Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետում`
ա. «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ. ապահովված անձի (պարտատիրոջ) տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը».
գ. «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ. պարտապանի տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը».
դ. «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
ե. «ե» ենթակետը «մասին» բառից առաջ լրացնել «տեսակի» բառով.
զ. «զ» ենթակետում «ժամկետները» բառից հետո լրացնել «, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը» բառերով, իսկ «որոշիչ» բառը փոխարինել «իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ որոշիչ» բառերով.
է. «ժ» ենթակետից հանել «նոտարական» բառը, իսկ «նոտարին հասցեագրած» բառերը փոխարինել «գրանցում կատարելու համար ներկայացվող» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետում «անդորրագրի հաստատված վճարման հանձնարարականի բնօրինակը» բառերը փոխարինել «անդորրագիրը» բառով.
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասում «Այն դեպքերում, երբ հնարավոր է որոշիչ ճշգրիտ տվյալների միջոցով որոշակիացնել շարժական գույքը, ապա» բառերը փոխարինել «Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում» բառերով, իսկ «այդ» բառը փոխարինել «շարժական գույքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագիրը, այդ թվում՝ նշում համապատասխանաբար ողջ գույքի կամ կամ գույքի առանձին տեսակների կամ որեւէ հատկանիշներով պայմանավորված խմբի մասին, ինչպես նաեւ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը, իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ գույքի որոշիչ հատկանիշները (տվյալները).».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6) գրանցման համարը:»:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ.
«Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու եւ ապահովված իրավունքի առարկայի օտարման դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 6.3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:»:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «որը ենթակա է նոտարական վավերացման» բառերը փոխարինել «եթե համաձայնություն ներկայացնելու պահանջը նախատեսված է պայմանագրով:»:
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 22-րդ հոդվածի 1-ին մասը «գույքի համարը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված գրանցումների նկատմամբ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐի ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը-2019» զեկույցում «Վարկերի ստացումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը: Գրանցած ցուցանիշի վրա իր ազդեցությունն է ունեցել, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված՝ գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների նկատմամբ միայն պայմանագրով նախատեսված դեպքերում տարածելու վերաբերյալ պահանջը, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելու հնարավորության բացակայությունը, ինչպես նաեւ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ռեգիստրում գրանցում կատարելիս եւ գրանցման ժամկետը երկարաձգելիս պարտապանի համաձայնության պարտադիր պահանջը, ապահովված իրավունքի առարկայի որոշիչ հատկանիշների նկարագրման անհրաժեշտությունը եւ այլն:
Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները նախատեսված են Կառավարության 2019 թվականի ապրիլի 25 N 560-Լ որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրում»:
Վերը նշվածը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝
1. հանվել է որոշիչ կամ նկարագրական հատկանիշներ ունեցող ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պայմանագրում պարտադիր սահմանելու վերաբերյալ պահանջը,
2. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրեր կնքելու հնարավորությունն առավելապես ուղղված է ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության բարձրացմանը, եւ միաժամանակ սպառողների պաշտպանության նկատառումներից ելնելով՝ նախատեսվել է ապահովման պայմանագրում ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը սահմանելու հնարավորությունը, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերի,
3. սահմանվել է, որ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին, միաժամանակ նախատեսվել են կարգավորումներ ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելու հնարավորության ապահովման համար,
4. սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաեւ գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝
1. հստակեցվել են գրանցման ժամանակ ապահովված տիրույթում լրացվող տվյալները,
2. սահմանվել են իրավակարգավորումներ ապահովման պայմանագրով ընդհանուր նկարագրություն սահմանելու դեպքում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հնարավորությունն ապահովելու համար,
3. վերացվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ռեգիստրում գրանցում կատարելիս եւ գրանցման ժամկետը երկարաձգելիս պարտապանի գրավոր համաձայնությունը ներկայացնելու պարտադիր պահանջը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել ապահովված իրավունքի ինստիտուտը, ինչը կարող է դրականորեն ազդել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1573 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնու-թյունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. նոյեմբերի 15 Երեւան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի N 1719 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. նոյեմբերի 19 Երեւան |
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1573 -Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |