Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-385-21.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 225.1-ին հոդվածում՝

1) 6-րդ մասի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ եւ 6.4-րդ մասերով.

«6.1. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանելիս պայմանագրում նշում է կատարվում ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որեւէ հատկանիշներով պայմանավորված գույքի խմբի մասին, որը հանդիսանալու է ապահովված իրավունքի առարկա: Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի ողջամտորեն նույնականացնել ապահովված իրավունքի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին:

6.2. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրում պետք է նշում կատարվի պայմանագրի կնքման պահին ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքի մասին: Պայմանագրի գործողության ընթացքում ապահովված իրավունքի առարկայի կազմը կարող է փոփոխվել պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը չնվազելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

6.3. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում գույքն օտարելու պահից այն դադարում է լինել ապահովված իրավունքի առարկա, իսկ պայմանագրում նշված գույքի խմբին կամ գույքի տեսակներին պատկանող գույքը պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքի սահմաններում դառնում է ապահովված իրավունքի առարկա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

6.4. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ապահովման համար կնքվող պայմանագրերում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գրավի իրավունքը տարածվում է գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքվելիք պայմանագրերի նկատմամբ: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐի ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը-2019» զեկույցում «Վարկերի ստացումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը: Գրանցած ցուցանիշի վրա իր ազդեցությունն է ունեցել, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված՝ գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների նկատմամբ միայն պայմանագրով նախատեսված դեպքերում տարածելու վերաբերյալ պահանջը, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելու հնարավորության բացակայությունը, ինչպես նաեւ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ռեգիստրում գրանցում կատարելիս եւ գրանցման ժամկետը երկարաձգելիս պարտապանի համաձայնության պարտադիր պահանջը, ապահովված իրավունքի առարկայի որոշիչ հատկանիշների նկարագրման անհրաժեշտությունը եւ այլն:

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները նախատեսված են Կառավարության 2019 թվականի ապրիլի 25 N 560-Լ որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրում»:

Վերը նշվածը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝

1. հանվել է որոշիչ կամ նկարագրական հատկանիշներ ունեցող ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պայմանագրում պարտադիր սահմանելու վերաբերյալ պահանջը,

2. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրեր կնքելու հնարավորությունն առավելապես ուղղված է ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության բարձրացմանը, եւ միաժամանակ սպառողների պաշտպանության նկատառումներից ելնելով՝ նախատեսվել է ապահովման պայմանագրում ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը սահմանելու հնարավորությունը, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերի,

3. սահմանվել է, որ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին, միաժամանակ նախատեսվել են կարգավորումներ ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելու հնարավորության ապահովման համար,

4. սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաեւ գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝

1. հստակեցվել են գրանցման ժամանակ ապահովված տիրույթում լրացվող տվյալները,

2. սահմանվել են իրավակարգավորումներ ապահովման պայմանագրով ընդհանուր նկարագրություն սահմանելու դեպքում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հնարավորությունն ապահովելու համար,

3. վերացվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ռեգիստրում գրանցում կատարելիս եւ գրանցման ժամկետը երկարաձգելիս պարտապանի գրավոր համաձայնությունը ներկայացնելու պարտադիր պահանջը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել ապահովված իրավունքի ինստիտուտը, ինչը կարող է դրականորեն ազդել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:   
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ   ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ  


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

14 նոյեմբերի 2019 թվականի  N  1573   - Ա    
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնու-թյունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. նոյեմբերի 15

      Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

19 նոյեմբերի 2019 թվականի  N   1719    - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. նոյեմբերի 19

      Երեւան


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1573 -Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ