Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 382.2-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«2. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր հաղորդած տեղեկության ճշմարտացի չլինելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել ու պայմանավորվել է
«Հայաստանի Հանրապետության քրեական օրեսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Խ-221-11.07.2019 նախագծի ընդունմամբ՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացվեց 338.2 հոդվածով հետեւյալ դիսպոզիցիայով. «Նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը»:
Նշված նախագծով լրացվեց հետեւյալ սանկցիան. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկու տարի ժամկետով:»
Վերը նշվածից պարզ է, որ հանցակազմի օբյեկտը արդարադատության բնագավառում ծագող հասարակական հարաբերությունների պաշտպաննությունն է, օբյեկտիվ կողմից արարքը դրսեւորվում է ակտիվ գործողություններով, սուբյեկտիվ կողմից՝ դիտավորությամբ:
Սանկցիայից պարզ է, որ հանցագործության տեսակը ոչ մեծ ծանրության է եւ նույնանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 338.1 հոդվածով նախատեսված սանկցիայի հետ:
Վերոշարադրյալի վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը երկու արարքներն էլ գնահատել է նույն վտանգավորությամբ:
Օրենսգրքի 338.1 հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը սահմանել է պատասխանատվությունից ազատող նորմ, որը կիրառվում է այն դեպքում, երբ անձի բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում եւ այն վերաբերելի է միայն երդմամբ հաստատված հայտարարությանը:
Այսինքն, օրենսդիրը նշված վերջին դեպքերում արարքը դիտարկում է նվազ կարեւոր:
Ելնելով այն հանգամանքից, որ նույն վտանգավորությամբ գնահատված հանրորեն վտանգավոր մի արարքի համար օրենսդիրը չի կարող սահմանել պատասխանատվությունից ազատող նորմ, մյուսի համար՝ ոչ, անհրաժեշտ է կատարել սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքներում լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանոք՝ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ