Armenian ARMSCII Armenian
Պ-324-23.10.2019,02.12.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի իններորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«շրջիկ առեւտրի կետեր` ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլներ եւ (կամ) դրանց կցորդներ.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-5.4-րդ հոդվածներով.

«Հոդված 5.2.   Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայության մատուցումը

1. Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երեւանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա:

Թույլտվության տրամադրումը մերժվում է սույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում: Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Թույլտվության տրամադրման եւ մերժման կարգը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:

2. Շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները եւ գործունեության իրականացման թույլատրելի  ժամերը, ինչպես նաեւ  վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանվում են Երեւան համայնքի ավագանու որոշմամբ:

Շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երեւանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով մինչեւ երեք օր ժամկետով: Միաժամանակ  դրանց հատկացման տեւողությունը չի կարող գերազանցել  օրական 14 ժամը եւ առավելագույնը մինչեւ ժամը 23:00-ն:

3. Շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում եւ համապատասխան նշանով կահավորվում են Երեւանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով:

Նշված վայրերում  կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առեւտրի կետերը, որոնք շրջիկ առեւտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը պարտավոր են ազատել սահմանված ժամը լրանալուց հետո:

4. Շրջիկ առեւտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների սանիտարական կանոններին եւ նորմերին համապատասխան անվտանգությունը եւ որակը պահպանելու համար:

5. Երեւան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից եւ (կամ) դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ որեւէ ծառայություն մատուցելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,  արգելվում է:

Հոդված 5.3.  Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը

1. Տեսուչն իրավունք ունի սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված վայրերում կայանած շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե՝

1) շրջիկ առեւտրի կետը չունի սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվություն, կամ շրջիկ առեւտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առեւտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը.

2) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը  անհապաղ չի ազատում տարածքը կամ բացակայում է նշված տարածքից:

Շրջիկ առեւտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առեւտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաեւ սահմանված ժամը լրանալուց հետո:

2. Շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

3. Տեսուչը կազմում է շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում  կամ ուղարկում է շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում, եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաեւ համապատասխան հայտարարություն է տեղադրվում www.yerevan.am կայքում:

4. Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով եւ ժամերով՝ սկսած հատուկ տարածք այն տեղափոխելու պահից:

5. Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:

6. Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու եւ այնտեղ պահպանելու համար գանձվում են վճարներ, որոնց չափը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:

7. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում է այդ մասին արձանագրություն կազմելուց հետո հատուկ տարածք տեղափոխման եւ պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

8. Շրջիկ առեւտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան ապացույցներով հիմնավորելու պարտավորություն:

Հոդված 5.4.  Երեւան համայնքի վարչական տարածքում շրջածախ առեւտուր իրականացնելը

1. Երեւան համայնքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առեւտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երեւանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ՝ վարչական շրջանի ղեկավարը:

2. Շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առեւտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները եւ շրջածախ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունը «մասով» բառից հետո լրացնել «, 5.2-րդ հոդվածի 1-4-րդ մասերով եւ 5.3-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Երեւան համայնքի ավագանին սույն օրենքի 2-րդ հոդվածի 1.1-ին կետով նախատեսված  թույլտվության տրամադրման կամ մերժման կարգ սահմանում, իսկ 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում: