Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-387-26.11.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն (այսուհետ՝ Օրենք) «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետում « (բացառությամբ փոխադրամիջոցների)»  բառերը հանել.

2) 1-ին մասի 2-րդ կետի 1-ին եւ 2-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասի 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ.

« Ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ գույքի մասով հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը բացառությամբ, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից.»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս անշարժ գույքի առուվաճառք իրականացնելիս վաճառողը պարտավոր չէ կատարել գույքահարկի գծով իր պարտավորությունները, քանի որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքը այդպիսի պարտադրանք տալիս է միայն տրանսպորտային միջոցների համար: Սույն իրավիճակի չկարգավորվածությունը հաճախ հանգեցնում է հետագայում խնդիրների գնորդների համար, քանի որ երբեմն որոշ վաճառողներ մոլորության մեջ են գցում գնորդին, եւ գնորդները հաճախ անգամ ուշադրություն չեն դարձնում նոտարական գրասենյակներում նոտարի զգուշացմանը:

2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.

Օրենսդրական առկա կարգավորումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

1. Արդեն իսկ առկա է նման կարգավորում տրանսպարտային միջոցների դեպքում։

2. Գործող կարգավորումը գործնականում առաջացնում է ռիսկեր գնորդ հաճախորդների համար, բոլոր այն դեպքերում, երբ անշարժ գույքի վաճառողը դրսեւորում է ոչ բարեխիղճ վարքագիծ եւ պատշաճ կարգով չի տեղեկացնում գնորդին՝ գույքի հետ կապված այդ պահին առկա չկատարված հարկային պարտավորությունների չափի մասին, իսկ գնորդը տեղեկացված չէ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի այն դրույթների մասին, համաձայն որոնց նոր սեփականատիրոջն են անցնում օտարվող գույքի հետ կապված նախորդ սեփականատիրոջ չկատարած հարկային պարտավորությունները։

3. Հարկ է նշել, որ գործող իրավակարգավորորման պայմաններում, առկա է առեեւույթ հակասություն Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասին հետ, որով սահմանվում է, որ անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը։

4. Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՏԻՄ-երին նկատելիորեն բարելավել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝ չծախսելով լրացուցիչ վարչական ռեսուրսներ։

5. Անշարժ գույքի օտարման դեպքում կբացառվեն բոլոր այն իրավիճակները, որոնք այժմ առկա են գործնականում, մասնավորապես, երբ գնորդը միայն գործարքից հետո է տեղեկանում իրեն փոխանցված՝ նախորդ սեփականատիրոջ կողմից չվճարված գույքհարկի պարտավորությունների մասին, ինչը երբեմն հանգեցնում է միջանձնային հարաբերությունների լարման եւ դատական կարգով վիճարկման։

3. Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով, ինչպես նաեւ հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


25 նոյեմբեր 2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԵԼԻ՜ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

-նախագծի ընդունման հիմնավորումը,

-օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր`  (5) էջ:
 

Հարգանքով`  Գեւորգ Պապոյան /057/
Արգիշտի Մեխակյան /065/