Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի 150-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ կետով.
«7) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված, հարկերից ազատված սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում գործող եւ արտահանմամբ զբաղվող կազմակերպությունում, անհատ ձեռնարկատիրոջ մոտ, որպես վարձու աշխատող գրանցված անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ սահմանել 10 տոկոս»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը ազատված է հարկերից:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության վերոնշյալ որոշման՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող ՀՀ մարզերն են՝ Արարատ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների եւ լրացումների համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը կազմելու է 23 տոկոս:
Սույն նախագծով նապատակ է դրվում մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում գործող, արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ աշխատանքային պայմանագրի հիմքով աշխատող անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ սահմանել 10 տոկոս, ինչը կբերի տվյալ ձեռնարկություններում աշխատող անձանց աշխատավարձերի բարձրացման, այդ ձեռնարկություններում աշխատելը կդարձնի էլ ավելի եկամտաբեր՝ միաժամանակ ազդելով արտադրողականության աճի եւ որակի բարձրացման վրա, արդյունքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր հայրենակիցները սահմանապահի իրենց առաքելությունը կիրականացնեն առանց իրենց բնակավայրերը լքելու՝ ստանալով համեմատաբար ավելի բարձր եկամուտներ:
Բացի այդ օրենքի նախագծի նպատակներից է նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում արտահանմանը միտված գործունեություն իրականացնող ձեռնարկությունների թվի ավելացումը՝ միաժամանակ չստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ սահմանամերձ բնակավայրերում գործող եւ արտահանմամբ զբաղվող եւ իրենց արտադրանքը Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում արտադրող եւ իրացնող ձեռնարկությունների միջեւ:
Մարզի զարգացման նոր ռազմավարությամբ նախատեսվող արտադրական հզորությունների ներդրումը պահանջում է ներդրումային էական ակտիվություն: Արդյունքում առաջիկա 5 տարիներին տնտեսական ցուցանիշները կավելանան 3 անգամ: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը, անկասկած, կունենա էական ազդեցություն գործընթացի ապահովման վրա:
Հատկանշական է, որ այն ձեռնարկությունները, որոնք գործում են սահմանամերձ գոտում հարկային արտոնությունների շրջանակներում, իրենց հիմնական արտադրանքն արտահանում են: Այս պարագայում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) արտոնությունը, ըստ էության, դառնում է անիմաստ, որովհետեւ արտահանման ժամանակ, միեւնույնն է, հետ են ստանում իրենց ավելացված արժեքի հարկը: Խնդրահարույց է նաեւ այն, որ նրանք արտադրանքն իրացնում են ներքին շուկայում, հատկապես մեծածախ մատակարարումների դեպքում գնորդները նախընտրում են գնել այն կազմակերպություններից, որոնք աշխատում են ավելացված արժեքի հարկով, որպեսզի իրենք եւս համապատասխան հաշվանցում կատարեն: Այսինքն՝ սա եւս լրացուցիչ փաստարկ է, որ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի արտոնությունը խոշոր ներդրումային հետաքրքրություն չի ներկայացնում:
Շահութահարկի մասով պետք է նշենք, որ տարածաշրջանում աշխատող ձեռնարկությունները բարձր շահութաբերություն չունեն, եւ այս առումով նրանց համար էական չէ շահութահարկի արտոնությունը: Սա առկա ցածր ներդրումային ակտիվության պատճատներից է:
Ուստի շատ կարեւոր է այս օրենսդրական նախաձեռնության դերը: Գտնում ենք, որ եկամտային հարկի արտոնությունը էական հետաքրքրություն պետք է առաջացնի տարածաշրջանում: Մինչ այժմ ստեղծված ձեռնարկություններում հիմնականում աշխատավարձը կազմում է մինչեւ 150,000 դրամ: Այսինքն՝ խոսքը մեծ գումարների մասին չէ, եւ ֆինանսական բեռը բյուջեի վրա էական չէ: Այն տնտեսական ակտիվությունը, որը կառաջանա տարածաշրջանում եւ մասնավորապես սահմանամերձ գյուղերում, անհամեմատ ավելի մեծ պետք է լինի տնտեսության ազդեցության տեսանկյունից, քան այն ֆինանսական պայմանական կորուստները, որոնք կունենանք այս օրենսդրական նախաձեռնության իրականացումից հետո:
Գտնում ենք, որ այս օրենսդրական փոփոխությունը էական խթան կարող է հանդիսանալ հատկապես բարձր աշխատավարձ տվող բիզնեսում, ինչպիսիք են գիտելիքահենք ուղղությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք ունեն շատ լայն ընդգրկում: Կան նաեւ որոշակի ուղղություններ, որոնք նոր տարածքներում ներդրման տեսանկյունից մեծ նախապատրաստական գործընթաց չեն պահանջում, ինչպես օրինակ՝ թեստավորման ոլորտը, քոլ սենթրները (call centre) եւ այլն:
Հատկանշական է, որ վերջին տարիներին Տավուշի մարզը եղել է ճարտարագիտական լաբորատորիաներով ամենահագեցած տարածաշրջանը: Այս պահի դրությամբ մարզի դպրոցներում գործում է շուրջ 40 ճարտարագիտական եւ ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ, որոնք սկսել են գործարկվել 2014 թվականից: Սա նշանակում է, որ աճող սերունդը կարող է լրացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուկան: Այս տարվա սկզբին Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել են 80 հոգու ծրագրավորման դասընթացներ, որոնց մասնակցում են ոչ միայն ուսանողներ, այլեւ շրջանավարտներ, մաթեմատիկայի ուսուցիչներ եւ այլն: Այս օրերին ստեղծվել է առաջին IT գրասենյակը: Ահա այս հենքերի վրամենք, առաջիկայում ուղղակիորեն կենտրոնանալով որոշակի գյուղերի վրա, կարող ենք զարգացնել բարձր հավելյալ արժեք ունեցող ուղղություններ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, որը լուրջ փոփոխություն կբերի կյանքի որակի, աշխատանքային մշակույթի եւ այն միջավայրի մեջ, որն առկա է տարածաշրջանում:
Հարկ եմ համարում նշել, որ մենք բավականին ծանր իրավիճակ ունենք որոշ գյուղերում. 28 գյուղում գործում են 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցներ: Սա նշանակում է, որ այս գյուղերում մենք ունենք բնակչության բնականոն կենսաապահովման կրիտիկական դեֆիցիտ, եւ ահա նմանատիպ միջոցառումներով մենք պետք է էապես խթանենք այս գյուղերում տնտեսական ակտիվությունը:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
- օրենքի նախագիծը,
- օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
- գործող օրենքի լրացվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ԱԺ պատգամավոր՝ Հայկ Սարգսյան