Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-3551-12.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-206-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի(այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 5-րդ մասում «հետո» բառից հետո «մեկ ասմվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ լիազորությունների ստանձման պահը» բառերով:

Հոդված 2.   Օրենքի 31-րդ հոդվածի 10-րդ մասում «հետո» բառից հետո «մեկ ասմվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ լիազորությունների ստանձման պահը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՕ-20-Ն, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՕ-172-Ն ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՕ-206-Ն ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:»

ՀՀ Սահմանաադրության 95-րդ հոդվածի համաձայն. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:»

ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:»

ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:»

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն. ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է

1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,

2) ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,

3) դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,

4) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,

5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,

6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:»

Ներկայացված նորմատիվ-իրավական ակտերի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ պատգամավորը ստանձնում է իր լիազորությունները նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին, հետեւաբար այդ պահից սկսած նրա վրա տարածվում են ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով սահմանված կանոնները, իսկ դրանց չկատարման դեպքում՝ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը: Ստացվում է, ըստ Սահմանադրության իմպերատիվ պահանջի պատգամավորը իր լիազորությունները ստանձնելու պահին պետք է արդեն իսկ լուծած լինի անհամատեղելիության խնդիրները; Այսպես, օրինակ 2018թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի պատգամավորներին մանդատները հանձնվել են 2019թ հունվարի 10-ին, իսկ առաջին նստաշրջանի բացումը տեղի է ունեցել նույն թվականի հունվարի 14-ին, հետեւաբար Սահմանադրության պահանջով մանդատի անհամատեղելիության հետ կապված հարցերը պետք է լուծվեին ոչ թե ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկ ամսյա ժամկետում, այլ հունվարի 14-ի դրությամբ՝ըստ ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի:

Նմանատիպ հակասություն առկա է ոչ միայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքում, այլեւ Հանրային Ծառայության մասին ՀՕ-172-Ն եւ ՀՕ-206-Ն օրենքներում, մասնավորապես՝

«Հանրային Ծառայության մասին ՀՕ-206-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:»

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:»

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն. «Առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:»

Հանրային պաշտոնի զբաղեցումը սկսվում է լիազորությունների ստանձնման պահից, հետեւաբար Հանրային Ծառայության մասին օրենքներում նախատեսված փոփոխություններում կիրառվել է հենց այդ տերմինը:

Բացի սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները, անհրաժեշտ է կատարել փոփոխություններ նաեւ դեռեւս մասնակի գործող Հանրային Ծառայության մասին ՀՕ-172-Ն օրենքում, քանզի Հանրային Ծառայության մասին ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«Սույն օրենքի 31-33-րդ հոդվածները, 34-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ են մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 23-24-րդ, 30-31-րդ հոդվածների, 32-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:», եւ քանի որ դեռեւս չի ձեւավորվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ապա նմանատիպ փոփոխություններ կատարվել են նաեւ Հանրային Ծառայության մասին ՀՕ-172-Ն օրենքում. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում մեկամսյա ժամկետը փոխարինվել է մինչեւ լիազորությունների ստանձնումը բառերով:

Սույն նախագծով լուծվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին եւ Հանրային ծառայության մասին ՀՕ-172-Ն եւ ՀՕ-206-Ն ՀՀ օրենքների հակասությունը ՀՀ Սահմանադրության 95-րդ եւ 49-րդ հոդվածների հետ, ինչպես նաեւ կարգավորվում  է պատգամավորի եւ մյուս հանրային ծառայողների կողմից պաշտոնի անհամատեղելիության կանոնների իրականացումը օրինականության սկզբունքին համապատասխան:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 11 նոյեմբեր 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին ՀՕ-172-Ն օրենքում փոփոխություններ կատարելու» եւ «Հանրային ծառայության մասին ՀՕ-206-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Շաքե Իսայան)

բ)խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

Հարգանքով՝  ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ