Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի հունիսի 4-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ:
«գովազդ՝ տեղեկատվություն, որը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ հանրայնացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գաղափարները, նախաձեռնությունները, ծառայությունները, գործունեության տեսակները, ապրանքները, ապրանքային նշանները եւ ֆիրմային անվանումները»:
Հոդված 2. «Գովազդի մասին» 1996 թվականի հունիսի 4-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ:
«արտաքին գովազդ՝ տեխնիկական տարբեր տեսակի միջոցների ձեւով ցանկացած գովազդի տարածում՝ այդ թվում պատկերների օգտագործմամբ, հանրային տեսանելի վայրերում, շենքերի եւ շինությունների վրա, ինչպես նաեւ դրանց ներսում, սակայն դրսից տեսանելի»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը, «Քաղաքապետը» բառից հետո, լրացնել նոր պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ:
«Երեւան քաղաքում արգելվում է տեղադրել կամ փակցնել ցանկացած տեսակի եւ չափսի արտաքին գովազդ առանց Երեւանի քաղաքապետարանի թույլտվության»
«Արգելվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությունով՝ հետեւյալ բովանդակությամբ
«Արգելվում է տրանսպորտային, ինչպես նաեւ ցանկացած այլ շարժական միջոցների ձեւով էլեկտրոնային էկրանների միջոցով ցանկացած գովազդի ցուցադրումը կամ տեղադրումը»:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1.1. կետում «առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու» բառերից հետո լրացնել « եւ սույն օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածներով նախատեսված պահանջները խախտելու» բառերը:
Հոդված 6.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապաարակմանը հաջորդող օրվանից 1 ամիս հետո:
Հիմնավորում
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Օրենքում փոփոխություննները նախատեսում են կանոնակարգել Երեւանում, իսկ հետագայում նաեւ հանրապետությունում, արտաքին գովազդի ոլորտը: «Գովազդի Մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության փոփոխությունը թույլ է տալիս ընդլայնել արտաքին գովազդ հասկացությունը եւ մի շարք գովազդի տեսակներ եւս ներառել արտաքին գովազդ հասկացության մեջ: Այս պահին գովազդատուները հնարավորություն ունեն իրենց գովազդները փակցնել ցանկացած տեղ, բացառությամբ Գովազդի մասին օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված վայրերից, այն է՝ թանգարաններում, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաեւ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում եւ նրանց տարածքում:
Արտաքին գովազդի սահմանման փոփոխությունից հետո արտաքին գովազդ կհամարվի տեխնիկական տարբեր տեսակի միջոցների ձեւով ցանկացած գովազդի տարածում՝ այդ թվում պատկերների օգտագործմամբ, հանրային տեսանելի վայրերում, շենքերի եւ շինությունների վրա, ինչպես նաեւ դրանց ներսում, սակայն դրսից տեսանելի: Այս փոփոխությունը վերաբերելու է նաեւ Երեւան քաղաքի եւ ՀՀ այլ քաղաքաների ու համայնքների գլխավոր կամ երկրորդական փողոցների ամենատարբեր անկյուններում, կանգառներում, շենքերի պատերին, հենասյուներին ու մի շարք այլ վայրերում փակցված տարբեր չափսի ու ձեւի գովազդներին, որոնք էականորեն փչացնում են քաղաքի արտաքին տեսքը:
Օրենքի փոփոխությունից հետո նմանատիպ արտաքին գովազդներ կարող են տեղադրվել բացառապես հայտարարությունների համար նախատեսված վահանակների վրա, իսկ վերը նշված օրենքի խախտման պատիժը սահմանված է «Գովազդի Մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1.1 եւ 2-րդ մասերում:
Օրենքով նախատեսվում է նաեւ արգելվում է տրանսպորտային, ինչպես նաեւ ցանկացած այլ շարժական միջոցների ձեւով էլեկտրոնային էկրանների միջոցով ցանկացած գովազդի ցուցադրումը կամ տեղադրումը:
Օրենքում փոփոխությունը հետապնդում է երկու նպատակ. կանոնակարգել արտաքին գովազդի շուկան եւ արտաքին գովազդ հասկացությունը, ինչպես նաեւ բարելավել Երեւան քաղաքի արտաքին տեսքը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ