Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 230-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 15-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն կետով սահմանված արտոնությունները կիրառվում են նաեւ օրացուցային տարվա ընթացքում առնվազն 42 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ, սակայն 6 ամսվա ընթացքում ոչ պակաս, քան 28 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում։ Ընդ որում, եթե առաջնագրում մարտական հերթապահությունն իրականացվել է 6 ամսից ավելի, սակայն 1 տարուց պակաս ժամկետով, ապա արտոնությունները կիրառվում են միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացված ամիսների մասով.».
2) 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն կետով սահմանված արտոնությունները կիրառվում են նաեւ առնվազն 9 տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ։»։
Հոդված 2.
Oրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 4-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն կետով սահմանված արտոնությունները կիրառվում են նաեւ օրացուցային տարվա ընթացքում առնվազն 42 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ, սակայն 6 ամսվա ընթացքում ոչ պակաս, քան 28 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում։ Ընդ որում, եթե առաջնագրում մարտական հերթապահությունն իրականացվել է 6 ամսից ավելի, սակայն 1 տարուց պակաս ժամկետով, ապա արտոնությունները կիրառվում են միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացված ամիսների մասով.».
2) 5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն կետով սահմանված արտոնությունները կիրառվում են նաեւ առնվազն 9 տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ։»։
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից։
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 230-րդ եւ 245-րդ հոդվածները կարգավորում են անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունները՝ օգտվող սուբյեկտների շրջանակը եւ արտոնության տեսակները։
Օրենսդիրը, կարեւորելով զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովումը, վերոնշյալ հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն է նախատեսել, ի թիվս այլոց,
- ծառայության ընթացքում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար,
- պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո՝ նախորդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց համար:
Մեր կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է նույնատեսակ արտոնություններ տրամադրել նաեւ ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր սահմանված կարգով եւ ժամկետում մեկնում են առաջնագիծ՝ մարտական հերթապահության:
Հաշվարկման համար հիմք է ընդունվել տարեկան կտրվածքով ոստիկանության զորքերի յուրաքանչյուր գումարտակի կողմից առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու օրերի թիվը։
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի նոյեմբերի ___-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
___ նոյեմբերի 2019թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Փաթեթին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
- դրա ընդունման հիմնավորումը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածներում առաջարկվող լրացումները։
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Սարիկ Մինասյանը։
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ ___ թերթ։
Հարգանքով՝ | ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ |