Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 150.11-150.14-րդ հոդվածներով.
«Հոդված 150.11. Տիեզերական գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, ինչպես նաեւ առանց համապատասխան լիցենզիայի տիեզերական գործունեություն իրականացնելը
1. Տիեզերական գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Տիեզերական գործունեության իրականացումն առանց լիցենզիայի՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 150.12. Տիեզերական օբյեկտներն առանց գրանցման եւ (կամ) պատկանելիությունը հաստատող նշումի շահագործելը
1. Տիեզերական օբյեկտներն առանց գրանցման եւ (կամ) պատկանելիությունը հաստատող նշումի շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 150.13. Տիեզերական տեխնիկան առանց գրանցման շահագործելը
1. Տիեզերական տեխնիկան առանց գրանցման շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 150.14. Բնակչությանը եւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքի մասին չտեղեկացնելը
1. Բնակչությանը եւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքում շահագործողների կողմից այդ մասին պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին չտեղեկացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.18-րդ հոդվածով.
«Հոդված 244.18. Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
1. Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 150.11-150.14-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: