աջակցում,
տիեզերական գործունեության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման ապահովում,
տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության համար հավասար եւ փոխշահավետ համագործակցության ապահովում,
տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պատասխանատվության ապահովում,
գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության եւ հավասարակշռված զարգացման ապահովում,
ԳԼՈՒԽ II. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1. Տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններ են:
հաստատում է տիեզերական գործունեության բնագավառի զարգացման եւ ֆինանսավորման ծրագրեր.
հաստատում է տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը.
սահմանում է տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների գրանցման կարգը.
սահմանում է տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը եւ պայմանները.
սահմանում է շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների օգտագործման կարգը.
սահմանում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարները եւ աղետների քննության կարգը
սահմանում է տիեզերական օբյեկտները եւ/կամ տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը:
Հոդված 7. Տիեզերական գործունեության հարցերով լիազոր մարմինը
1. Տիեզերական գործունեության պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին):
Լիազոր մարմինը տիեզերական գործունեության բնագավառում՝
մշակում եւ իրականացնում է պետական քաղաքականությունը,
իրականացնում է տիեզերական ոլորտի գործունեության լիցենզավորումը
տիեզերական օբյեկտները եւ տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման դեպքում տալիս է համաձայնեցում
4) իր իրավասության սահմաններում ապահովում է՝
ա) շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների համագործակցությունը,
բ) գիտական եւ սոցիալ-տնտեսական նշանակության տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները, ինչպես նաեւ շահագրգիռ մարմինների հետ համատեղ տիեզերական ծրագրերի, տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող այլ մարմինների կողմից տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները,
գ) միջազգային համագործակցության իրականացումը,
դ) շրջակա միջավայրի վրա տիեզերական գործունեության վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների եւ միջոցառումների իրականացում,
5) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 8. Տիեզերական գործունեության լիցենզավորումը
1. Տիեզերական գործունեությունը իրականացվում է լիցենզիայի հիման վրա:
ԳԼՈՒԽ III. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 9. Տիեզերական գործունեության ֆինանսավորումը
Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ IV. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
Հոդված 10. Տիեզերական օբյեկտներ եւ տեխնիկա
Տիեզերական օբյեկտները եւ տեխնիկան ենթակա են պարտադիր գրանցման եւ պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետությանը վերջիններիս պատկանելիությունն հաստատող նշումը:
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տիեզերական օբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է վերահսկողություն՝ Երկրի վրա այդ օբյեկտների գտնվելու ընթացքում, դեպի տիեզերք թռիչքի ցանկացած փուլում կամ տիեզերքում գտնվելու ընթացքում, երկնային մարմինների վրա դրանց գտնվելու ընթացքում, ինչպես նաեւ դեպի Երկիր վերադառնալու ընթացքում եւ դրանից հետո:
Հոդված 11. Տիեզերական ենթակառուցվածքներ
1. Հայաստանի Հանրապետության տիեզերական ենթակառուցվածքներն են՝
Տիեզերանավակայաններ,
Մեկնարկային համալիրներ եւ արձակման կայաններ,
Կառավարման եւ չափումների համալիրներ,
Տիեզերական օբյեկտների թռիչքների կառավարման կենտրոններ եւ կետեր,
Տեղեկատվության ընդունման, պահպանման եւ մշակման կետեր,
Տիեզերական տեխնիկայի պահպանման բազաներ,
Տիեզերական օբյեկտների մասնատվող թափոնների անկման վայրեր,
Տիեզերական օբյեկտների վայրէջքի համար նախատեսված տարածքներ (պոլիգոններ) եւ թռիչքային-վայրէջքային գծեր,
Տիեզերական տեխնիկայի մշակման համար փորձարարական բազայի օբյեկտներ,
Տիեզերագնացների նախապատրաստման համար կենտրոններ եւ սարքավորումներ,
Տիեզերական գործունեության իրականացման համար օգտագործվող այլ կառուցվածքներ եւ տեխնիկա:
ԳԼՈՒԽ V. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հոդված 12. Տիեզերական գործունեության անվտանգության ապահովումը
Տիեզերական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջերի պահպանմամբ:
Տիեզերական գործունեությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը համապատասխան:
3. Տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների շահագործողները տիեզերական գործունեության իրականացման ընթացքում ի հայտ եկած վտանգների մասին տեղեկատվությունը անհապաղ պետք է ներկայացնեն լիազոր, ինչպես նաեւ անվտանգության, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառների լիազոր մարմիններին:
4. Բնակչությանը եւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքում լիազոր մարմինը, Շահագրգիռ մարմիններն անհապաղ տեղեկացնում են այդ մասին պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին:
Հոդված 13. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննությունը
Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարները՝ ներառյալ վթարները եւ աղետները, ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հոդված 14. Որոնման եւ փրկարարական աշխատանքները, պատահարների հետեւանքների վերացումը
Հայաստանի Հանրապետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման եւ փրկարարական աշխատանքները, ինչպես նաեւ պատահարների հետեւանքների վերացումը կատարվում են շահագրգիռ մարմինների, լիազոր մարմնի կողմից:
Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում պատահարների հետեւանքների վերացման աշխատանքները ներառում են պատահարների արդյունքում տուժած արդյունաբերական եւ այլ օբյեկտների վերականգնումն ու վերակառուցումը, անհրաժեշտ բնապահպանական միջոցառումները, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կրած վնասի հատուցումը:
Օտարերկրյա պետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման եւ փրկարարական աշխատանքները, ինչպես նաեւ պատահարների հետեւանքների վերացումը կատարվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Հոդված 15. Տիեզերական գործունեության ապահովագրությունը
Տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, որոնք օգտագործում են (շահագործում են) տիեզերական տեխնիկա կամ որոնց պատվերով ստեղծվում եւ օգտագործվում է (շահագործվում է) տիեզերական տեխնիկան պարտավոր են ձեռք բերել տիեզերագնացների, տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների աշխատակիցների կյանքի, առողջությանը կամ այլ անձանց կյանքին, առողջությանը ու գույքին պատճառած վնասի ռիսկի ապահովագրությունը:
Հոդված 16. Տիզերեկան օբյեկտների եւ տիեզերական տեխնիկայի օտարումը
Տիեզերական օբյեկտների եւ/կամ տեխնիկայի օտարումը շահագործողի կողմից այլ շահագործողի ենթակա է լիազոր մարմնի կողմից համաձայնեցման:
ԳԼՈՒԽ VI. ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 16. Վնասների հատուցում
Շահագործողները փոխհատուցում են տիեզերական օբյեկտների կողմից երկրի վրա գտվող գույքին պատճառած ցանկացած վնաս:
Տիեզերական գործունեության արդյունքում հասցված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 17. Պետական վերահսկողությունը տիեզերական գործունեության բնագավառում
1. Տիեզերական գործունեության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Սույն օրենքի գործողության մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգերը կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
«Տիեզերական գործունեության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյան
Իրավական ակտի անհրաժեշտությունը.
Տիեզերքի ուսումնասիրելու ունակությունը անմիջապես կախված է մարդկության գիտական զարգացման մակարդակից: Հետեւաբար, տիեզերական հետազոտությունների եւ արդյունաբերության համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը եւ դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որն իր հերթին կնպաստի երկրի գործունեության այլ ոլորտների զարգացմանը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով:
Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար: Տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում առկա է մեծ մրցակցություն մասնավոր ընկերությունների միջեւ: Նշված ընկերությունները որոնում են ազատական եւ մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել: Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում: Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը եւ այլն:
Հարկ է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական ոլորտի ստեղծումը եւ այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլ նաեւ ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից: Նշվածը հիմք կհանդիսանա, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվի տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների (ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ եւ այլն) որակյալ սերունդ, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը իրականացնել սեփական տիեզերական ծրագրեր, այդ թվում՝ տիեզերական տարածք արձակել հայկական տիեզերանավեր եւ արբանյակներ:
Միաժամանակ, վերոնշյալ ձեռքբերումների, ինչպես նաեւ տնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության եւ անվտանգության ամրապնդման, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության զարգացման եւ հետագա ընդլայնման եւ Հայաստանի Հանրապետության կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման համար կա անհրաժեշտություն նշվածը «Տիեզերական գործունեության մասին» օրենքով ամրագրելու համար:
Միեւնույն ժամանակ զարգացած արդյունաբերությամբ երկրները փորձում են հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները շարունակեն տնտեսական գործունեություն ծավալել իրենց տարածքում եւ չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ գործունեություն ծավալել:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում տիեզերական արդյունաբերություն, արտադրանք եւ ծառայություններ մատուցման պասիվության ազդում է նաեւ ոլորտից ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը եւ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը:
Նախագծով սահմանվում են տիեզերական գործունեության, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի եւ մի շարք այլ հասկացությունները, նախատեսվում է այդ ոլորտի նպատակները, սկզբունքները, այն իրականացնող մարմինը, հսկողության կարգը եւ այլն:
Նախագծով նախատեսվում է նաեւ տիզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում, որը հնարավորություն կնձեռնի հնարավորինս արդյունավետ իրականացնել ոլորտի կանոնակարգումը եւ վերահսկողությունը, ինչպես նաեւ կապահովի համապատասխան մուտքեր ՀՀ պետական բյուջե:
Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային արտոնություններ տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները տնտեսական գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում եւ չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ գործունեություն ծավալել:
Միաժամանակ, քանի որ նախագծով սահմանվում են պարտադիր վարքագծի կանոններ եւ նախատեսվում են որոշակի պարտավորություններ լրացումներ է կատարվում նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ սահմանելով պատասխանատվություն օրենքով նախատեսված պարտավորությունների չկատարման համար:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի տիեզերքի խաղաղ օգտագործման հինգ հիմնական համաձայնագրերին.
1. «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիր,
2. «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիա,
3. «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիր,
4. «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիա,
5. «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետության կողմից համաձայանագրերի համաձայն պարտավորությունների իրականացման եւ համագործակցության ապահովման նպատակով անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգել:
«Տիեզերական գործունեության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում լրացում կկատարվի ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ:
Միաժամանակ, «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդունվելուց հետո 6-ամսյա ժամկետում պետք է մշակվեն տիեզերական գործունեության բնագավառի զարգացման ծրագրեր, տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման, տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների գրանցման, տիեզերական գործունեության լիցենզավորման, շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի եւ օբյեկտների օգտագործման տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարները եւ աղետների քննության կարգերը եւ պայմանները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տիեզերական գործունեության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Տիեզերական գործունեության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1482 - Ա
«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. հոկտեմբերի 29
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1482-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ