Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-364-13.11.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 907-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հավելագրվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրն ընկած ժամանակահատվածում օրացուցային օրերի համար:»:

Հոդված 2. Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ավանդների համար տոկոսները հաշվեգրվում են ավանդի ժամկետի փաստացի օրերի հաշվարկով, այնինչ գործող օրենսդրական ձեւակերպումների համաձայն ցանկացած ժամկետով ավանդ ներդնելու դեպքում չի վճարվում մեկ օրվա տոկոսը, քանի որ տոկոսների հաշվեգրումը սկսվում է ավանդը բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու նախորդ օրը: Այսինքն՝ մեկ օրով ավանդ դնելու դեպքում բանկն ընդհանրապես տոկոս չի վճարում, ինչը հակասում է ավանդ գործիքի տնտեսագիտական բովանդակությանը:

Առկա կարգավորումը խոչընդոտում է նաեւ փողի շուկայի զարգացմանը, որի համար անհրաժեշտ է ունենալ օվերնայթ (մեկ օրանոց) ավանդի շուկայական տոկոսադրույքը: Այն թույլ չի տալիս ներդնել նաեւ ավանդային հավաստագրերի ֆինանսական գործիքը, որը բավական տարածված է աշխարհում:

Գործող կարգավորումների արդյունքում բանկերը 2019 թվականի առաջին 6 ամիսների կտրվածքով ավանդատուներին պակաս են վճարել 162 միլիոն ՀՀ դրամ տոկոսավճար:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ավանդատուները կսկսեն ստանալ իրենց ավանդների փաստացի օրերի չափով տոկոսավճար, ինչպես նաեւ կվերանան տոկոսագումարների սխալ հաշվարկի արդյունքում ֆինանսական շուկայի զրգացման խոչընդոտները:
 
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ Պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝     ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ