Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում քրեակատարողական ծառայության (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) մարմինների եւ հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության, որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի`
1) 3-րդ մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, իսկ երկրորդ պարբերության «պետական» բառը փոխարինել «հանրային» բառով.
2) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասից հանել «ծառայությունում» բառը.
4) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայութան կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների եւ ներքին անվտանգության ստորաբաժանումներում.»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «սույն օրենքից,» բառերից հետո լրացնել «Հանրային ծառայության մասին» օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից,» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Քրեակատարողական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով:».
3) լրացնել 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
5. Քրեակատարողական ծառայողների բարեվարքության համակարգի եւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քրեակատարողական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
6. Սույն օրենքով քրեակատարողական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են քրեակատարողական ծառայության պետի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը քրեակատարողական ծառայության պետի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները եւ քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը
1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով` բարձրից ցածր:
2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է քրեակատարողական ծառայության պետը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Քրեկատարողական ծառայության պետը եւ նրա տեղակալները համարվում են քրեակատարողական ծառայության պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում քրեկատարողական ծառայության պաշտոնների անվանացանկում:
3. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի`
1) 1-ին մասից հանել « - արդարադատության գեներալ-լեյտենանտ» եւ «- արդարադատության գեներալ-մայոր» բառերը.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Քրեկատարողական ծառայության պետին եւ նրա տեղակալներին շնորհվում են արդարադատության գեներալ-լեյտենանտ եւ գեներալ-մայոր կոչումները: Արդարադատության գեներալ-լեյտենանտ եւ գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը: Վարչապետը քրեակատարողական ծառայության պետի տեղակալին արդարադատության կոչումը շնորհում է համապատասխան նախարարի առաջարկությամբ:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետը եւ «ա» եւ «բ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի`
1) 3-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
1. Սույն օրենքով սահմանված կարգով քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրա 30 տարին` բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի: Քրեակատարողական ծառայությունում միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաեւ սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
3. Քրեակատարողական ծառայություն դիմած եւ քրեակատարողական ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո, մինչեւ պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները եւ դաընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
4. Քրեակատարողական ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:»:
Հոդված 9. Օրենքը լրացնել 14.1 հոդվածով.
«Հոդված 14.1. Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Բացառությամբ քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների եւ քրեակատարողական հիմնարկի պետերի պաշտոնների` քրեակատարողական ծառայության մյուս պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, ովքեր չեն բավարարում սույն օրենքի 14-րդ, 17-րդ եւ 41-րդ հոդվածների պահանջները:
4. Քրեկատարողական ծառայողների առաջխաղացումը կատարվում է սույն օրենքով սահմանված մրցույթով:»:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 4-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու պայմանները, քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները»
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« 1. Քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի` քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն եւ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն եւ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:».
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոն կամ առնվազն երեք տարի` քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն եւ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:».
4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի` առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:»
5) Օրենքի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի միջին խմբի պաշտոն, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:».
6) 5-րդ մասից հետո լրացնել 5.1-ին մասով.
«5.1. Քրեակատարողական ծառայության միջին եւ կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:».
7) 6-րդ մասում «ծառայության» բառից հետո հանել «բարձրագույն» բառը.
8) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաեւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:
Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաեւ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Փորձաշրջանի նշանակումը եւ անցկացումը
1. Քրեակատարողական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 13. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ»:
Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Քրեակատարողական ծառայողի կատարողականի գնահատումը
1. Քրեակատարողական ծառայողի կատարողականի գնահատման եւ վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:».
2) 2-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու եւ գործադրելու (կիրառելու) հրազեն եւ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:
Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածի`
1) 1-ին մասի երրորդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մասով.
«1.1. Քրեակատարողական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:».
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետին եւ նրա տեղակալներին» բառերով:
Հոդված 18. Օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Քրեակատարողական ծառայողի իրավունքները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, քրեակատարողական ծառայողների հիմնական իրավունքներն են`
1) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
2) կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.
3) պաշտոնի նշանակման արդյունքները բողոքարկելը.
4) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են`
1) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.
2) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.
3) կարգապահական կանոնակարգը պահպանելը:
2. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերից հանել «եւ քաղաքացիական հատուկ ծառայության» բառերը.
2) 5-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 8-րդ կետից հանել «եւ քաղաքացիական ծառայողներին» բառերը.
4) 9-րդ կետից հանել «եւ քաղաքացիական ծառայողների» բառերը.
5) 10-րդ կետից հանել «եւ քաղաքացիական ծառայողների» բառերը.
6) 11-րդ կետից հանել «եւ անցկացնում» բառերը.
7) 12-րդ կետից հանել «, քաղաքացիական ծառայողներին եւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին» բառերը.
8) 13-րդ կետից հանել «կամ քաղաքացիական ծառայողի» բառերը:
Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:
Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների` քրեակատարողական ծառայողն իրավունք չունի`
1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի.
2) լինելու որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ:»:
Հոդված 22. Օրենքի 35-րդ եւ 36-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Քրեակատարողական ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Քրեակատարողական ծառայողների նկատմամաբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:
4. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը` մեկ անգամ, կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:
3. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է քրեակատարողական ծառայության պետը: Քրեակատարողական ծառայության պետի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:»:
Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդվածում.
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ծառայողական պարտականությունների կասեցումը».
2) 1-7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 24. Օրենքի 38-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 25. Օրենքի 39-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:
7) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում` համապատասխան եզրակացության հիման վրա.».
2) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.»
3) 1-ին մասի 13-րդ կետում «քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «հանրային» բառով.
4) 1-ին մասի 14-րդ կետից հանել «սույն» բառը.
5) 3-րդ մասից հետո լրացնել 4-րդ մասով.
«4. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու քրեակատարողական ծառայողի լիազորությունները:»:
Հոդված 26. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 27. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում «բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության պետի եւ նրա տեղակալների» բառերով:
Հոդված 28. Օրենքի 42-րդ հոդվածում «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերը:
Հոդված 29. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 30. Օրենքի 14.1-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 31. Օրենքը 55-րդ հոդվածից հետո լրացնել 55.1-55.3-րդ հոդվածներով.
«Հոդված 55.1. Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիր
1. Բացառությամբ քրեակատարողական ծառայության պետի եւ նրա տեղակալների պաշտոնների, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման եւ փոփոխման հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիր) քրեակատարողական ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող քրեակատարողական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:
3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնների անձնագրերը հաստատում է քրեակատարողական ծառայության պետը:
Հոդված 55.2. Քրեակատարողական ծառայողի անձնական գործը
1. Քրեակատարողական ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Քրեակատարողական ծառայողի անձնական գործը վարում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
Հոդված 55.3. Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովը
1. Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, քրեկատարողական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 32. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 14-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: