Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 88-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.
«4.1. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ երկամսյա ժամկետում, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում հրաժարականն ընդունված համարվելու արդյունքում լիազորությունները դադարելուց հետո մինչեւ Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը ստանում են կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը:
4.2. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, միաժամանակ սույն հոդվածի 4-րդ եւ 4.1-ին մասերով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու դեպքում հրաժարական ներկայացնելու դիմումում նշում են, թե որ մասով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքից են օգտվում: Այդ նշումը չկատարվելու դեպքում օգտվում են սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված իրավունքից:
4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված՝ Օրենքի 88-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացվելու մասով գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ երկամսյա ժամկետում:
3. Եթե Օրենքի 88-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված ժամկետում վաղ կենսաթոշակի անցնելու նպատակով հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի ավելի քան երեք դատավոր, ապա
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու՝ Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում: