Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-390-26.11.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի ՀՕ-165-Ն (այսուհետ՝ Օրենսգիրք) 159-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1.-րդ մասով.

«3.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է սույն Օրենսգրքի 1601 հոդվածով սահմանված կարգով»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 1601 հոդվածով.

«Հոդված 1601 . Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող  ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը

1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է Հայաստանի Հանրապետությունում հավտարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան  տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

2.Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

3.Սույն հոդվածով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնությունների հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:

4.Սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից.

1) չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները,

2) վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

5.Սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրիքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերը եւ 5-րդ մասի 1-ին, 2-րդ կետերը:

6.Սույն հոդվածով սահմանված՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2020թ.-ի սեպտեմբերի մեկից հետո ծագող իրավահարաբերությունների վրա:

2.Սույն Օրենսգրքի 1601 -րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտությունների ցանկը կառավարությունը սահմանում է օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2019թ.-ի փետրվարի 14-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, համաձայն որի՝ առաջիկա հինգ տարիներին՝ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն եւ այդ նպատակին հասնելու համար, ի թիվս այլ հանգամանքների, կարեւորվեց աշխատանքի եւ կրթության քաջալերումն ու աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի եւ կրթության միջոցով:

Ելնելով կառավարության ծրագրի հիմնարար ուղենիշներից եւ խնդիրներից, ինչպես նաեւ  բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մատչելիութան սկզբունքներից՝ մշակվել է եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորություն ընձեռող սույն օրենսդրական նախագիծը, որը  նպատակ է հետապնդում խրախուսել ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատելու, որպես անհատ կայանալու եւ սեփական ֆինանսական միջոցներն ունենալու, իսկ մասնագիտական աշխատանքի հնարավորության դեպքում՝ նաեւ պրակտիկ աշխատանքային հմտություններ ձեռք բերելու:

Միաժամանակ այն խրախուսելու է արդեն իսկ աշխատողներին ստացած կրթությունը շարունակելու կամ նոր մասնագիտություն ձեռք բերելու: Լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով արդեն իսկ աշխատող քաղաքացիներին՝ նախագիծը միտված է նաեւ համալրելու այսօր աշխատաշուկայում առկա որոշ մասնագիտություններով բարձր վարձատրվող աշխատատեղերը, որոնք շատ դեպքերում թափուր են մնում հենց  համապատասխան կրթություն եւ գիտելիք չունենալու պատճառով: Այսպիսով,  երիտասարդները կկարողանան, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը, համապատասխան մասնագիտությամբ կրթության ստանալ:

Նախագիծը կխրախուսի նաեւ երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաեւ աշխատող երիտասարդների  մեջ կդաստիարակի աշխատելու եւ միաժամանակ հարկ վճարելու  մշակույթ:

Հաշվի առնելով, որ նախագիծը բյուջեի ծախսային մասի վրա կարող է ունենալ էական ազդեցություն, մեր կողմից առաջարկվում է սկզբնական փուլում այն ընդունել հետեւյալ սահմանափակումներով. հիշյալ արտոնությունից կարող են օգտվել միայն առկա համակարգի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով սովորող եւ միաժամանակ աշխատող ուսանողները: Կառավարությունը մասնագիտությունների ցանկը կհաստատի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը: 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


25 նոյեմբերի 2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության hարկային  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

-օրենքի նախագիծը,

-օրենքի նախագծի հիմնավորումը,

-գործող օրենքի լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Սիսակ Գաբրիելյանը:

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 


ԱԺ պատգամավորներ՝     Լիլիթ Մակունց

                                       Սիսակ Գաբրիելյան