Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3591-13.11.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«Բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողի կողմից ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրում ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Առկա խնդիրները

Ներկայումս տարածված երեւույթ է, երբ ամանորյա տոնակատարությունների նախաշեմին շուկայում հայտնվում են արմատից սղոցված (որեւէ կերպ հատված) եղեւնիների եւ սոճիներ: Ներկայիս նորմատիվ իրավական դաշտը չի կարգավորում արմատից որեւէ կերպ հատված ծառերի վաճառքի սահմանափակում: Բուսական աշխարհը ինքնին պաշտպանված է օրենքով, սակայն ապօրինի հատված ծառերն ինքնըստինքյան հայտնվում են շուկայում:  Բացի այդ, ներկայիս կարգավորմամբ բացակայում են օրենսդրական խոչընդոտները ապօրինի հատված եղեւնի եւ սոճիների վաճառքի վերաբերյալ: Ռիսկային է թույլատրել հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, քանի որ մեծ է հավանականությունը ապօրինի հատումների: Առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կարգավորող օրենքում թույլատրվում է ամանորյա տոնակատարությունների համար եղեւնիների եւ սոճիների վաճառքը, սակայն չի հստակեցվում դրանց վաճառահանման կանոնները, ինչպես նաեւ ծագումը: Ստացվում է մի իրավիճակ, երբ օպիրինի հատված նման ծառերը կարող են անարգել վաճառվել:

Առաջարկվող կարգավորումները

Առաջարկվող կարգավորումները վերաբերում են «Առեւտրի եւ ծառայության մասին»  ՀՀ օրենքին եւ ՀՀ ՔՕ-ին, որով կսահմանափակի հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, բայցի այդ, որպես ածանցյալ ռիսկերից խուսափելու միջոց, առաջարկվում է նաեւ սահմանափակել վերջիններիս առեւտրային նպատակներով  պահեստավորումը եւ ցուցադրումը: Նորմի խախտումը առաջարկվում է որակել որպես զանցանք, ինչի համար ՎԻՎՕ-ում 158-րդ հոդվածի լրացման առաջարկ է կատարվել: Վարչական պատասխանատվությունը ներառում է տուգանքի նշանակում  նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկ չափը:

Ակնկալվող արդյունքները

Բուսական աշխարհին զերծ պահել հնարավոր ապօրինի հատումների ռիսկերից, որը կզուգորդվի ամանորյա տոնակատարությունների նպատակով եղեւնիների եւ սոճիների օգտագործման նոր մշակույթ՝ ի դեմս համապատասխան տարրայավորմամբ շրջանառությունը: 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ


«12» նոյեմբեր, 2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում  «Առեւտրի եւ ծառությունների մասին» ՀՀ  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի եւ  «Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության Օրենքի նախագծերի փաթեթը:

Գրությանը կից ներկայացվում են՝

1. Նախագծերը (հիմնական զեկուցող՝ Ալեն Սիմոնյան)

2. Նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի եւ օրենսգրքի փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքներիի նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

Հարգանքով՝   ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ