Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1161-05.06.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի, ՀO-320 օրենքի 36-րդ հոդվածը լրացնել 1.1.եւ1.2. մասերով հետեւյալ բովանդակությամբ`

1. «1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ` քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր: Տվյալ իրավական ակտերով պետք է սահմանվեն նաեւ այդ իրավական ակտերը հայերենով ընդունելու ժամկետները:»:

2. «1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ` քաղաքացիական ավիացիայի եւ ատոմային էներգիայի բնագավառների լիազոր պետական կառավարման մարմիններն իրենց բնագավառների վերաբերյալ կարող են ընդունել օտար լեզվով ներքին իրավական ակտեր եւ այդ իրավական ակտերի դրույթները պետք է տարածվեն միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտակատությունների մեջ մտնում է տվյալ օտար լեզվի իմացությունը: Տվյալ իրավական ակտերով պետք է սահմանվեն նաեւ այդ իրավական ակտերը հայերենով ընդունելու ժամկետները:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի նիստի թիվ 9 արձանագրության 4-րդ կետի հանձնարարականի: