Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-570-28.04.2005-ՍԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական նպաստի հասկացությունը, տեսակները եւ տրամադրման կարգը:

Հոդված 2. Պետական նպաստ ստանալու իրավունքը

Պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության համապատասխան կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Հոդված 3. Պետական նպաստների հասկացությունը, տրամադրման նպատակը եւ սկզբունքները

1. Պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է:

2. Պետական նպաստների տրամադրման նպատակն է աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը օժանդակելը, ինչպես նաեւ ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (երեխայի ծննդյան) կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի աշխատավարձի մասնակի հատուցումը:

3. Պետական նպաստները տրամադրվում են հասցեականության, թափանցիկության եւ մարդու արժանապատվությունը չնվաստացնելու սկզբունքներով:

Հոդված 4. Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 5.Պետական նպաստների տեսակները

Պետական նպաստների տեսակներն են`

1) ընտանեկան նպաստը.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստը.

3) երեխայի խնամքի նպաստը:

Հոդված 6. Պետական նպաստների տրամադրման մերժման հիմքերը

Պետական նպաստի տրամադրումը մերժվում է.

ա) պետական նպաստի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության.

բ) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու.

գ) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքերում:

Հոդված 7. Պետական նպաստների վճարումը

Պետական նպաստների վճարումն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը:

ԳԼՈՒԽ 2

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 8. Ընտանիքի անապահովության գանահատումը եւ ընտանեկան նպաստի տրամադրման հիմքը

1. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի եւ այլ պայմանները բնութագրող ցուցանիշների հիման վրա:

2. Ընտանիքը սույն օրենքի իմաստով համատեղ բնակվող (հաշվառված եւ փաստացի) քաղաքացիների սոցիալական փոքր խումբն է, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն եւ ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաեւ միայնակ բնակվող քաղաքացին:

3. Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ ընտանիքի աղքատությունը բնութագրող ցուցանիշներն ընտրվում են` հաշվի առնելով տնային տնտեսությունների բյուջեների ընտրանքային հետազոտությունների տվյալները:

4. Ընտանեկան նպաստ նշանակվում է աղքատ ընտանիքին` ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր անապահովության միավոր ունենալու դեպքում:

5. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 9. Ընտանեկան նպաստ ստանալու համար դիմելը

1. Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ, դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ` տարածքային մարմին):

2. Դիմողը ներկայացնում է ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի եւ այլ պայմանների մասին հավաստի եւ ամբողջական տեղեկություններ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տվյալները փոխվելու դեպքում այդ մասին դիմողը տեղյակ է պահում տարածքային մարմին փոփոխության օրվանից սկսած 30-օրյա ժամկետում ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը.

4. Դիմողը նախորդ դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին դիմում է տարածքային մարմին սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթեր ներկայացնելու համար:

Հոդված 10. Ընտանեկան նպաստ ստանալու ընտանիքի իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չհամարվող անձինք

Ընտանեկան նպաստ ստանալու ընտանիքի իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չեն համարվում`

1. ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները.

2. պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.

3. ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.

4. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, ծերանոց) գտնվող կամ տեղավորված քաղաքացիները:

Հոդված 11. Միանվագ դրամական օգնություն

Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներին տրամադրվում է

1. միանվագ դրամական օգնություն

ա) ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում.

բ) ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում.

գ) ընտանիքի անդամի մահվան դեպքում.

2. հրատապ օգնություն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:

Հոդված 12. Երեխայի ծննդյան միանվագ օգնության իրավունքը

Երեխայի ծննդյան միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա եւ ունի ընտանեկան նպաստի իրավունք կամ երեխայի ծննդով այդ ընտանիքը ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք:

Հոդված 13. Երեխայի ծննդյան միանվագ օգնության տրամադրման կարգը

1. Երեխայի ծննդյան միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

2. Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում:

3. Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

Հոդված 14. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության իրավունքը

Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է առաջին դասարան:

Հոդված 15. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության տրամադրման կարգը

1. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

2. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի առաջին դասարան ընդունվելու տարվա երրորդ եռամսյակի ընթացքում:

3. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիք առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

Հոդված 16. Հուղարկավորության միանվագ օգնության իրավունքը

Հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի մահացած անդամը կենսաթոշակառու կամ աշխատող չէ:

Հոդված 17. Հուղարկավորության միանվագ օգնության տրամադրման կարգը

1. Հուղարկավորության միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

2. Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո երեք ամսվա ընթացքում:

3. Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:

Հոդված 18. Հրատապ օգնության իրավունքը

Հրատապ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (երեխայի դպրոց հաճախելու հետ կապված ծախսերի մասնակի հատուցման նպատակով, արտակարգ իրավիճակների եւ կարճատեւ ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:

Հոդված 19. Ընտանեկան նպաստի վճարման դադարեցման հիմքերը

Ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է`

1. ընտանիքի անապահովության միավորն ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

2. դիմողի կողմից` նախորդ հաշվառումից 12 ամիս անց տարածքային մարմին անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3. ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4. ընտանեկան նպաստ ստացողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները եւ ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում.

5. ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի ընտանիքների անապահովության գնահատաման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում` համապատասխան հիմք(եր)ի հայտնաբերման հաջորդ ամսից:

Հոդված 20. Ընտանեկան նպաստի եւ միանվագ օգնության չափը եւ նշանակման կարգը

Ընտանեկան նպաստի չափը որոշվում է` ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի մինչեւ 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելումը:

Ընտանիքի մինչեւ 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է` ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակության վայրից, ինչպես նաեւ ընտանիքի մինչեւ 18 տարին չլրացած անդամների թվից:

Ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման եւ միանվագ օգնության չափերը, ընտանեկան նպաստի եւ միանվագ օգնության նշանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 3

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ  ՆՊԱՍՏ

Հոդված 21. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը:

Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:

Հոդված 22. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգն ու չափը

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.

ա) դիմում.

բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

գ) տեղեկանք բնակության վայրից.

դ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը.

ե) ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

զ) երեխայի եւ ծնողի կամ խնամակալի սոցիալական ապահովության քարտի պատճենը:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 4

ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ

Հոդված 23. Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը` ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնողը), մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակաշրջանում:

Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողներից մեկի կամ միակ ծնողի համար երեխայի ծննդյան պահից, որդեգրողի համար որդեգրման, իսկ խնամակալի համար` խնամակալության որոշում կայացնելու պահից:

Հոդված 24. Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

1. Երեխայի խնամքի նպաստի համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.

ա) դիմում.

բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

գ) տեղեկանք բնակության վայրից.

դ) տեղեկանք աշխատավայրից իր` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.

ե) ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

զ) երեխայի եւ ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի սոցիալական ապահովության քարտի պատճենը:

2. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու պահին հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո վեց ամսվա ընթացքում:

3. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելուն հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է իրավունքը ծագելուց հետո վեց ամիս անց:

4. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո 15 օրվա ընթացքում տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին:

6. Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակաշրջանում, աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային մարմնին:

7. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչեւ ընթացիկ տարվա վերջը եւ շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը կրկին ներկայացնում է տեղեկանք բնակության վայրից եւ աշխատավայրից:

8. Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը վճարվում է ծնողին միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:

9. Նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում մինչեւ նրա մահը չստացած նպաստի գումարը վճարվում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված անձին, եթե նպաստը ստանալու համար նա դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո 12 ամսվա ընթացքում:

10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է`

ա) երեխայի 2 տարեկանը լրանալուամսվան հաջորդող ամսվա 1-ից.

բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու.

գ) ծնողի աշխատանքի վերադառնալու.

դ) ծնողի աշխատանքից ազատվելու.

ե) երեխայի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու.

զ) երեխայի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

11. Երեխայի խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 5

 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 25. Քաղաքացիների պատասխանատվությունը

Նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից, իսկ ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման:

Հոդված 26. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: