Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 375-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով.
«3. Անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ նշվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:»:
Հոդված 2.
Օրենսգրքի 377-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 377. Երաշխավորի պատասխանատվությունը
1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով եւ միաժամանակ առկա է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը`
1) երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, զավակը, ամուսինը.
2) երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից.
3) երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն:
Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.
4) երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր եւ երաշխավորությամբ ստացվող միջոցներն ուղղված են այդ համատեղ գործունեությանը (համատեղ գործունեության պայմանագրի կատարմանը):
2. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, եթե իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:
3. Երկու կամ ավելի անձանց կողմից համատեղ երաշխավորություն ստանձնելիս պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում պարտատերն իրավունք ունի ամբողջ ծավալով կամ մասամբ իր պահանջը ներկայացնել ինչպես պատասխանատվություն կրող բոլոր երաշխավորներին, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին իր նախընտրած հերթականությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համատեղ երաշխավորներից մեկը պարտապանի առջեւ կրում է համապարտ, իսկ մյուսը` սուբսիդիար պատասխանատվություն: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է առաջին հերթին պահանջ ներկայացնել պարտապանի առջեւ համապարտ, իսկ հետո` սուբսիդիար պատասխանատավություն կրող երաշխավորներին:
4. Սույն հոդվածի իմաստով երաշխավորի սուբսիդիար պատասխանատվությունը նշանակում է, որ պարտապանի կողմից պարտատիրոջ առջեւ իր պարտականությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում պարտատերը երաշխավորին պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե պարտապանը չի բավարարել պարտատիրոջ պահանջը եւ սպառվել են պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները:
Սույն մասի իմաստով` պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները սպառված են համարվում հետեւյալ պայմաններից առնվազն մեկի առկայության դեպքում`
1) պարտապանը ճանաչվել է սնանկ.
2) առկա է հարկադիր կատարողի որոշումը կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ` պարտապանի գույքի բացակայության կամ անբավարության կամ պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով.
3) պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ պարտապանի պարտավորությունների կատարման համար:
5. Երաշխավորը պարտատիրոջ առջեւ պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը եւ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետեւանքով առաջացած պարտատիրոջ այլ վնասները հատուցելը` պահպանելով սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, եթե պատասխանատվության ավելի փոքր ծավալ նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով: Ընդ որում` եթե պարտապանի պարտավորության ծավալը որեւէ հիմքով, այդ թվում` պարտավորությունների մորատորիումի (սառեցման) հիմքով նվազում կամ դադարում է աճել, ապա երաշխավորի պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում կամ դադարում է աճել:
6. Երաշխավորի պարտավորության չափը չի կարող գերազանցել պարտապանի պարտավորությունը, եւ երաշխավորության պայմանագիրը չի կարող կնքված լինել ավելի վատթար պայմաններով, քան երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ պայմանագիրը:
7. Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում ոչ ուշ, քան դրա հաջորդ աշխատանքային օրը պարտատերը պարտավոր է այդ մասին ծանուցել երաշխավորին: Եթե պարտատերն սույն մասում նշված ժամկետում չի ծանուցում երաշխավորին, ապա պարտատերն իրավունք չունի երաշխավորից պահանջել երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետեւանքով առաջացած տոկոսները, առաջացող տույժերը, տուգանքները եւ(կամ) կատարել այլ վճարներ, որոնք առաջացել են պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու օրվանից` մինչեւ երաշխավորին այդ մասին ծանուցում ուղարկելը:
8. Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջ ներկայացվելու դեպքում երաշխավորը պարտավոր է կատարել իր պարտականությունն այդ պահանջը ներկայացվելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջով երաշխավորի կողմից պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: Ընդ որում` երաշխավորը պարտավոր է սույն մասով սահմանված ժամկետում կատարել պարտատիրոջ պահանջը, եթե պարտատերն ունի այդ պահանջը ներկայացնելու իրավունք:»:
Հոդված 3.
Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից» բառերը:
Հոդված 4.
Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաեւ առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում (դադարում է միայն փոփոխված մասով), որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետեւանքների: Ընդ որում, երաշխավորի համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր անգամ, երբ կատարվում է նրա պատասխանատվությունը մեծացնող կամ իր համար այլ անբարենպաստ հետեւանքներ առաջացնող փոփոխություն, իսկ երաշխավորության պայմանագրի այն պայմանը, որով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս իր պարտավորությունը նման ձեւով փոփոխելուն, համարվում է առ ոչինչ.»:
Հոդված 5.
Օրենսգիրքը լրացնել նոր 382.1-ին հոդվածով.
«Հոդված 382.1. Պարտապանի կամ երաշխավորի մահը
1. Երաշխավորի կամ պարտապանի մահվան դեպքում երաշխավորության պայմանագիրը դադարում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Պարտապանի մահվան դեպքում երաշխավորոթյան պայմանագիրը չի դադարում, եթե երաշխավորը հանդիսանում է պարտապանի ծնողը, զավակը, ամուսինը, բացառությամբ այն դեպքի, երբ պարտապանի ծնող, զավակ կամ ամուսին հանդիսացող երաշխավորին իրավահաջորդության կարգով անցնում է պարտապանի` երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը:»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո առաջացող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով կարգավորումները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների նկատմամբ` անկախ երաշխավորության պայմանագիրը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված լինելու հանգամանքից:
4. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող երաշխավորության պայմանագրում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է որեւէ պայմանի փոփոխություն, ապա փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ երաշխավորության պայմանագրի պայմանները, այդ թվում` երաշխավորի պատասխանատվությանը վերաբերող մասով, ամբողջությամբ համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին: Սույն մասով նախատեսված դեպքերում երաշխավորության պայմանագրի պայմանները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում, երաշխավորության պայմանագիրը համարվում է անվավեր: