Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից չհատված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը:
Սույն oրենքի կիրառության իմաստով ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված ժամանակաշրջանը սկսվում է Նոյեմբերի 1-ից եւ ավարտվում է օրացուցային հաջորդ տարվա Հունվարի 13-ով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ կետով՝
25. Առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրում արգելվում է ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված վիճակում եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը:
Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Առկա խնդիրները
Ներկայումս տարածված երեւույթ է, երբ ամանորյա տոնակատարությունների նախաշեմին շուկայում հայտնվում են արմատից սղոցված (որեւէ կերպ հատված) եղեւնիների եւ սոճիներ: Ներկայիս նորմատիվ իրավական դաշտը չի կարգավորում արմատից որեւէ կերպ հատված ծառերի վաճառքի սահմանափակում: Բուսական աշխարհը ինքնին պաշտպանված է օրենքով, սակայն ապօրինի հատված ծառերն ինքնըստինքյան հայտնվում են շուկայում: Բացի այդ, ներկայիս կարգավորմամբ բացակայում են օրենսդրական խոչընդոտները ապօրինի հատված եղեւնի եւ սոճիների վաճառքի վերաբերյալ: Ռիսկային է թույլատրել հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, քանի որ մեծ է հավանականությունը ապօրինի հատումների: Առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կարգավորող օրենքում թույլատրվում է ամանորյա տոնակատարությունների համար եղեւնիների եւ սոճիների վաճառքը, սակայն չի հստակեցվում դրանց վաճառահանման կանոնները, ինչպես նաեւ ծագումը: Ստացվում է մի իրավիճակ, երբ օպիրինի հատված նման ծառերը կարող են անարգել վաճառվել:
Առաջարկվող կարգավորումները
Առաջարկվող կարգավորումները վերաբերում են «Առեւտրի եւ ծառայության մասին» ՀՀ օրենքին եւ ՀՀ ՔՕ-ին, որով կսահմանափակի հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, բայցի այդ, որպես ածանցյալ ռիսկերից խուսափելու միջոց, առաջարկվում է նաեւ սահմանափակել վերջիններիս առեւտրային նպատակներով պահեստավորումը եւ ցուցադրումը: Նորմի խախտումը առաջարկվում է որակել որպես զանցանք, ինչի համար ՎԻՎՕ-ում 158-րդ հոդվածի լրացման առաջարկ է կատարվել: Վարչական պատասխանատվությունը ներառում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկ չափը:
Ակնկալվող արդյունքները
Բուսական աշխարհին զերծ պահել հնարավոր ապօրինի հատումների ռիսկերից, որը կզուգորդվի ամանորյա տոնակատարությունների նպատակով եղեւնիների եւ սոճիների օգտագործման նոր մշակույթ՝ ի դեմս համապատասխան տարրայավորմամբ շրջանառությունը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
«12» նոյեմբեր, 2019թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Առեւտրի եւ ծառությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի եւ «Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության Օրենքի նախագծերի փաթեթը:
Գրությանը կից ներկայացվում են՝
1. Նախագծերը (հիմնական զեկուցող՝ Ալեն Սիմոնյան)
2. Նախագծերի ընդունման հիմնավորումը,
3. Գործող օրենքի եւ օրենսգրքի փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում ենք օրենքներիի նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ